«ՔԿ գործողությունները շատ մեծ կասկածներ են հարուցում անաչառության, պրոֆեսիոնալության առումով»․ Աննա Շահնազարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է ակտիվիստ, «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամ  Աննա Շահնազարյանը։

– Մի քանի օր առաջ վարչապետ Փաշինյանը Ջերմուկում հանդիպեց բնակիչների հետ, նորից շեշտեց, որ Ամուլսարի հարցի լուծումը պետք է լինի իրավական տիրույթում։ Նախ՝ ինչպե՞ս եք գնահատում այս քայլերը և ինչ հնարավոր զարգացումներ եք կանխատեսում՝ հաշվի առնելով, որ վարչապետը դիմեց շրջակա միջավայրի նախարարությանը՝ լրացուցիչ ուսումնասիրություն անցկացնելու համար։ 

– Ողջունելի է, որ վարչապետն այցելեց Ջերմուկ, և թեև դա նախապես հայտարարված այցելություն չէր, Ջերմուկում ընդամենը մի քանի րոպեի ընթացքում մինչև հազար կամ ավելի մարդ հավաքվեց։ Ողջունելի է, որ, ի վերջո, խնդիրը հետ դարձավ Ջերմուկ։

Թեև բերում էին գիտական, մասնագիտական ուսումնասիրությունների հետ կապված հարցեր, քննչական կոմիտեի եզրակացություններ, որ մասնագիտական չէ, այդուհանդերձ, ողջունելի է, որ Ջերմուկի պահանջատեր բնակչության ձայնը հերթական անգամ լսելի դարձավ։ Շատ ողջունելի է, որ այդքան կարճ ժամանակում այդքան շատ մարդ հավաքվեց, որոնք տարբեր վանկարկումներով ցույց էին տալիս իրենց դիրքորոշումը։

Իհարկե, ցանկալի կլիներ, որ վարչապետ Փաշինյանը ոչ թե դրսում հավաքված բազմությանը թողած տնետուն մտներ, անհատ մարդկանց հետ զրուցեր, այլ հենց հավաքված մարդկանց հետ քննարկում վարեր։ Այդուհանդերձ, ակնհայտ էր, որ խնդրի ամենամեծ իրավատերը, ամենաշատն իրենց իրավունքներից զրկված բնակչությունը հերթական անգամ իր խնդիրների մասին բարձրաձայնեց, իր իրավունքին տեր կանգնելու դիրքորոշումն արտահայտեց։

– Հիմա ակնկալիքներ կա՞ն շրջակա միջավայրի նախարարությունից, մասնավորապես, լրացուցիչ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ։ 

– Նախ ասեմ, որ մի կողմից լավ է, որ վարչապետը մարդկանց հետ զրուցում է, մյուս կողմից, անընդունելի է, որ ոլորտի համար պատասխանատու պաշտոնյաներն ու կառույցները դուրս են մնում հանրային քննարկումներից և իրենց լիազորությունները հանրային քննարկումների ժամանակ ի ցույց չեն դնում։

Օրինակ՝ շատ վիրավորական պետք է լինի բազմաթիվ մարդկանց, մասնագետների համար, երբ Փաշինյանը երկրաբան ներկայացած Սարավանի բնակչին հարցնում է՝ բա հանքի վնասները որո՞նք են լինելու, այն դեպքում, երբ գոյություն ունեն մասնագիտական այնքան շատ եզրակացություններ, նույն «Էլարդի» և ամերիկյան TRC ընկերության մասնագետների եզրակացությունները։

Բնականաբար, այդ մեկնաբանությունը պարտավոր էր տալ ոչ թե քննչական կոմիտեի քննիչը, այլ ոլորտի համար պատասխանատու կառույցը, օրինակ՝ շրջակա միջավայրի նախարարությունը։ Այսինքն՝ այս պահին շատ կարևոր է, որ ոլորտի համար պատասխանատու կառույցները անկաշկանդ ձևով իրենց դիրքորոշումն արտահայտեն՝ հիմնված իրենց լիազորությունների վրա։ Այս համատեքստում ուզում եմ հատկապես շեշտել, որ ՔԿ գործողությունները շատ մեծ կասկածներ են հարուցում հենց իր՝ որպես կառույցի անաչառության, կոմպետենտության, պրոֆեսիոնալության առումով։

Որպես քննիչներ՝ իրենք խոսում են ոչ թե օրենքի շրջանակներում եղած խնդիրների մասին, այդ քրեական գործի քննարկում են վարում, այլ տարածում են «Լիդիանի» պատրաստած տեսանյութեր, եզրակացություններ, մեկնաբանություններ, առարկություններ։ Այդ գործընթացը ցույց է տվել, մասնավորապես, միջազգային փորձաքննությունն անելուց հետո դա ակնհայտ է դարձել, որ պետք է կատարվեն ՇՄԱԳ փորձաքննության մասին օրենքի քննարկումներ և մեկնաբանություններ, այդ օրենքի խախտումների մասին քննարկումներ։

Նույն քրեական օրենսգրքի այն հոդվածի շուրջ քննարկումներ ու մեկնաբանություններ, որոնցով ՔԿ-ն հարուցել է քրեական գործ։ «Լիդիանի» արած հետազոտությունների, ՇՄԱԳ հաշվետվությունների վերլուծությունն արդեն որերորդ անգամ, արդեն պետության միջոցներով պատվիրված ընկերության կողմից, ցույց են տալիս, որ այդ ընկերությունը միտումնավոր թաքցրել է միջավայրի վրա ազդեցություն ունեցող հանգամանքներ կամ տվյալներ։ Նա ամբողջական տվյալներ չի ներկայացրել և մանիպուլացրել է այդ տվյալների հիման վրա արվող տարբեր տեսակի հաշվարկներ, մոդելավորում և այլն։

Դրանք բավարար էին, որ իրավապահ մարմինները վարույթ իրականացնեին հենց այդ հիմքերով, մինչդեռ մենք տեսնում ենք, որ իրավապահ մարմինները ոչ միայն դա չեն անում, այլև հանդես են գալիս «Լիդան Արմենիայի» տեղեկությունների, մարկետինգային տեսանյութերի տարածմամբ, ինչը պիտի հարուցի այդ կառույցի անաչառության մասին կասկածներ։ Այս պայմաններում այլ կառույցներ, որոնք պետք է զսպող ու վերահսկող դիրքորոշում արտահայտեն, պետք է իրենց լիազորությունների շրջանակներում կատարեն քննություն։

Ինչ վերաբերում է շրջակա միջավայրի նախարարության լիազորություններին, միանշանակ իրենց լիազորությունների շրջանակում է քննել այդ միջազգային եզրակացությունը ՇՄԱԳ հաշվետվություններին, ինչպես նաև քննության առնել իրենց ուղղված տարբեր նամակները՝ կապված էլի տրված ՇՄԱԳ դրական եզրակացության վերանայման հետ։ 

– Արդյո՞ք կարծում եք, որ այս խնդրի ամենաճիշտ լուծումը կտա հանրաքվեն։

– Սա շատ պարզ իրավական խնդիր է, և ջերմուկցիների դիրքորոշումը հենց իրավական լուծում պահանջող դիրքորոշում է։ Նրանք դնում են հարցը, որ իրենք զրկված են եղել օրենքով սահմանված կարգով որոշումների կայացմանը մասնակցելուց։ Սա իրավական հարց է, որը որևէ ձևով ենթակա չէ հանրաքվեի, դրա կարիքը պարզապես չկա։ Օրենքով և Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններով, մասնավորապես, Օրհուսի կոնվենցիայով, ազդեցություն կրող՝ ազդակիր բնակչությունը պետք է մասնակցի որոշումների կայացմանը։

Ջերմուկ համայնքը, լինելով ազդակիր, երբեք չի մասնակցել որոշումների կայացմանը։ Այնտեղ օրենքով սահմանված կարգով հանրային լսումներ տեղի չեն ունեցել, և հենց նույն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննությունը դա հաշվի առել։ Փաստացի, Ջերմուկի բնակչության իրավունքները խախտվել են, ինչն արդեն իսկ իրավական հարց է և ունի իրավական լուծում։ Այս իմաստով նրանց իրավունքները պետք է վերականգնվեն։ Հանրաքվեի կարիք այս հարցով չկա, որովհետև արդեն իսկ խնդիրը դրված է այնպիսի լուծման տիրույթում, որ այն հնարավոր է լուծել շատ հանգիստ, իրավունքի շրջանակներում։ 

Լուսանկարը՝ boon.am

Մանե Հարությունյան

MediaLab.am