«Ասում էր՝ կգամ, ֆերմա կսարքեմ, տունը կնորոգեմ, ավտո կառնեմ»․ որդեկորույս մայր՝ «Միքայելը թև ու թիկունքս էր, թևերս կտրվեցին»

Գոհար Գասպարյանը հուզմունքով է պատմում որդու երազանքների մասին։ Ասում է՝ տղան ցանկանում էր տունը վերանորոգել, հողամասում ֆերմա սարքել, բիզնեսից ստացված հասույթով էլ նպատակ ուներ իրեն մեքենա գնել․ «Բայց տղես չկարեցավ իրա նպատակները կատարի։ Ինքը «Ես եմ» ծրագրով էր բանակ գնացել, 5 միլիոն գումար պետք է տային, ասում էր՝ կգամ, էդ գումարով հորթեր կառնեմ, կմեծացնեմ, կծախեմ, տունը կսարքեմ, ավտո կառնեմ․․․»

19-ամյա Միքայել Եգանյանի երազանքները կիսատ մնացին 44-օրյա պատերազմի հետևանքով, երբ թշնամու դեմ մարտնչելիս զոհվեց։ 

Միքայելը Մարտունի 3-ում է ծառայելիս եղել, երբ պատերազմը սկսվել է, առաջին օրից եղել է մարտի դաշտում։

Մայրը հիշում է՝ Միքայելը հոկտեմբերի 1-ին զանգել, խոսել է իր հետ, խնդրել, որ իրեն հագուստ, թխվածք ուղարկի, սակայն մինչ Գոհարը կդասավորեր որդու համար նախատեսված իրերը, տղան նույն օրը ԱԹՍ-ի հարվածից ծանր վիրավորվել է։ 

Մայրը հուզմունքով ասում է՝ տղան 1 ժամից ավելի դիրքում է վիրավոր մնացել, այնուհետև շտապօգնության մեքենայով փորձել են նրան տեղափոխել Ստեփանակերտի հիվանդանոց, սակայն ճանապարհին տղան չի դիմացել, մահացել է։

«Սկորիում մի տղա էլ ա եղել, ինքը մեզ պատմեց, որ սկորու շոֆերն ասել ա՝ տղե՛րք ջան, հանկարծ ուշքից չգնաք, որ գնաք, էլ չենք կարա հետ բերենք, Միքայելս չի դիմացել, ուշքը գնացել ա։ Տղես արնաքամ է եղել»,- ասում է ու հուզվում մայրը։

Եգանյանները հոկտեմբերի 2-ին ստացել են որդու զոհվելու ողբերգական բոթը։

Մայրը հիշում է՝ երեկոյան տղայի մարմինը բերել են Իջևան, հարազատները գնացել, ճանաչել են, բայց ինքը չի հավատացել․ «Ես ասում էի՝ երեկ տղես հետս խոսել ա, չի կարա իմ երեխեն լինի։ Ով զանգում, ասում էր՝ Միքայելից խաբար ունե՞ք, ասում էի՝ հա՛, խոսել եմ հետը․․․»,- արցունքների միջից պատմում է Գոհարը։

Միակ տղային կորցնելուց հետո Գոհարն ասում է՝ կյանքը վերածվել է դժոխքի։ 

«Իմ կյանքը սևացավ, սիրտս սևացավ։ Ինձ թև ու թիկունք էր, հիմա թևերս կտրած են, ոչ մի բան չեմ կարում անեմ»,- ասում է ու հուզվում որդեկորույս մայրը։

Միքայել Եգանյանը հուղարկավորվել է Տավուշի մարզի Լուսաձոր գյուղում՝ ընտանեկան գերեզմանատանը։

Գոհարն ասում է՝ թեև առաջարկել են որդու մարմինն ամփոփել Եռաբլուրում, բայց իրենք հրաժարվել են, նախընտրել են որդու գերեզմանն իրենց մոտ լինի, որ կարողանան հաճախ այցելել տղային։

Գոհարը որդու գերեզման գնալիս, երբ մենակ է լինում, հաճախ է բարձրաձայն զրուցում որդու հետ, հարցնում՝ ինչո՛ւ իրեն միայնակ թողեց․ 

«Ասում եմ՝ ինձ խի թողեցիր գնացիր, կամ ինձ էլ հետդ տանեիր, կամ էլ ուրիշների պես թաքնվեիր, հիմա իմ կողքին կլինեիր»։

Միքայելը ընտանիքի միակ տղան էր, Եգանյանները ունեն ևս 3 աղջիկ։ 

Մայրն ասում է՝ Միքայելն ուրիշ էր, շատ ուշադիր, հոգատար և՛ ծնողների, և՛ քույրերի, և՛ ծանոթ-անծանոթների հանդեպ։ Լուսաձորում, որտեղ ծնվել և մեծացել էր Միքայելը, ևս բոլորի սիրելին էր՝ ասում է Գոհարը։

Միքայելը աչքի է ընկել աշխատասիրությամբ, մայրն ասում է՝ տղան 18 տարեկան էր, բայց մեծի պես գործ էր անում, ընտանիքի հոգսը իր վրա վերցնում։ 

«Իրա պապան Ռուսաստան էր գնում սեզոնային աշխատանքի, տան հոգսը իրա վրա էր վերցնում, անտառ գնում, փայտ էր բերում, աշխատանք գտնում։ Քույրիկը հիվանդ է, շատ էր աշխատում, որ նրա դեղերը հասցներ։ Որ մի տեղս ցավում էր՝ մամա ջան, ի՞նչ անեմ, քուրերին ասում էր՝ պրծեք, մամային դեղ բերեք, դուք գործ արեք, մաման թող նստի, մի ուրիշի ձևի երեխա էր։ Երեք երեխա ունեմ, բայց ոչ մեկը իրան չի հասնի․․․»

Գոհարն ասում է՝ աչքի լույսի պես ու սրտի ցավով պահում է որդուց մնացած մի քանի հիշատակները՝ գլխարկը, օծանելիքը, խաչերը, որ բերել են ընկերները մարտի դաշտից։

«Միքայելը իմ գանձն էր, պատերազմը տարավ իմ ամեն ինչը»,- ասում է ու կրկին հուզվում մայրը։
Միքայել Եգանյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։

Արփինե Արզումանյան

MediaLab.am