«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ Արմեն Խաչատրյանը
– Պարո՛ն Խաչատրյան, ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը վերաակտիվացրել նախկին նախագահներին բանավեճի հրավիրելու թեման, ինչո՞ւ է հատկապես հաճախ անդրադառնում ՀՀ առաջին նախագահին:
– Նիկոլ Փաշինյանն անհավասարակշիռ այս հոգեվիճակի մեջ չի հասկանում, որ այդ բանավեճը բավականին տևական ժամանակ է ընթանում է, ու ինքը գլխավոր հարցին տևական ժամանակ է չի պատասխանում. որտե՞ղ է 2019-ին Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած խաղաղության պլանը, ու ինչո՞ւ է մերժել այդ պլանը: Սա այդ բանավեճի գլխավոր հարցն է, ու քանի դեռ չկա այս հարցի պատասխանը, մնացած բոլոր հարցերը բովանդակազուրկ են:
Ինչո՞ւ Ադրբեջանը տևական ժամանակ խաղաղություն պահպանելուց, մասնավորապես, ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո, տևական ժամանակ սահմաններին հարաբերական անդորր պահպանելուց հետո անցավ խնդիրը զինված ուժի միջոցով լուծելուն: Անկախ նրանից, որ մենք մշտապես քննադատության թիրախում ենք պահել 98-ի հեղաշրջում կատարողներին կամ այն մարդկանց, որոնք պնդել են, թե Ղարաբաղի անկախության ճանաչումն այլընտրանք չունի, այնուամենայնիվ, մնացած մյուս բանակցողները՝ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը ու վերջինիս հետ զուգահեռ բանակցող Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանը, մենք տեսնում ենք, որ բոլորը, ըստ էության, եկել են մի եզրահանգման, որ գրավված տարածքները, խոսքը 7 շրջանի մասին է, այնուամենայնիվ, վերադարձի ենթակա են եղել, իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ նորից բանակցությունների, ճշգրտումների ենթակա:
Խոսքը մշտապես եղել է այս շրջանակների տիրույթում, իսկ երբ 2019-ին սկսվում է լրիվ նոր դարաշրջան ղարաբաղյան հակամարտության գործընթացի մեջ, երբ Հայաստանի ղեկավարը հայտարարում է Լեռնային Ղարաբաղը որպես Հայաստանի մաս, ինչը հասկացվում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը Հայաստանը միակողմանի լուծել է, ստացվում է, որ դեմ է դուրս գալիս համանախագահների կամ միջազգային հանրության ներկայացրած սկզբունքներին, ինչպես նաև մերժում է մինչև իր պաշտոնավարման ժամանակահատվածը բանակցված բոլոր սկզբունքները ու հնարավոր լուծումները: Սա ամենակարևորի մասին է, Նիկոլ Փաշինյանի կամ Նիկոլ աղետաբերի գլխավոր ձախողման բանալին այս խնդրի մեջ է:
Բանավեճի առարկան սա է, ուրիշ թեմա չկա, մնացածը մանիպուլյացիաներ են, որոնք ընդամենը մի բանի համար են, որպեսզի փակեն այն գլխավոր թեման, որը կարող է ու պետք է լինի բանավեճի առարկան: Այնպես որ, առաջարկված պլանի բովանդակությունը, այն մերժելու հիմնավորումները ու դրա հետևանքով Հայաստանի վզին փաթաթած ծանր պատերազմն են բանավեճի հիմնական առարկան, ու դրա շուրջ արդեն տևական ժամանակ է՝ բանավեճն ընթանում է:
– Ըստ ձեզ՝ ինչու՞ Նիկոլ Փաշինյանը չի հրապարակում առաջին նախագահի առաջարկած փաստաթղթերը:
– Սարսափում է: Ինքն ամենալավը գիտի, թե ի՛նչ է առաջարկվել, ու ինչի մերժման հետևանքով է ինքը Հայաստանը տարել այս ստորացուցիչ պարտությանը, ինչու է Հայաստանը դարձել Ադրբեջանի կամակատար: Ինքը շատ լավ գիտի, թե այս ամենն ինչի հետևանք է, իսկ մյուս նեյնիմները արդեն անիմաստ են: Նիկոլ Փաշինյանն ատում է մեր հաղթանակները, որովհետև հաղթանակի ու պարտության այդ կոնտրաստի մեջ երևում են իր ոչնչությունն ու տգիտությունը:
– Պարո՛ն Խաչատրյան, իշխանության ներկայացուցիչներից ոմանք արդեն սկսել են Լևոն Տեր-Պետրոսյանին ու Ռոբերտ Քոչարյանին նույնացնել: Ի՞նչ նպատակով է դա արվում:
– Որպեսզի իրենք դուրս չմնան Նիկոոլ Փաշինյանի ստեղծած կոմֆորտ զոնայից, ստիպված են ինչ-որ տեքստեր երկնել: Այդ «մտքերն» այնքան սնանկ են բոլոր առումներով, որ դրանք մեկ կոպեկի արժեք չունեն: Նրանցից մեկը գրում է, թե Տեր-Պետրոսյանը Նիկոլին մեղադրում է պատերազմ բերելու մեջ, սա տգիտության մաստեր կլաս է:
Պատերազմը 2020 թվականին չի սկսվել, այն շատ վաղուց է սկսվել, 1994 թվականի հրադադարը պատերազմի ավարտ չի եղել, դա եղել է մեզ համար շատ շահավետ ու հաղթական դիրքերի վրա պատերազմը կանգնեցնելու ակտ, որից հետո սկսվել է պատերազմն ավարտելուն ուղղված դիվանագիտական աշխատանք, իրենք սա էլ չեն հասկանում:
Մենք ասում ենք, որ նա իր գործողություններով ընդհատեց խաղաղ կարգավորման գործընթացը ու ռազմական ճանապարհով խնդրի լուծումը դարձրեց իր միակ տարբերակ: Իրենք բովանդակություն չունեն, Նիկոլ Փաշինյանն առ այսօր չի տիրապետում Ղարաբաղի հարցին, իր գրառումներն են դա վկայում, հաջորդ գրառումով ասելու է, թե ի՞նչ իրավունք ունեին արցախցիներն այդ հողում ապրելու, որովհետև նա չգիտի, որ Արցախյան շարժման գլխավոր խնդիրն այն է, որ Ադրբեջանական ԽՍՀ-ից սկսած այնպիսի հայատյաց քաղաքականություն էր վարվում, որ ԼՂԻՄ-ում հայերի ապրելն արդեն դարձել էր վտանգավոր, տնտեսապես էլ անբարենպաստ, ու Ղարաբաղյան շարժումը ծագել էր այս դժգոհությունների ֆոնին։
Քանի որ իրենք տգետ են և ցանկանում են իրենց վրայից հանել իրենց բերած աղետի մեղավորությունը, մեղադրում են Հայաստանի ղեկավարին, որ ապահովել է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունը որևէ ճանապարհով: Լևոն Տեր-Պետրոսյանը չի սկսել Ղարաբաղյան շարժում, այն սկսվել է նրա իշխանության գալուց երկու տարի առաջ ու «Ղարաբաղ» կոմիտեում հայտնվելուց 7-8 ամիս առաջ կամ գուցե ավելի: Այնպես որ, իրենք այդ մասով էլ են տգետ ու խաբեբա: Տգետ են, որովհետև չեն սովորել պատմություն, խաբեբա են, որովհետև այսքան ասելուց հետո շարունակում են իրենց չիմացածը ներկայացնել որպես իրականություն:
Նիկոլ Փաշինյանի առաջին կառավարման ընթացքում մենք ունեցել ենք այդ սարասափելի պարտությունը, երկրորդ կառավարման ընթացքում՝ հայրենիք ենք կորցրել: Հիմա այս հարցադրումները պետք է հասարակության գլխավոր ասելիքն ու քննարկելիքը լինեն, ու մարդիկ պետք է հասկանան՝ քվեարկում են այն մարդու օգտին, որը պերմանենտ փորձանքի է բերում մեր ազգին, թե քվեարկելու են այն մարդկանց օգտին, որոնք նախկինում չեն արել նման բան, երկրորդ՝ պատրաստ են երկիրն այս անդունդից հանել:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















