Համավարակների ժամանակ պատվաստանյութերի գրանցումը պարտադիր չէ․ Արա Զոհրաբյանը մանիպուլացնում է․ FIP.am

Փաստաբանների պալատի նախկին նախագահ, «Ազատ կամք» նախաձեռնության համահիմնադիր, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը հայտարարել է, որ Հայաստանում կիրառվող որևէ պատվաստանյութ գրանցված չէ՝ գրառմանը կցելով Առողջապահության նախարարության կողմից իրեն ուղարկված փաստաթուղթը։ 

«Այս փաստաթուղթը հրապարակում եմ այն մարդկանց համար, ովքեր չգիտեն, որ Հայաստանում կորոնավարակի դեմ պատվաստանյութերը գրանցված ՉԵՆ:

Ինչպես գրանցվեն, երբ պատվաստանյութերը չեն անցել ամբողջական կլինիկական փորձարկումները»,- նշել է Զոհրաբյանը։ Նա սրանից եզրահանգում է անում, որ նման պայմաններում պատվաստվող քաղաքացիները դառնում են «անվճար փորձարկվող»:

Զոհրաբյանի այս գրառումը զգալիորեն տարածվել է հայկական մեդիայում՝ առանց հավելյալ պարզաբանման կամ մեկնաբանության արտատպվելով news.amyerevan.today,  yerkir.amiravaban.netmamul.am և մի շարք այլ կայքերում:

Media.am-ի փաստերի ստուգող թիմն արդեն իսկ ստուգել է Արա Զոհրաբյանի գրառումը և պարզել, որ այն մանիպուլյատիվ է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գրառումը լայն տարածում է ստացել, «Փաստերի ստուգման հարթակը» հարկ է համարում մեկ անգամ ևս անդրադառնալ դրան: 

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերն անցել են կլինիկական բոլոր փորձարկումները

Այն, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը չեն անցել կլինիկական փորձարկումներ, համավարակի մասին ամենատարածված միֆերից է: FIP.am-ն արդեն գրել է, որ թեև դրանք ստեղծվել են կարճ ժամանակահատվածում, այդուհանդերձ, անցել են բոլոր ընթացակարգերով, և ստուգվել է, թե արդյո՞ք դրանք համապատասխանում են անվտանգության ստանդարտներին:

Բացի այդ, «Մոդերնա» և «Փֆայզեր» պատվաստանյութերը ստեղծվել են նոր ՌՆԹ տեխնոլոգիայով, որն ստեղծման և փորձարկման ավելի քիչ ժամանակ է ենթադրում:

Համավարակների ընթացքում պատվաստանյութերն արտակարգ են կիրառվում

Media.am-ը գրել էր, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը պլանային չեն և հաշվի առնելով արտակարգ իրավիճակը՝ պատվաստումները կատարվում են համաճարակաբանական ցուցումով՝ Հայաստանի կառավարության՝ 2020 թ․ ընդունված որոշման համաձայն։  Ավելին՝ Առողջապահության նախարարությունից տեղեկացրել էին, որ «Դեղերի մասին» ՀՀ օրենքը թույլ է տալիս նաև չգրանցված պատվաստանյութերի ներմուծում և կիրառում, եթե կա լիազոր մարմնի (կառավարություն) համապատասխան որոշում: 

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը FIP.am-ի հետ զրույցում նշեց, որ համավարակի ընթացքում որևէ երկիր չի սպասում գրանցման կամ չգրանցման. համավարակն արդեն ինքնին պահանջում է տարածումը կանխելու նպատակով արագ միջոցներ ձեռնարկել. «Համավարակի դեպքում երկրներն իրավունք ունեն պատվաստանյութերը կիրառել՝ հաշվի առնելով արտակարգ կիրառումը (emergency using), այն է՝ բոլոր պատվաստանյութերը միտված են արագ պայքարելու համավարակի դեմ և ունեն արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն», — ասաց Խաչատրյանը:

Նախարարության խոսնակն ընդգծեց նաև, որ պատվաստանյութը կարող է ստանալ այդ թույլտվությունը, միայն եթե եռափուլ փորձարկում է անցել։ Սա նշանակում է, որ քաղաքացիների վրա որևէ փորձարկման անհրաժեշտություն չկա: 

Այսպիսով, Արա Զոհրաբյանի պնդումը, թե կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը Հայաստանում գրանցված չեն, մանիպուլյատիվ է, քանի որ համավարակի պայմաններում պատվաստանյութերն առանց գրանցման կիրառելը թույլատրելի է, եթե կա կառավարության համապատասխան թույլտվություն:

Արա Զոհրաբյանը՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումների արշավի առաջամարտիկ

Սա Արա Զոհրաբյանի առաջին գրառումը չէ կորոնավիրուսի վերաբերյալ: Նա պարբերաբար հանդես է գալիս կորոնավիրուսի և դրա դեմ պատվաստանյութերի մասին հանրային ելույթներով և ֆեյսբուքյան գրառումներով, որոնք հաճախ մանիպուլյատիվ են և կեղծ պնդումներ են պարունակում: 2021 թվականի սեպտեմբերին նա համահիմնադրել է «Ազատ կամք» նախաձեռնությունը, որը, ըստ հեղինակների հայտարարության, պայքարելու է կառավարության այն որոշման դեմ, որով աշխատողները պետք է ՊՇՌ հետազոտության մասին փաստաթուղթ ներկայացնեն կամ պատվաստվեն: 

Հատկանշական է, որ մինչև կորոնավիրուսի և դրա դեմ պատվաստանյութերի ոլորտում գործունեություն տարածելը Արա Զոհրաբյանն ակտիվորեն զբաղված էր ընտանեկան բռնության դեմ օրենսդրական նախաձեռնությունների հակաքարոզչությամբ և այդ ընթացքում նույնպես կեղծ և մանիպուլյատիվ պնդումներ էր օգտագործում: FIP.am-ը ժամանակին անդրադարձել էր դրանցից մի քանիսին: 

Փաստերի ստուգման հարթակ