«Գրեցինք՝ Հայկո՛ ջան, հե՛տ զանգի, անհանգստանում ենք… ոչ մի բան»․ Հայկ Մկրտչյանը զոհվել է Ջրականում

«Հոկտեմբերի 11-ի առավոտը մենք իրա հետ խոսացինք, ասեց՝ էլի սկսվեցին կրակոցները, հետո կզանգեմ։ Չզանգեց, մենք քանի անգամ զանգեցինք, անհասանելի էր, գրեցինք՝ Հայկո՛ ջան, հե՛տ զանգի, անհանգստանում ենք… ոչ մի բան»,- հուզմունքով հիշում է Գայանե Մովսիսյանը, որը որդուն կորցրել է 44-օրյա պատերազմի ժամանակ։

24-ամյա Հայկ Մկրտչյանը Վայոց ձորի Զառիթափ համայնքի Մարտիրոս գյուղից էր, պայմանագրային զինծառայող։ Հոկտեմբերի 9-ին Վայքի գումարտակի հետ տեղափոխվել է Ջրական, 3 օր անց՝ զոհվել մարտի դաշտում։

«Ընկերների պատմածով՝ սկզբից սնայպերն է կրակել, հետո ԱԹՍ-ն ա էնտեղ պայթել։ Իրա հետ մի քանի հոգի էլ են եղել, մինչև հիմա անհետ կորած են՝ իր մոտիկ ընկերը, կոմբատը»։

Մկրտչյաններն էլ դեպքից 5 ամիս հետո են միայն գտել իրենց որդու մարմինը: «Փետրվարի 27-ին ԴՆԹ-ով ճարեցինք իրան»,- կսկիծով ասում է որդեկորույս մայրը։

Գայանեն հիշում է, որ որդու զոհվելու օրը որդու անուն-ազգանունն ու հայրանունն է նշվել զոհվածների ցուցակում, սակայն ծննդյան տարեթիվն տարբեր է եղել, բայց բոլոր բարեկամները հերթով զանգել են ու ճշտել՝ արդյոք Հայկի մասի՞ն է խոսքը։

«Ասում էին՝ Հայկոյից ի՞նչ կա, ասում էինք՝ Հայկոյի հետ առավոտն ենք խոսացել, եթե զոհված լինի, նույն ժամանակ հո՞ չեն գցի։ Պարզվեց՝ էդ զոհված տղան մեղրեցի էր, նույն անուն, ազգանունն ու հայրանունը ուներ, արդեն հուղարկավորել էին։ Ցավոք, հետո իմացանք, որ հենց նույն օրը ժամը 1-ին իմ տղան էլ ա զոհվել»,- ասում է ու հուզվում մայրը։

Որդու զոհվելու լուրն իմանալուց հետո Գայանեն ասում է՝ էլ կյանք չկա։

«Հայկը որ ծնվեց, երկու ատամ ուներ բերանում, ասեցինք՝ ուժեղ տղա կդառնա։ Շատ հույսեր ունեինք։ Ֆիզկուլտ ինստիտուտի փրկարարի բաժնում էր սովորում, վերջին կուրս էր, պիտի ավարտեր, փրկարար աշխատեր, էն էլ չհասցրեց։ Սիրած աղջիկ էլ ուներ, ուզում էր նշանվեր։ Ասում էր՝ տունը վերանորոգեմ ու ամուսնանամ»,- կսկիծով պատմում է մայրը ու նշում՝ որդու երազանքները անկատար մնացին։

Հայկ Մկրտչյանը բանակում ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո պայմանագրային զինծառայող էր դարձել, կրտսեր սերժանտ էր, Վայքի զորամասում էր աշխատում և միաժամանակ հեռակա սովորում Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում։

Հայկը սիրում էր նաև սպորտով զբաղվել։ «Պտտաձողի վրա ժամերով կարար ֆռռար, մարզվում էր»։

Մայրն ասում է՝ որդին շատ արագաշարժ էր և նաև շատ արագ էր խոսում։ «Էնքան արագ էր խոսում, որ կողքիններն ասում էին՝ Հայկո՛, կրկնի, որ ասածդ հասկանանք»։

Գայանեն որդու մասին պատմելիս հուզվում է, հետո կրկնում՝ որդին շատ բարի ու անձնազոհ էր։ «Որ մի բան ասեիր, ինքը կասեր՝ ես կանեմ, կամ որ մեկին մի բան էր լինում, ասում էր՝ ես եմ արել, որ իրան ասեին, ուրիշին չասեին»։

Մոր ականջներում անընդհատ որդու խոսքերն են՝ ամեն ինչ լավ է լինելու։

«Ասում էր՝ ամեն ինչ լավ ա լինելու։ Որ մի բանից նեղվում էի՝ էս ա պակաս, էն ա պակաս, ասում էր՝ ոչինչ, քիչ-քիչ դզվում ենք»,- հուզմունքով պատմում է Գայանեն ու ասում՝ ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ։

Հայկ Մկրտչյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

«Մարտական ծառայության» մեդալը շնորհվում է մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, նախաձեռնող, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների համար:

Արփինե Արզումանյան

MediaLab.am