Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հանդես գալով Ադրբեջանի Ազգային գիտությունների ակադեմիայի 80-ամյակին նվիրված միջոցառմանը, հայտարարել է, որ «պատմական քարտեզների վրա Սևան անվանումով լիճ գոյություն չունի, այն նշված է որպես Գյոյչա»։
Ալիևի խոսքով՝ «բավական է նայել Ռուսաստանի կայսրության կողմից XX դարի սկզբին հրատարակված քարտեզներին, որպեսզի տեսնենք, որ Հայաստանի ներկայիս տարածքի տեղանունների մեծ մասը ադրբեջանական ծագում ունեն»։
«Մենք չենք կազմել այդ քարտեզները, դրանք կազմել է ցարական Ռուսաստանը, որը ժամանակին Իրանից և Արևելյան Անատոլիայից հայերին վերաբնակեցրել է Ղարաբաղի մեր հողերում՝ փոխելու տարածաշրջանի էթնիկ և կրոնական կազմը», -ասել է Ալիևը՝ հավելելով, որ այդ քարտեզները, իր խոսքով, «ամբողջությամբ հիմնված են պատմական ճշմարտության վրա» և պետք է «հանրայնացվեն ու ուսումնասիրվեն»։



















