Եթե բավականաչափ հետ գնանք, չենք տեսնի Սևան անվանումը, փոխարենը կտեսնենք Գեղամա ծով. Ռուբինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը արձագանքել է Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե պատմական քարտեզներում Սևան անվանումով լիճ չկա, այլ նշված է Գյոյչա։

Ռուբինյանը նշել է.

«Եթե բավականաչափ հետ գնանք, ինչ-որ մի կետում իրոք հին քարտեզներում չենք տեսնի Սևան անվանումը։ Փոխարենը կտեսնենք Գեղամա ծով կամ Գեղարքունյաց ծով։ Ու չենք տեսնի Ադրբեջան։ Բայց հետ գնալու իմաստ չկա ընդհանրապես։ Պետք է գնալ առաջ։ Օգոստոսի 8-ի հռչակագրի ամբողջ իմաստը հենց դա է»։

Ալիևն ավելի վաղ հայտարարել էր, որ «պատմական քարտեզների վրա Սևան անվանումով լիճ չկա, այն նշված է որպես Գյոյչա»՝ հավելելով, թե Հայաստանի ներկայիս տարածքի տեղանունների մեծ մասը ադրբեջանական ծագում ունեն։

Ռուբինյանի արձագանքը հնչել է Ադրբեջանի նախագահի այս հայտարարություններից հետո՝ ընդգծելով, որ Հայաստանը պետք է շարժվի ապագայի ուղղությամբ, ոչ թե անցյալի վեճերի։