Գլխավոր դատախազը հերքում է Հայկ Հարությունյանի վրա ճնշումների մասին հրապարակումները

Գլխավոր դատախազը հերքում է Հայկ Հարությունյանի վրա ճնշումների մասին հրապարակումները
Գլխավոր դատախազը հերքում է Հայկ Հարությունյանի վրա ճնշումների մասին հրապարակումները

Վկաների պաշտպանությունը կարևոր խնդիր է, Հայաստանում այդ ինստիտուտը զարգացնելու անհրաժեշտություն կա:

Այս մասին նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին: «Տարիներ շարունակ Քրեական դատավարության օրենսգրքում  նախատեսվել են պաշտպանության կամ անվտանգության միջոցներ, սակայն կառուցակարգեր նախատեսված չեն եղել: Գործնականում բազում բարդություններ են առաջացել: Ներկայում առկա է օրենսդրական փաթեթ, հույս ունենք, որ կիրառման արդյունքում կիրացվեն պաշտպանության միջոցները,  հստակ կառուցակարգեր կլինեն, նյութական տեխնիկական բազա կապահովվի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Դավթյանը:

Գլխավոր դատախազը խնդրին անդրադարձավ ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առնչությամբ. լրագրողները, նշելով, որ նա մարտի 1-ի գործով անցնում էր որպես վկա, կարևորեցին այլ վկաների պաշտպանությունը, մասնավորապես «Շերիֆ» մականվամբ հայտնի Գրիգոր Գրիգորյանի, ով 2008թ. մարտի մեկին եղել է Հարությունյանի տեղակալը: «Համապատասխան հետախուզական միջոցառումներ իրականացնող մարմինները պարտավոր են հետևել, ձեռնարկել օրենքով նախատեսված միջոցները, որ որևէ անձի նկատմամբ, եթե լինեն ճնշումներ, բացահայտվեն»,-ընդգծեց Դավթյանը:

Նրան հարց ուղղեցին նաև Հարությունյանի մահից հետո լրատվամիջոցների այն հրապարակման առնչությամբ, որ դատախազի կողմից ճնշումներ են եղել Հայկ Հարությունյանի նկատմամբ՝ տալու սուտ ցուցմունք: Դավթյանը հերքեց այդ լուրը. «Ցանկացած ողջամիտ մարդ այդ վարկածը լսելուց հասկացել է, թե ինչ պատվերների մասին է խոսքը: Ինձ ճանաչող ցանկացած մարդ գիտի, որ դա անհնար է, իսկ գլխավոր դատախազի պաշտոնը և իրավական, և բարոյական առումով դա թույլ չի տալիս»: Նա պարզաբանեց, որ պատվեր է պնդումը, թե Գլխավոր դատախազը կամ Հատուկ քննչական ծառայության պետը կարող են շփվել վկաների հետ, առավել ևս ճնշումներ գործադրել:

Ինչ վերաբերում է այդ լուրը հրապարակած լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցաքննելու մասին Քննչական կոմիտեի հաղորդագրությանը, Դավթյանը նշեց, որ իրականացվում է գործընթաց, որի մասին լրացուցիչ տեղեկություններ կտրամադրվեն. «Ամեն ինչ կարվի օրենքի շրջանակում»: