Վատ տարի ծիրանի բերքի համար. մինչ մասնագետները ճշտում են վնասի չափերը, հուսահատ գյուղացին ակնկալիքներ չունի

Հայաստանի արեւահամ ծիրան այս տարի շատերին անհասանելի կլինի` բերքի ծավալների կտրուկ անկման եւ դրան զուգահեռ գնաճի պայմաններում:
Ծիրանի գներն աճել են ավելի քան 3-8 անգամ, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի` 300-ի փոխարեն`  հասնելով մինչեւ 1000-2500դրամի:
«Այս տարի ծիրանի հարցը բարդ է… նման բարձր գների դեպքում շատերը չէ, որ կարող են իրենց նման շռայլություն թույլ տալ,- «Մեդիալաբին» ասում է Երեւանի կենտրոնական շուկայում` գնորդներից մեկը,-Ո՞վ է տեսել էսպիսի բան. Հայաստանում բանանն ավելի էժան է` /600-700  դրամ/, քան ծիրանը»:
Ի տարբերություն անցյալ տարվա, երբ ծիրանի բերքի առատությունից եւ գների մատչելիությունից Հայաստանի շուկաները պայթում էին, այս տարի ըստ մասնագետների ծիրանի բերքի առնվազն կրկնակի կրճատումը դժվարին իրավիճակ է ստեղծվել թե արտահանման եւ թե ներքին սպառման շուկայի համար:

Հայաստանի արեւային մրգերի այցեքարտը համարվող ծիրանը, արտահանման շնորհիվ իր կայուն տեղն ունի ռուսական եւ մասամբ էլ եվրապական շուկայում:

Ըստ Գյուղատնտեսության նախարարության վիճակագրական տվյալների, միայն անցյալ տարի օդային եւ ցամաքային ճանապարհով Ռուսաստան է արտահանվել 13,5 հազար տոննա ծիրան; Սակայն մասնագետները թերահավատ են, թե ներկա ծավալներով եւ գներով արդյոք հայկական ծիրանը կարող է մրցունակ լինել դրսում:

«Նախորդ տարվա 85 հազար տոննա ծիրանի փոխարեն այս տարի սպասվում է դրա ընդամենը 30-40 տոկոսը,-հունիսի 2-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ Գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը` հավելելով որ ըստ այդմ էլ գները բարձր  կլինեն»:

«Ծիրանի արտահանման և մթերումների հետ կապված խնդիրներ չեն ծագի,,-հույս է հայտնել նախարարը,- բայց դրա փոխարեն՝ դա վատ կանդրադառնա ներքին շուկայի վրա՝ կարձանագրվի ծիրանի գնաճ»:

Մարտի վերջին օրերին աննախադեպ ցրտերի, ինչպես նաեւ հարատեւ անձրեւների եւ կարկտահարության հետեւանքով ծիրանի այգիները, որոնք մեծամասամբ` /3071 հա/ տեղակայված են Հայաստանի Արարարտյան դաշտավայրում, ահռելի վնասներ են կրել:

«Վնասների չափի մասին ներկա պահին մենք խոսել չենք կարող, փորձագետները հանրապետությունով մեկ հաշվարկներ են կատարում եւ հուլիսին պարզ կլինի ինչ թվերի մասն է խոսքը, ինչ վնասներ են կրել այգետերերը»,-«Մեդիալաբին» ասում է ՀՀ Գյուղատենտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը:

Մինչ գյուղատնտեսության ոլորտի փորձագետները հաշվառումներ են կատարում` գյուղացու կրած վնասները ճշտելու համար, ծիրանի այգետերերը անիծում են մարտի վերջին աննախադեպ ցրտերը որոնք շատերին զրկեցին բերքից եւ բարեկեցությունից:

Չնայած կանխատեսումներին, մարտի 30-31-ին, երբ ծիրանիներն արդեն ծաղկել էին, հանրապետությունում գրանցված զրոյին մոտ ջերմաստիճանը փչացրեց ամեն ինչ: Գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության պետ Գառնիկ Պետրոսյանն ասում է, որ ջերմաստիճանի անկումն այնքան խորն էր, որ նույնիսկ մասնագիտական խորհուրդներն այս դեպքում ոչ մի օգուտ չտվեցին, ինչն էլ առիթ հանդիսացավ մեծ կորուստների:

«Մենք չգիտենք թե ինչ ենք անելու, նայում եմ այգուս ծառերին ու ուզում եմ հոնգուր հոնգուր լաց լինեմ,- «Մեդիալաբին» ասում է Արարատի մարզի Ջրաշեն գյուղի ծիրանի այգետեր` Մարգո Վարդանյանը,- Եղածն էլ կարկուտից ու անձրեւից փչացել է, առողջներն էլ վատ տեսք ունեն, այսինքն արտահանման համար անպիտանի են»:

Նա ասում է, որ անցյալ տարի իր 1 հա ծիրանի այգուց ստացել է մոտ 22 տոննա բերք, իսկ այս տարի 1 տոննայի ակնկալիք էլ չունի: Վարդանյանը նշում է, որ այգու վերամշակման համար բանկից ավելի քան 1  միլիոն դրամ վարկ են վերցրել:

«Մեզ մնում են միայն մեր մեծ վարկերը ու դատարկ պարտքերը: Չգիտենք էլ ոնց ենք ապրելու-ասում է նա,-գոնե պետությունը որպես օգնություն սառեցներ մեր վարկերը մինչեւ եկող տարվա բերքահավաք»:

Մի այլ այգետեր ասում է, որ ինքը 1 տոննայի ակնկալիք էլ չունի:

«Կարկուտը փչացրել է իմ այգու ողջ բերքը, ծառերին իսկի մի տերեւ էլ չի մնացել, ե՞ս ինչ ասեմ:- «Մեդիալաբին» ասում է նա,-Մենք ու մեր գլուխը: Ո՞ւմից ինչ ուզենք»:

Փոխնախարար Սամվել Գալստյանն ասում է, որ այս պահին խոստումներ տալու ժամանակը չէ: Նա հավատացնում է,  որ հուլիսին վնասի չափերը ճշտելուց հետո ներկայացնելու են կառավարություն: Շեշտելով, թե անկանխատեսելի բնակլիմայական վնասներից ոչ մեկն ապահովագրված չէ, նա ասում է, որ կառավարության հնարավոր աջակցության մասին կկարողանան խոսել միայն աշխատանքներն ավարտելուց հետո:

«Մենք դեռեւս չգիտենք թե արդյոք գյուղացիներին կառավարությունը կկարողանա աջակցություն ցույց տալ թե ոչ, եւ պետք է միայն սպասենք»,-ասում է Գալստյանը:

Սակայն գյուղացիների մեծ մասն առանձնապես ակնկալիքներ չունի:

«Անցյալ տարիներին այս ժամանակահատվածում մեր այգիներում  եռում էր առեւտուրը, իսկ հիմա մենք անգործ ենք ու ոչ էլ ակնկալիքներ ունենք,-ասում է Էջմիածնի «ծիրանանոցների» սեփականատերերից մեկը` մատնացույց անելով անորակ ու խալավոր ծիրանը-Պիտի գոյատեւենք մինչեւ մյուս տարի, որ տեսնենք ինչ ենք անում: Բայց հարց է` կկարողանանք, թե՞ ոչ»:

© Medialab.am