Նախագահ Խաչատուրյանն ընդունել է Նուբար Աֆեյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հյուրընկալել է ամերիկահայ գիտնական և գործարար Նուբար Աֆեյանին:

Նախագահ Խաչատուրյանը, ողջունելով հյուրին, շնորհավորել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում ստանալու կապակցությամբ: Նուբար Աֆեյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ իր համար պատիվ է մայր ԲՈՒՀ-ի դոկտորի կոչումը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Նուբար Աֆեյանը քննարկել են Հայաստանում կրթության և գիտության զարգացման հեռանկարները: Գործարարը նախագահին է ներկայացրել նշված ոլորտներում, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք կապերի շարունակական ամրապնդմանն ու զարգացմանը միտված ընթացիկ և ապագա նախաձեռնություններն ու ծրագրերը:

Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել մեկտեղել ջանքերը հասարակական ու կրթական բազմաշերտ ծրագրերի իրականացման համար: