«Արդեն երեք ամիս է՝ գլխավոր շտաբը ղեկավար չունի, և սա ավելին է, քան կադրային ճգնաժամը». Նորայր Նորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը

– Պարո՛ն Նորիկյան, արդեն երեք ամիս է՝ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը թափուր է: Ըստ ձեզ՝ չկա՞ համապատասխան թեկնածու, չկա՞ն կադրեր, թե՞ այլ խնդիր կա, որ այդ պաշտոնը երկար ժամանակ է՝ ինչ թափուր է:

– Ես չեմ կարող այդ հարցին միանշանակ պատասխան տալ, թե ինչ պատճառով գլխավոր շտաբի պետ չի նշանակվում: Բայց ես կարող եմ որոշակի համեմատություններ անել՝ արձանագրելու համար, որ կադրային ճգնաժամը և Նիկոլ Փաշինյանի կողմից վարվող կադրային քաղաքականությունը ուղղակի լրջագույն մարտահրավեր են մեր պետական քաղաքականության արդյունավետության ապահովման համար: Դա լուրջ մտորելու տեղիք է տալիս:

Կհիշեք՝ Վալերի Օսիպյանին ու Արթուր Վանեցյանին իրենց պաշտոններից ազատելուց հետո երկար ժամանակ նշանակումներ չէին կատարվում, և այդ պաշտոններում պաշտոնակատարներն էին պաշտոնավարում:

Ճիշտ եք՝ արդեն երեք ամիս գլխավոր շտաբը ղեկավար չունի, և սա ավելի է, քան կադրային ճգնաժամը: Սա նշանակում է, որ առհասարակ չկա որևէ հայեցակարգ, թե ինչ մոդելի բանակ է Հայաստանը կառուցում այս իշխանությունների օրոք, և այդ գլխավոր շտաբի նոր պետն ինչ առաքելություն պետք է իրականացնի, ինչպիսի բանակ պետք է ձևավորի ու ղեկավարի:

Եթե համապատասխան կադրեր չկան, շատ վատ է: Շատ վատ է, որ չկա այն բարձրաստիճան զինվորականը, այն անհատը, որը կարող է այս ծանր ժամանակահատվածում ղեկավարել զինված ուժերը:

Հայաստանում, բարեբախտաբար, կան շատ լավ պատրաստված զինվորականներ, որոնք այսօր չգիտես ինչու կա՛մ անտեսված են, կա՛մ ուշադրությունից դուրս են: Բայց ես խորապես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանը և նրա ղեկավարած կառավարությունը պետք է ուղղակի կարողանան նոր անձով հստակ ուղերձ բերել մեր երկրին, թե ինչպիսին է պատկերացնում առաջիկա տարիներին Հայաստանի զինված ուժերն ընդհանրապես:

– Պարո՛ն Նորիկյան, դուք ասում եք՝ զինվորականների շրջանում կան արժանի անձինք, բայց գուցե իշխանությունը չունի վստահություն այդ անձանց նկատմամբ՝ հաշվի առնելով ԳՇ նախկին երկու պետերի հետ կապված դառը փորձը. մեկի նկատմամբ քրգործ հարուցվեց, մյուսը պատերազմից հետո միացավ ընդդիմությանը:

– Գիտեք՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը բացառիկ պաշտոններից, ծառայություններից է, որի դեպքում պետք է առաջնորդվել ոչ թե անձնական պատկերացումներով, այլ՝ բացառապես պետական շահով, ձևավորված անվտանգային միջավայրի մասին պատկերացումներով և այն առանձնահատկություններով, որ տվյալ անձը, անկախ իր նկատմամբ ունեցած այս կամ այն վերաբերմունքից, ունի անհրաժեշտ կամային հատկանիշներ պատմական այս ժամանակահատվածում զինված ուժերը գլխավորելու համար:

Ձեր ասած տրամաբանությամբ հնարավոր չէ որևէ մեկի նկատմամբ ունենալ 100 տոկոսանոց վստահություն: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարների նկատմամբ ունե՞ր վստահություն, չորս տարում չորս պաշտպանության նախարար է փոխել:

– Վերջնարդյունքում կանգ առան այդ պաշտոնում քաղաքական անձի վրա, և նախարար նշանակվեց իշխող կուսակցության առաջնային դեմքերից մեկը:

– Դե ուրեմն, եկեք բոլորին մեղադրենք, բացի Նիկոլ Փաշինյանից: Այդպե՞ս անենք, այս լոգիկա՞ն է: Այդպես չի լինում, որ բոլորն ունեն թերություններ, իսկ նշանակողը անթերի է, անխոցելի ընտրություններ է կատարում: Խնդիրը հետևյալն է՝ Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը ինչպիսի՞ պատկերացում ունեն բանակի մասին, ի՞նչ մոդելի բանակ են պատկերացնում կառուցել:

– Իշխանական թևից ասում են, որ ԳՇ պետի տեղակալը կարողանում է կատարել իր պարտականությունները, և մեծ հաշվով տարբերություն չկա՝ ԳՇ պետ կա՞, թե՞ չկա: Ինչպե՞ս կարող եք անդրադառնալ այդ հայտարարություններին:

– Ձևական առումով, այո՛, պարտականությունները կարող են կատարվել տեղակալի կողմից: Մեր օրենսդրությունը կարգավորում է այդ խնդիրը: Իմ խորին համոզմամբ՝ գլխավոր շտաբի պետի հաստիքը և անձը ոչ թե ձևական պաշտոն է, որը պետք է զբաղեցված լինի, այլ հստակ առաքելություն է, դա ուղերձ է, թե Հայաստանի զինված ուժերը ինչ կոնցեպտով են զարգանում և գործունեություն ծավալում: Այդ անհատից շատ բան է կախված լինելու, այդ անհատը ինչպես է պատկերացնում բանակի առաջիկա տարիների զարգացումը:

– Եվ, պարո՛ն Նորիկյան, վերջին հարցը՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի մասին: Մինչև այդ հանձնաժողովի ստեղծումը դուք ակտիվ քննարկումների մեջ էիք դրա ձևաչափի վերաբերյալ: Հիմա որևէ կերպ ներգրավվա՞ծ եք այդ հանձնաժողովի աշխատանքներին:

– Այդ մասին առաջիկա օրերին ավելի ընդարձակ կանդրադառնամ: Այդ թեմայի վերաբերյալ եկեք սահմանափակվենք այսքանով:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am