Կոալիցիա՝ լինել թե չլինել. հետընտրական քաղաքական պասիվ վիճակը Հայաստանում կշարունակվի առնվազն մինչեւ մայիսի 24-ը

Կոալիցիա՝ լինել թե չլինել. հետընտրական քաղաքական պասիվ վիճակը Հայաստանում կշարունակվի առնվազն մինչեւ մայիսի 24-ը
Կոալիցիա՝ լինել թե չլինել. հետընտրական քաղաքական պասիվ վիճակը Հայաստանում կշարունակվի առնվազն մինչեւ մայիսի 24-ը

Հայաստանյան նախընտրական՝ քննադատող, հավատացնող ու խոստումնախեղդ անող ակտիվությանը արդեն երկու շաբաթ շարունակ փոխարինում է հետընտրական տեւական ու լուռ պասիվությունը:
Քաղաքական օրակարգի հիմնական թեման կոալիցիա կազմել-չկազմելն է, իսկ քաղաքագետների գնահատականները՝ զուսպ են ու բազմանշանակ:

 

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը հետընտրական վիճակը համարում է շոկային: Ըստ նրա` քաղաքական խմորումների այս փուլում պասիվ վիճակ է, ոչ ոք որեւէ բանի չի արձագանքում, իսկ լուրջ ակնկալիքների մասին խոսելը դեռեւս տեղին չէ.

«Հասարակության կողմից ամենասիրված քաղաքական գործիչը եղել է Կարեն Դեմիրճյանը, ով, դաշինք կազմելով Վազգեն Սարգսյանի հետ, հավաքեց 450 հազար ձայն, մինչդեռ հանրապետականները առանց մեծ աղմուկ հանելու պաշտոնապես հավաքեցին 660 հազար ձայն»:

«Իշխանական ուժերը նոր հեղափոխական տեխնոլոգիաների կիրառմամբ կարողացան այդքան ձայն հավաքել եւ շոկային թերապիայի մեջ գցել բոլոր քաղաքական ուժերին: Այս իսկ պատճառով ոչ մեկ այսօր չի արձագանքում, քանի որ դա էլ է պրոբլեմատիկ: Արձագանքելու համար փաստեր են պետք, իսկ առանց դրա ոչ ոք չի կարող խոսել»,- հավելում է Բոզոյանը:

Հավաքած ձայների քանակով երկրորդ տեղում գտնվող Բարգավաճ Հայաստան կուսակցության (ԲՀԿ) անդամ Նաիրա Զոհրաբյանը նշում է, որ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ կուսակցությունն իր գնահատականը կտա այն ժամանակ, երբ հարմար գտնի, իսկ կոալիցիա կազմելու մասին դեռեւս հստակ որոշում չի կայացվել:

«Անձամբ ես կարծում եմ ճիշտ չի լինի, որ ձեւավորվի կոալիցիա, քանի որ քաղաքական ուժերից մեկն արդեն մեծամասնություն է կազմում խորհրդարանում, եւ քաղաքական նորմերից ելնելով ճիշտ կլինի, որ նա վարի իր միանձնյա իշխանությունը»,- «Մեդիալաբին» ասում է Զոհրաբյանը:

Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը նույնպես վաղաժամ է համարում կոալիցիայի` մասնավորապես ԲՀԿ մասնակցությամբ, լինել-չլինելու վերաբերյալ մեկնաբանություն ներկայացնելը:

«Կլինի կոալիցիա, չի լինի, ինչ կազմով. պարզ կդառնա այս շաբաթվա երկրորդ կեսին՝ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում՝ մայիսի 24-ին: Այսինքն, ինչպես եւ նշել էի Գործադիր մարմնի նախորդ նիստից հետո, այս մասին՝ հաջորդ դասին»,- մանրամասնում է նա:

ՀՀԿ խոսնակն ընդգծում է, որ կոալիցիայի կազմավորման դեպքում այն պետք է լինի միասնական ծրագրի եւ «նախագահ Սերժ Սարգսյանի անձի» շուրջ:

Միեւնույն ժամանակ, «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը խորհրդարանական ընտրություններում հաղթած բոլոր քաղաքական ուժերին հորդորում է մտնել կոալիցիա եւ միասին աշխատել՝ ի շահ Հայաստանի:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա անգամ նշում է, թե լավ կլինի, որ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը մոռանա կոալիցիայի հասցեին հնչեցրած իր վիրավորական արտահայտություններն ու նույնպես կոալիցիայի մաս կազմի:

«Լավ կլիներ, որ «Ժառանգությունն» էլ մտներ։ Բայց «Հայ ազգային կոնգրես»-ը ինքնամեկուսացված է եւ, դժվար թե, «ավազակապետության» հետ կիսի իշխանությունը: Նրանք ծայրահեղ ընդդիմադիր կուսակցություն են»,- ասում է սոցիոլոգը:

Իսկ ԲՀԿ-ն, Ադիբեկյանի կանխատեսմամբ, այնուամենայնիվ, կոալիցիայի մաս կկազմի, քանի որ նախընտրական շրջանում կարողացավ ձայներ հավաքել այն պատճառով, որ ընդդիմադիր դիրք ընդունեց եւ, միաժամանակ, շարունակեց մնալ կոալիցիայում:

© Medialab.am