Սուրեն Պապիկյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության ներկայացուցիչներին

Հունվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելությանը՝ Մարչին Վիդրայի գլխավորությամբ: 

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը:

Հանդիպման ընթացքում ամփոփվել է 2022 թ. դեկտեմբերին 19-ին ավարտված առաքելության գործունեությունը: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են դրա ընթացքում առաքելության և ՀՀ պաշտպանության նախարարության միջև արդյունավետ համագործակցությունը` հույս հայտնելով, որ այն արդյունավետորեն կշարունակվի նաև նոր առաքելության գործունեության ընթացքում:

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի փակումը և դրա հետևանքով ի հայտ եկած հումանիտար լուրջ մարտահրավերներ: 

Պաշտպանության նախարարը բարձր է գնահատել ԵՄ ներգրավվածությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում՝ հատկապես կարևորելով դիտորդական առաքելությունների դերը, և հայտնել է պաշտպանության նախարարության պատրաստակամությունը՝ շարունակելու բոլոր միջոցներով աջակցել ԵՄ նոր դիտորդական առաքելությանը: