Ընտրությունների արդյունքների առնչությամբ միավորված գործով զեկուցող դատավոր է նշանակվել Է․ Շաթիրյանը

Սահմանադրական դատարանի մամուլի խոսնակ Եվա Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ստորև ներկայացնում եմ 2021 թվականի հուլիսի 4-ին Սահմանադրական դատարանի կայացրած աշխատակարգային որոշումների հակիրճ բովանդակությունը։

Որոշումների ամբողջական տարբերակներին կարող եք ծանոթանալ Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի «Աշխատակարգային որոշումներ» բաժնում

1․ Հաշվի առնելով, որ «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումների հիման վրա ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի՝ նշված գործերը միավորվել են և կքննվեն դատարանի նույն նիստում:

2․ Միավորված գործով զեկուցող դատավոր է նշանակվել Է․ Շաթիրյանը։

3․ Միավորված գործի դատաքննությունը կսկսվի 2021 թվականի հուլիսի 9-ին, ժամը 11։00-ին։

4․ Միավորված գործի դատաքննությունը կանցկացվի բանավոր ընթացակարգով։ 5․ Որպես պատասխանող կողմ կներգրավվի ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ ՀՀ դատախազությունը, ՀՀ ոստիկանությունը, ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կներգրավվեն որպես հարակից պատասխանողներ։