ԿԲ պահուստներն աճել են, արտաքին պարտքը՝ նվազել. Հայաստանի տնտեսությունը շահել է պատերազմի հետևանքով ստեղծված ճգնաժամից. Հրանտ Միքայելյան

Հայաստանի վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով` այս տարվա առաջին կիսամյակում օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերն աճել են՝ կազմելով 76.55 մլրդ դրամ։ Անցած տարվա առաջին կիսամյակում օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կազմել են 42.68 մլրդ դրամ։ Այսինքն՝ աճը կազմել է գրեթե 80 տոկոս:

Տնտեսագետ Հրանտ Միքայելյանն ասում է՝ անցած տարի այս ցուցանիշը այնքան նվազ էր, որ եթե այս տարի էլ ցածր լիներ, միևնույն է՝ նախորդ տարվա ցուցանիշի համեմատ աճ էր ցույց տալու:

«Այդպես համեմատության մեջ աճը երևում է, բայց գրանցված այս ցուցանիշը, միևնույն է, դարձյալ փոքր է: Գրանցված ցուցանիշը 200 մլն դոլար էլ չկա: Տարիներ են եղել, որ տարեկան ներդրումների չափը գերազանցել է 1 միլիարդը»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է տնտեսագետը:

Հայաստանի տնտեսական իրավիճակում, երբ գնաճ է, փոխարժեքային զգալի տատանումներ են, ներդրումների զուտ հոսքերի նման աճը, ըստ մասնագետի, չի կարելի մեծ համարել:

Ընդհանուր առմամբ, նրա խոսքով՝ երկրի ներդրումային միջավայրում անվտանգային գործոնը մեծ դեր է խաղում, իսկ հիմա Հայաստանում անորոշ անվտանգային միջավայր է, գրեթե կիսապատերազմական վիճակ:

«Անվտանգությունը կարևոր գործոն է, որովհետև ո՞վ կարող է փող ներդնել՝ ակնկալելով մեկ-երկու տարուց այդ փողը կարող է կորչել»,- նշում է Հրանտ Միքայելյանը:

Այդուհանդերձ, չնայած ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ստեղծված միջազգային էներգետիկ ու տնտեսական ճգնաժամին, տնտեսագետն ասում է՝ Հայաստանի տնտեսությունը շահել է: «Բավականին լուրջ տնտեսական աճ ունենք, ինչը պայմանավորված է դրսում ստեղծված ճգնաժամով. օգոստոսին 2.2 տոկոսով աճել է մանրածախ առևտուրը, մեծածախ առևտուրը՝ 30 տոկոսով, իսկ արտաքին առևտուրը այս օգոստոսին նախորդ օգոստոսի համեմատ աճել է 10 տոկոսով: Այսինքն՝ այս ամենը, Հայաստանի տնտեսության մեջ գոյություն ունեցող գործընթացները, ակտիվ շարժը պայմանավորված չեն հայերի բարեկեցության աճով, այլ պատերազմի հետևանքով ակտիվ ներհոսքով: Բայց, ամեն դեպքում, եթե այդ գումարների ներհոսքը շարունակվի, Հայաստանը կշարունակի օգտվել»,- նշում է Միքայելյանը:

Նա թվարկում է դրական կողմերը՝ Կենտրոնական բանկի պահուստները աճել են 700 մլն դոլարով և դեռ կաճեին, եթե դրամի արժևորումը կանխվեր, արտաքին պարտքը մի փոքր նվազել է: «Արդյունքում՝ Հայաստանի տնտեսությունը մի փոքր օգտվել է պատերազմի հետևանքով գրանցված ճգնաժամից: Օրինակ՝ էներգակիրների, մետաղների գնի բարձրացումը նպաստավոր հանգամանք է մեր տնտեսության համար, մենք Ռուսաստանի հետ ունենք գազի գնի վերաբերյալ երկարատև պայմանավորվածություն: Դե, իսկ մետաղների գինը էլի շատ աճել է, ինչի արդյունքում մեզ համար արտահանումը նպաստավոր է»,- հավելում է նա:

Բայց, ըստ մասնագետի, սա կարճաժամկետ առաջընթաց է և չի կարող երկարաժամկետ աճ ապահովել:

«Գիտեինք, որ ճգնաժամերից Հայաստանը տուժում էր, բայց այս պահի դրությամբ, կարելի է ասել, շահում է, փող է աշխատում»,- նշում է նա:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am