«Նախարարը հիմա չէ, որ պետք է ընդունի ուսանողներին ու համոզի, որ իրենք լավ բան են անում, դա պետք է մինչև այս գաղտնազերծումն արվեր». Սերոբ Խաչատրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը

 – Պարո՛ն Խաչատրյան, Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական կազմը շարունակում են բողոքել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության որոշման դեմ, որով իրենց համալսարանը պետք է միավորվի Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ: Արդարացվա՞ծ է նրանց բողոքը, եթե նկատի ունենանք, որ իրենք հանդիպել են նախարարի հետ ու կարծես թե պայմանավորվել, որ հարցը դեռ լայն քննարկման փուլ պետք է անցնի:

– Շատ ներքին հարցերի չեմ տիրապետում, որովհետև կողմերից յուրաքանչյուրը հակասական բաներ է ասում, բայց մի բան ակնհայտ է, որ շատ բան մանրամասն չի քննարկվել, չի համաձայնեցվել, ու, իսկապես, այս գործընթացը բուհերի համար անհայտ է եղել:

Որ բուհերը պետք է տեղյակ լինեին՝ կարևոր է, որովհետև ունեն ինքնավարության խնդիր, ու անշուշտ ճիշտ կլիներ ամեն ինչ մանրամասն քննարկել, առաջարկել սցենարներ, լսել նրանց, համոզել մարդկանց, որովհետև երբ Կառավարությունը հայտարարում է, որ ինքը ժողովրդավար է, պետք է համոզի մարդկանց, ուրիշ բան, եթե հայտարարեր, որ ավտորիտար է:

Քանի որ մեր Կառավարությունը իրեն ժողովրդավար է հռչակել, ժողովրդավարություն է դավանում, պարտավոր է այս գործընթացներն ավելի բաց տանել: Քանի որ շատ բաներ փակ են արվել, որոշ բաներ վերջին պահին են իմացվել, ապա պարզ է, որ նման արմատական արձագանք կարող էր լինել:

Իսկ միավորման ընդհանուր գաղափարին ինչպե՞ս եք վերաբերվում, դա ի՞նչ օգուտ է տալու կրթական համակարգին:

– Այսօր չենք կարող գնահատական տալ, որովհետև շատ բան կախված է նրանից, թե ինչպե՛ս կիրականացվի, ո՛վ կդառնա այդ նոր բուհի ռեկտորը, որովհետև ով էլ դառնա, նրան սպասում են բավական ծանր որոշումներ, պետք է բավական մեծ թվով մարդկանց կրճատումներ արվեն, այդ ղեկավարն իր թիմով պետք է ապացուցի, որ այս նոր ձևով սովորեցնելն ու աշխատելն ավելի լավ են լինելու:

Այսօր այդ միավորման մեջ ես տեսնում եմ և՛ հնարավորություններ, և՛ խնդիրներ: Խնդիրներն այն են, որ այս միավորման հետևանքով Մանկավարժական համալսարանի բնագիտական ֆակուլտետները նորից մնալու են վատ վիճակում, որովհետև ո՛չ Բրյուսովը, ո՛չ Ֆիզկուլտ ինստիտուտը չունեն բնագիտական ֆակուլտետներ, ու այդ ֆակուլտետներում էլի ուսանողների թիվը լինելու է քիչ՝ 3-4 , սրանով չես կարող որակ ապահովել:

Ինչպե՞ս է այս միավորումը ուժեղացնելու այդ նոր համալսարանի բնագիտական թևը, որևէ լուծում այս տարբերակում ես չեմ տեսնում, կամ, գուցե, նախարարությունն ունի՝ հրապարակված չէ:

Բնականաբար, առաջանալու են միջանձնային խնդիրներ, ինչ-որ մարդիկ զրկվելու են ամբիոնի վարիչի, դեկանի պաշտոններից ու դառնալու են շարքային դասախոսներ, իսկ այստեղ պետք է նորմալ կառավարում իրականացնել:

Ամենամեծ խնդիրն էլ այն է, որ չկա մանրամասն ծրագիր, թե ի՛նչ է արվում ու ինչպե՛ս, շատ անորոշ վիճակ է, ու դժվար է գնահատականներ տալ:

Հնարավորություններ էլ կան. կարող են տարբեր այդ համալսարանները միջգիտակարգային հետազոտություններ իրականացնել, ու այնպես չէ, որ եթե միավորվում են, այլևս սպորտի ոլորտում ծրագրեր չեն կարող իրականացվել, ինչպես շատերն են ասում:

Ամենակարևոր հարցն այստեղ նորմալ կառավարումն է, սա է մեր ամենամեծ խնդիրը, ու մարդկանց դժգոհությունն էլ ինչ-որ իմաստով հասկանալի է, որովհետև այսքան ժամանակ ինչ միավորում, անջատում, կառուցվածքային փոփոխություն եղել են, հետո վիճակն ավելի է վատացել: Նախարարությունը պետք է ամեն ինչ անի, որ ապացուցի, որ այս քայլից հետո այդ երեք բուհերն ավելի լավը կդառնան, եթե կարողանան սա ապացուցել՝ արդեն հանգիստ խնդիրը կլուծվի:

Պարո՛ն Խաչատրյան, ավելի ճիշտ չի՞ լինի, որ նախարարությունը ձեր ասած այդ մանրամասն ծրագիրը նախապես կազմի, ներկայացնի շահառուներին, նոր հայտարարի փոփոխության մասին և ոչ թե ճիշտ հակառակը անի:

– Իհարկե, նախարարը հիմա չէ, որ պետք է ընդունի ուսանողներին ու համոզի, որ իրենք լավ բան են անում, դա պետք է մինչև այս գաղտնազերծումն արվեր: Ուսանողները պետք է չգիտեմ ումից իմանալու փոխարեն նախարարից իմանային, որ կա այդպիսի կոնկրետ ծրագիր:

Հարցի վերաբերյալ քննարկման կամ համագործակցության առաջարկություն չե՞ք ստացել նախարարությունից:

– Չէ՛, ինչի մասին է խոսքը: Գուցե կան մասնագետներ, որոնց հետ եղել է, բայց կոնկրետ բուհերի ռեկտորները պնդում են, որ իրենց հետ էլ քննարկում չի եղել, ընդամենն իրենց տեղեկացրել են, որ նախատեսվում է բուհերի միավորում, բայց մանրամասն քննարկում չի եղել:

 – Պարո՛ն Խաչատրյան, եթե բրյուսովցիները շարունակեն բողոքել, իսկ նախարարությունը շարունակի մնալ իր համոզման, ըստ ձեզ՝ այդ միավորումը հնարավոր կլինի՞:

– Հայաստանի պարագայում չեմ հավատում, որ միավորումը չլինի, որովհետև Բրյուսովի ռեկտորի պաշտոնավարման ժամկետը լրանում է, նախարարությունը դրանից հետո կարող է պաշտոնակատար նշանակել:

Բացի այս, երեք բուհն էլ միասնական կարծիքի չէ, միայն Բրյուսովն է արմատական դիրքորոշում որդեգրել, Ֆիզկուլտ ինստիտուտը դեմ է, բայց ոչ մի քայլ չի անում, իսկ Մանկավարժականն ավելի կառուցողական է, երեկ որոշում ընդունեց, որով իր պատրաստակամությունը հայտնեց նախարարության հետ քննարկել հարցն ու առաջարկներ ներկայացնել: Պարզ է, որ այս պարագայում նախարարությունը հետամուտ կլինի այս ծրագրի իրականացմանը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am