Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը Ռուսաստանի համար շատ զգայուն է․ Պուտին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը Ռուսաստանի համար համար շատ զգայուն է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԴ անվտանգության խորհրդի նիստի ժամանակ այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մեզ համար շատ զգայուն է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին», – ասել է ՌԴ նախագահը:

Ռուսաստանի ղեկավարի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ նիստին քննարկվել են Ռուսաստանի հարաբերությունները ԱՊՀ երկրների, այդ թվում` Հայաստանի և Ադրբեջանի հետ` հատկապես երկու երկրների սահմանին իրավիճակի լարման լույսի ներքո։ 

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջաբական կողմը վերսկսել էր և մի քանի օր շարունակել հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ: