Հուշ կմնա «Եվրատեսիլ 2012» տարբերանշանը` ադրբեջանական դրոշով . Հայաստանը չի մասնակցի Բաքվում կայանալիք մրցույթին

Հուշ կմնա «Եվրատեսիլ 2012» տարբերանշանը` ադրբեջանական դրոշով . Հայաստանը չի մասնակցի Բաքվում կայանալիք  մրցույթին
Հուշ կմնա «Եվրատեսիլ 2012» տարբերանշանը` ադրբեջանական դրոշով . Հայաստանը չի մասնակցի Բաքվում կայանալիք մրցույթին

Հայաստանը չի մասնագցի այս տարի Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012»–ին: Այսօր Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը պաշտոնապես նման պատասխան է տվել Եվրոպական հեռարձակողների միությանը:

«Մենք իրապես ցավում ենք այս տարվա «Եվրատեսիլ» երգի մրցույթին չմասնակցելու հեռարձակողի որոշման համար»,- Եվրոպական հեռարձակողների միության անունից «Եվրատեսիլի» պաշտոնական կայքէջում հայտարարել է մրցույթի գործադիր տնօրեն Ջոն Օլա Սանդը:

«Չնայած ԵՀՄ-ի եւ հյուրընկալող հեռարձակողի ջանքերին՝ ուղղված այս տարվա մրցույթին հայաստանյան պատվիրակության բարեհաջող մասնակցության ապահովմանը, մեր վերահսկողությունից դուրս գտնվող հանգամանքները հանգեցրին այս ցավալի որոշման կայացմանը»,-նշել է Օլա Սանդը:

Այն բանից հետո, երբ Հայաստանը ձախողվեց «Եվրատեսիլ-2011»-ում, իսկ Ադրբեջանը հաղթանակած դուրս եկավ, բուռն քննարկումների թեմա էր դարձել այն հարցը, թե արդյոք այս տարի պե՞տք է մասնակցել Բաքվում կայանալիք մրցույթին, թե՞ բոյկոտել: Եթե ոմանց համար մասնակցությունը հաստատակամություն ցույց տալու հնարավորություն էր, շատերի համար հակառակորդի դաշտում կայանալիք մրցույթի մասնակցությունն ուղղակի անհեթեթություն էր:

Թեեւ Հանրային հեռուստաընկերությունը դեռեւս պաշտոնապես հանդես չի եկել ամբողջական հայտարարությամբ, որը լույս կսփռի մրցույթից հրաժարվելու պատճառների վրա, սակայն շատերի համար այս որոշումը սպասելի էր:

Փետրվարի 23-ին մի խումբ հայտնի հայ երգիչ-երգչուհիներ հայտարարել էին, որ հրաժարվում են մասնակցել Բաքվում անցկացվող մրցույթին, սահմանին արձանագրված հերթական միջադեպից հետո: Հայտարարությունը շատերին հիմք տվեց ենթադրելու, որ մրցույթի հարցը այս տարի «փակված է»:

«Մենք հրաժարվում ենք ելույթ ունենալ մի երկրում, որը հայտնի է հայերի զանգվածային ջարդերով ու կոտորածներով, մի երկրում, որտեղ հայատյացությունը հասցված է պետական քաղաքականության մակարդակի, մի երկրում, ուր մուտքն արգելված է ազգությամբ հայ որևէ մեկի համար, եթե նույնիսկ նա այլ երկրի քաղաքացի է, ինչին ականատես ենք լինում գրեթե յուրաքանչյուր ամիս»,-նշված էր նրանց հայտարարության մեջ:

Երգիչները երաշխիք չհամարելով ադրբեջանական իշխանությունների անվտանգության մասին հավաստիացումները, զուգահեռներ էին տարել 2004 թ-ին ՆԱՏՕ-ի կազմակերպած միջոցառումներից մեկի ժամանակ Բուդապեշտի հյուրանոցում գիշերը ադրբեջանցի մարդասապան սպայի ձեռքով անկողնում քնած պահին կացնահարված Գուրգեն Մարգարյանի հետ, նշելով, որ նման «ճակատագրի կարող է արժանանալ ազգությամբ հայ յուրաքանչյուր երգիչ կամ պատվիրակության որևէ անդամ»:

« Մենք կոչ ենք անում Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը հրաժարվել այդ երկիր մասնակից ուղարկելուց և միաժամանակ հայտարարում, որ մենք այժմ էլ պատրաստ ենք մասնակցելու «Եվրատեսիլ-2012»-ին, եթե Եվրոպական հեռարձակողների միությունը որոշի մրցույթը տեղափոխել ցանկացած այլ երկիր, որտեղ կտիրի համերաշխության և հավասար մրցակցության այն մթնոլորտը, ինչն առկա էր անցած տարի Հայաստանում անցկացված մանկական «Եվրատեսիլի» օրերին, որին, ի դեպ, չմասնակցեց Ադրբեջանը: Հայտնում ենք նաև, որ պատրաստ ենք մասնակցելու «Եվրատեսիլի» բոլոր հետագա մրցույթներին»,- նշված էր երգիչների հայտարարության մեջ:

Հիշեցնենք որ, 57 ամյա պատմություն ունեցող «Եվրատեսիլ» երգի մրցույթին Հայաստանը մասնակցել է վեց անգամ: Մինչ այժմ Հայաստանը ներկայացրած Եվա Ռիվասը զբաղեցրել է 7-րդ, երգիչներ Անդրեն եւ Հայկոն 8-րդ, Ինգա եւ Անուշ Արշակյան քույրերը` 10-րդ տեղը: Լավագույն արդյունքն առ այսօր Սիրուշոյի 4-րդ հորիզոնականն էր:

Այս տարվա մրցույթից, հուշ կմնա թեեւ հայկական հեռուստաալիքներով պարբերաբար հեռարձակվող «Եվրատեսիլ 2012» տարբերանշանը` ադրբեջանական դրոշով:

© Medialab.am