Առասպելաբանություն` Ասոցացման համաձայնագրի շուրջ

Առասպելաբանություն` Ասոցացման համաձայնագրի շուրջ
Առասպելաբանություն` Ասոցացման համաձայնագրի շուրջ

Երևանի մամուլի ակումբի՝ Հայաստանի ինտեգրացիոն քաղաքականությանը նվիրված վերլուծական հոդվածաշարի առաջին թողարկումը ներկայացնում ենք ստորեւ:

Մոտավորապես չորս տարի Հայաստանը բանակցություններ էր վարում Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ: Դրանք կարելի է համարել հայաստանյան նորագույն դիվանագիտության ամենահաջողված բանակցությունները: Այդ բանակցությունները որոշակիորեն հակասում են համընդհանուր այն պատկերացումներին, որ Եվրամիությունը կոշտ երկխոսություն է վարում բոլոր նրանց հետ, ովքեր իր հետ մտերմության փորձեր են անում: Դրույթների մեծ մասում, որոնք կարող էին Երևանի համար «դիսկոմֆորտ» առաջացնող պայմաններ պարունակել և կոնկրետ պարտավորությունների կատարման առումով սկզբունքային խոչընդոտներ հանդիսանալ, հայաստանյան բանակցողների թիմը բավական ճկուն ձևակերպումներ «պոկեց»:  

Համաձայնագրի հենց այդ բաժիններն էլ դարձան Ասոցացման համաձայնագրի հակառակորդների (բացահայտ կամ թաքնված) կողմից առավել ակտիվ մանիպուլյացիաների առարկա: Մասնավորապես, բազմաթիվ շահարկումներ եղան այն կապակցությամբ, որ ԵՄ-ի հետ հարաբերությունների նոր մակարդակը սահմանափակում է իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ Հայաստանի համագործակցության հնարավորությունները: Քարոզչական շրջանառության մեջ ներդրվեցին արհեստական «կամ-կամ», «ոչ-ոչ», «և-և» բանաձևերը: «Կամ-կամ» սկզբունքի պարտադրումով, չգիտես ինչու, հասկանում էին ԵՄ պաշտոնական դեմքերի հայտարարությունները՝ Մաքսային միությանն անդամակցության հետ Ասոցացման համաձայնագրի անհամատեղելիության մասին:

Ընդ որում, նման մեկնաբանությունը ժամանակ առ ժամանակ խրախուսվում էր նաև ՀՀ իշխանության ներկայացուցիչների կողմից, պնդումով, որ իրենք միշտ կողմնակից են եղել «և-և» բանաձևին, և որ իրենց զարմացնում են ինտեգրման երկու նախագծերի անհամատեղելիության մասին հայտարարությունները: Փաստորեն, հայաստանյան քաղաքական վերնախավը և նրա վերահսկողության տակ գտնվող տեղեկատվական ռեսուրսները որոշեցին «իրենց միամիտի տեղ դնել»: Իրականում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, ներառյալ երկրի մուտքը ազատ առևտրի գոտի, որևէ կերպ  չի սահմանափակում Երևանի մասնակցությունը ինտեգրացիոն ՍԻՄԵՏՐԻԿսխեմաներին: Մասնավորապես, Հայաստանը կարող էր մուտք գործել ազատ առևտրի այլ գոտիներ, այդ թվում՝ Ռուսաստանի և հետխորհրդային այլ երկրների հետ համապատասխան համաձայնագրեր կնքել: Այդ իմաստով հենց Ասոցացման համաձայնագրի պայմաններն էին թույլ տալիս լավագույնս իրագործել «և-և» բանաձևը: Եվ հենց Մաքսային միությունն է, որ իր պրոտեկցիոնիստական մեխանիզմներով բացառում է մասնակցությունը այլ ինտեգրացիոն գործընթացների՝ ստիպելով իր անդամներին «կամ-կամ» ընտրություն կատարել…

Որպես հայաստանյան հասարակության մանիպուլյացիայի շարունակություն՝ պարտադրվեց այն գաղափարը, իբրև թե «հնարավոր չէ լինել անվտանգության մի համակարգում (նկատի էր առնվում ՀՀ անդամությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը- Հեղ.), իսկ տնտեսությամբ ինտեգրվել այլընտրանքային ուղղության մեջ»: Սակայն, նախևառաջ, ոչ մի «այլընտրանքային» համակարգի Հայաստանը չէր ինտեգրվում. նա պահպանում էր, ինչպես վերևում նշվեց, Ռուսաստանի, Ղազախստանի և  Բելառուսի հետ Եվրամիության տնտեսական հարաբերությունների նույն սխեման ունենալու իր անկախությունը: Եթե Ասոցացման համաձայնագիրը ենթադրում էր ավելի բարձր չափորոշիչներ հայաստանյան արտադրանքի համար, որը ԵՄ շուկաներ ազատ  մուտքի էր հավակնում, ապա Երևանի մյուս առևտրային գործընկերները (նույն Մոսկվան, Աստանան կամ Մինսկը) դրանից միայն կարող էին շահել: Ի դեպ, համապատասխան չափորոշիչները, որոնք ընդունված են ՄՄ հիմնադիր-անդամ երկրներից մեկում՝ Բելառուսում, այսօր է՛լ ավելի բարձր են, քան ընդհանուր առմամբ ամբողջ Մաքսային միությունում… Երկրորդ՝ Մաքսային միության շրջանակներում լրջորեն քննարկվում էր Թուրքիայի անդամակցության հարցը: Իսկ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նույնիսկ համապատասխան պաշտոնական առաջարկ արեց Անկարային: Այդ դեպքում ո՞ւր մնաց Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ի ռազմա-քաղաքական դաշինքին: Թե՞ ՄՄ անդամ երկրների մայրաքաղաքներում այնքան միամիտ են, որ հնարավոր են համարում Թուրքիայի դուրս գալը Հյուսիսատլանտյան դաշինքից: Եվրամիության հետ ՀՀ ասոցացման դեմ այս «փաստարկները»՝ նախատեսված մոլորեցված լսարանի համար, այլ կերպ չես անվանի, քան՝ դեմագոգիա:

ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի Հայաստանի տարբերակում սկզբունքային կերպով հաշվի էր առնվել վերջինիս անդամակցությունը ՀԱՊԿ-ին. հենց այդ հանգամանքն էր պայմանավորել փաստաթղթի՝ անվտանգության ոլորտում համագործակցությանը նվիրված բաժնի շատ ավելի համեստ լինելը, քան ՆԱՏՕ-ի անդամակցության նկրտումներ ունեցող մյուս երեք երկրների (Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) դեպքում: Եվ Համաձայնագիրը ՀԱՊԿ-ի իր գործընկերների հետ Երևանի պայմանագրային հարաբերությունների վերանայման որեւէ նախադրյալ չէր պարունակում: 

Ինչպես նաև, ի տարբերություն վերոնշյալ երեք երկրների, Հայաստանը բանակցային գործընթացում երբեք չի դրել ԵՄ անդամակցության հեռանկարի հարցը և մտադրություն չի ունեցել Ռուսաստանի հետ իր երկկողմ հարաբերություններում կամ ԱՊՀ շրջանակներում համագործակցության մեջ փոփոխություններ մտցնել: Այլ կերպ ասած՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման դեպքում ոչ ոք Հայաստանին «ԵՄ կամ Ռուսաստան» ընտրության առջև չի դրել: Եվ առնվազն ՀՀ-ի դեպքում, ԵՄ ներկայացուցիչների կողմից հավաստիացումներն այն մասին, որ Արևելյան գործընկերությունը և Ասոցացման համաձայնագիրը Մոսկվայի շահերի և գործընկեր երկրների հետ նրա փոխհարաբերությունների դեմ չեն, առավել քան լուրջ հիմքեր ունեին: Պնդել հակառակը՝ հավասարազոր է այն կարծիքին, թե Հայաստանի սոցիալ-տնտեսական, քաղաքական զարգացումը, որպես այդպիսին, արդեն իսկ ուղղված է ռուսաստանյան շահերի դեմ: Բայց եթե այդպես է, ապա խնդիրը Հայաստանը և ԵՄ-ի հետ նրա հարաբերությունները չեն, այլ նրանք, ովքեր ձևակերպում և փորձում են իրականացնել Մոսկվայի այդօրինակ «շահերը»…

Ասոցացման համաձայնագրի հետ կապված առասպելներից մեկն էլ վերաբերում էր Հայաստանի հասարակական կարծիքի համար շատ զգայուն մի թեմայի՝ Ղարաբաղյան հակամարտությանը: Մասնավորապես, Համաձայնագրի հակառակորդներն ակտիվորեն տարածում էին տեքստում Լեռնային Ղարաբաղի՝ ազգային շահերի տեսանկյունից անընդունելի ապագա կարգավիճակին առնչվող ենթադրյալ կետի առկայության մասին կեղծիքը: Դժվար է ասել՝ ում և ինչի վրա էին հույս դրել այս սուտը հորինողները, քանի որ ցանկացած  մարդու համար, ով գոնե մի քիչ պատկերացնում է, թե ինչպես են կարգավորվում այնպիսի հակամարտությունները, ինչպիսին Ղարաբաղի խնդիրն է, պետք է որ ակնհայտ լինի, որ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ձևաչափը և բնույթը բացառում են այդ փաստաթղթում ԼՂ-ի կարգավիճակի հարցն արծարծելու հնարավորությունը: Մինչդեռ չճանաչված հանրապետության համար իրական վտանգներն առկա էին հենց Մաքսային (Եվրասիական) միության համատեքստում, ինչպես ցույց տվեց Աստանայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի 2014 թվականի մայիսի 29-ի նիստը:

Նույնիսկ Մեծամորի ատոմային էլեկտրակայանի ապագային վերաբերող հարցում, որտեղ հայկական կողմի դիրքերը խիստ խոցելի են՝ նկատի ունենալով այն վտանգները, որոնք տարածաշրջանի համար ներկայացնում է ՀԱԷԿ-ը, Ասոցացման համաձայնագրի նախագծում առավել «փափուկ» ձևակերպումներ են տրվել, քան ԵՄ և ՀՀ հարաբերությունները կարգավորող նախկին փաստաթղթերում: Համաձայնագրի տեքստում ատոմակայանի փակման հնարավորությունն ուղղակիորեն կապվում էր այլընտրանքային միջոցներով Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ապահովելու հետ:

Դե հիմա համեմատեք այս մոտեցումները՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի Հանրապետության «ինտեգրման» գործընթացի հետ…