«Ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքը հայ-ադրբեջանական ուղիղ երկխոսությունն է»․ Սուրեն Սուրենյանց

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

– Պարո՛ն Սուրենյանց, ի՞նչ է կատարվում Արցախում, ու ինչի՞ հետևանք են ադրբեջանական սադրանքները։

– Գլոբալ իմաստով՝ սա հետևանք է աշխարհում տիրող Ռուսաստան-Արևմուտք հակադրության և Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունների։ Ես կանխատեսել էի, որ դա անխուսափելիորեն բերելու է բալանսի փոփոխության նաև հարակից տարածաշրջաններում, ու դա տեղի ունեցավ։ Արցախում տեղի ունեցողն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված է ուկրաինական իրադարձությունների հետ։

Երկու վարկած կարող ենք առաջ քաշել․ կա՛մ Ռուսաստանն ամբողջովին ներքաշված է ուկրաինական կամպանիայի մեջ ու ռեսուրսներ չունի մեր տարածաշրջանում արբիտրի իր դերակատարությունը կատարելու համար, կա՛մ, դարձյալ ուկրաինական իրադարձությունների հետ կապված, Ադրբեջանի լոյալությունը ստանալու համար Ռուսաստանը զոհաբերում է հայկական շահերը։

Այս երկուսից որն էլ լինի պատճառը, մեծ հաշվով, էական չէ, որովհետև տեսանելի է, որ Ադրբեջանը բարենպաստ հանգամանք է տեսել իր առավելապաշտական օրակարգը կյանքի կոչելու համար: Իհարկե, այստեղ հայկական կողմի սխալներն էլ կան, որից Ադրբեջանը շատ նրբանկատորեն օգտվում է։

– Հայկական կողմի ի՞նչ սխալ նկատի ունեք։

– Հիշում ենք, որ Ադրբեջանը Հայաստանին հինգ կետ էր հասցեագրել՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու համար: Առիթ եմ ունեցել արձանագրելու, հիմա վերստին կրկնեմ դիրքորոշումս․ անհասկանալի ու նույնիսկ անհեթեթ էր խաղաղության բանակցությունները սկսելու հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբին դիմելու Հայաստանի քայլը:

Փաշինյանը փորձում էր Հայաստանի արտաքին քաղաքականության մանևրը մեծացնել, բայց ռիսկերը չէր հաշվարկել, նա իր այս քայլով, ըստ էության, հիմքեր ստեղծեց, որ Մոսկվայի ու Բաքվի օրակարգերը նույնանան այս հարցում։ Պետք է ընդգծել նաև, որ Մինսկի խմբից առանձնապես սպասելիք էլ չկար այս իրավիճակում։

Երկրորդ սխալը․ ի՞նչ արժեք ուներ Արցախի խորհրդարանի կողմից տարածքների դեօկուպացիայի մասին այդ օրենքի ընդունումը, դա ոչ մի ձևով չբարձրացրեց Արցախի բնակչության անվտանգության մակարդակը, բայց փոխարենը մենք ստացանք գազամատակարարումից զրկված Արցախ ու ևս մեկ օկուպացված գյուղ, զոհերի մասին էլ չխոսենք։

Ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքը հայ-ադրբեջանական ուղիղ երկխոսությունն է․ պատեհ կլինի նման երկխոսություն վարել, որովհետև այս համաշխարհային գերլարված իրավիճակում չի կարելի երրորդ կողմերի վրա հույս դնել։

– Պարո՛ն Սուրենյանց, հայկական կողմի սխալներից մեկը համարում եք ԵԱՀԿ Մինսկի խմբին դիմելը, բայց Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք Ադրբեջանին ասել են, որ վերջինիս կետերը ընդունելի են Հայաստանի համար, ու մի առաջարկ էլ իրենք են արել՝ Երասխի հատվածում զորքերի հայելային հետքաշման մասով։ Ըստ էության, Ադրբեջանը կարծես թե դժգոհելու առիթ չպետք է ունենար։

– Համանախագահությանը դիմելը մանևր էր․ ստանդարտ իրավիճակում դա շատ ընկալելի քայլ կլիներ, բայց այս իրավիճակում Բաքվում, ըստ երևույթին, հաշվարկեցին, որ հայկական կողմն ուզում է բանակցությունները կամ գործընթացը ձգձգել, ժամանակի վրա խաղալ։

Ինչ վերաբերում է զորքերի հայելային հետքաշման Փաշինյանի առաջարկությանը, թե՛ Երասխի հատվածում, թե՛ գլոբալ հարթության վրա անհեթեթություն է ու որևէ կապ չունի խաղաղության պայմանագրի գործընթացի հետ, որովհետև այդ գործընթացի կարևոր բաղադրիչներից մեկը հենց դելիմիտացիան, դեմարկացիան է։ Եթե կողմերը համաձայնում են բանակցել, ձևավորվում են աշխատանքային խմբեր, այդ հարցը քննարկման առարկա է դառնում։

– Եթե Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեն բանակցել ադրբեջանական հինգ կետից բաղկացած առաջարկի ու Հայաստանի՝ զորքերի հայելային հետքաշման առաջարկի շուրջ, այսինքն՝ բանակցություններն ընթանան այս օրակարգով, ի՞նչ ակնկալիքներ ունենանք։

– Եկեք այս պահից օրակարգը չֆիքսենք, որովհետև եթե երկխոսությունը սկսվի, ապա կողմերը կարող են տարբեր առաջարկություններով հանդես գալ, տարբեր կետեր առաջ քաշել, բայց այդ երկխոսությունն ինքնին կնշանակի, որ կողմերը մտադրված են քաղաքական լուծումներ գտնել, և դա էապես կնվազեցնի պատերազմի վերսկսման ռիսկը, որովհետև այս պայմաններում պատերազմ-խաղաղություն երկընտրանքի հարցը սրված է, եթե չենք գնում երկխոսության՝ մեծ է հավանականությունը, որ դա կարող է պատերազմի վերսկսման հանգեցնել։

– Պարո՛ն Սուրենյանց, բայց Ադրբեջանն ուզո՞ւմ է այդ երկխոսությունը։

– Շատ բարդ հարց եք տալիս․ գիտեք, հաղթող կողմին միշտ ձեռնտու է երկխոսությունը, որովհետև այդ սեղանի շուրջ օբյեկտիվորեն իր դիրքերն ուժեղ են, այսինքն՝ այնպես չէ, որ հաղթող կողմը երկխոսությունից հրաժարվում է։ Իմ տպավորությամբ՝ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում այնպիսի իշխանություններ են, որոնք բնույթով ռացիոնալ չեն, բայց ամեն դեպքում դժվար է առանց փորձելու միանշանակ պնդել, թե Ադրբեջանը երկխոսություն չի ուզում։

Այո՛, Ադրբեջանն ունի ագրեսիվ օրակարգ, իր պահանջները զուգակցում է ուժի ցուցադրությամբ, այս ամենը կա, բայց, օրինակ՝ արդյոք հայկական կողմից արվե՞լ է առավելագույնը երկխոսություն կայացնելու համար, թե՞ ոչ։ Հայաստանի իշխանությունը պետք է ուղղակիորեն հայտարարի, որ ինքը պատրաստ է ուղիղ երկխոսության, այդ դեպքում գոնե Ադրբեջանի մանևրելու հնարավորությունները շատ սահմանափակ կլինեն։

– Արցախում ստեղծված իրավիճակի ինչպիսի՞ հանգուցալուծում եք կանխատեսում, ռուսական ու ադրբեջանական կողմի միջև ընթացող բանակցություններն ի՞նչ արդյունք կտան։

– Այդ դրվագով առանձնապես չեմ էլ հետաքրքրվում, որովհետև եթե այսօր այդ գյուղերի հարցն ինչ-որ կերպ լուծվի, վաղն այլ խնդիր է առաջանալու: Մենք պետք է հասկանանք մի բան․ քանի դեռ Լեռնային Ղարաբաղի խնդիրը, հայ-ադրբեջանական հարաբերությունները քաղաքական լուծում չեն ստացել, նման միջադեպերը, սադրանքները միշտ լինելու են։

– Իսկ դրա համար ի՞նչ քայլեր պետք է անի Հայաստանի Հանրապետության իշխանությունը։

– Հայաստանի իշխանության հռչակած՝ խաղաղության դարաշրջանի օրակարգ տերմինը շատ նման է բաժակաճառի։ Այն պետք է բովանդակություն ունենա, քաղաքականությունը սիրում է զեղումներից զերծ, կոնկրետ տեքստեր, բովանդակություններ։ Իշխանությունը պետք է հայտարարի, որ պատրաստ է Ադրբեջանի հետ ուղիղ երկխոսության՝ ներառելով նաև իր հարցերը, որոնք պետք է քննարկվեն։

Պաշտոնական Երևանը պետք է ուղիղ երկխոսության միջոցով Ադրբեջանի հետ ճշտի երկու երկրների հարաբերություններին վերաբերող հարցերը ու կարողանա նախաձեռնություն ցուցաբերել՝ հիմքեր ստեղծել Ստեփանակերտի ու Բաքվի երկխոսության համար, որովհետև խորապես համոզված եմ, որ Բաքուն ու Ստեփանակերտը պետք է քննարկեն ու լուծում տան Արցախի կարգավիճակի հարցին։

– Իսկ Ռուսաստանը կհամաձայնի՞, որ կողմերն առանց երրորդ կողմի բանակցեն։

– Իմ պատկերացրած լուծմանը ինչ-որ փուլում միջազգային դերակատարները, այդ թվում՝ Ռուսաստանը, մասնակցելու են, բայց այս փուլում Ռուսաստանը պետք է համոզվի, պետք է նրան բացատրվի, որ սա այլընտրանք չունեցող ճանապարհ է, որովհետև Ռուսաստանն ինքը այսօր գերհագեցած օրակարգ ունի, և չեմ կարծում, որ Ղարաբաղում կամ մեր տարածաշրջանում տեղի ունեցածը նրան առանձնապես հուզում է, եթե անգամ հուզում էլ է, բայց ռեսուրս չունի միջամտելու։

Ի վերջո պետք է հասկանանք, որ Հայաստանի որևէ իշխանություն մի օր պետք է գիտակցի, որ այս կոնֆլիկտին քաղաքական կարգավորում է պետք, որովհետև չորս տարի հետո այդ խաղաղապահ մանդատն էլ է վերջանալու, ուզում եմ ասել, որ որևէ երրորդ երկրի երաշխիք հավերժ չէ:

Այս իմաստով Հայաստանի իշխանության խնդիրն է այնպիսի դիվանագիտություն բանեցնել, որը մի կողմից չի վնասի հայ-ռուսական հարաբերություններին, մյուս կողմից էլ՝ չի խոչընդոտի հարևան երկրների հետ քաղաքական երկխոսության իրականացումը։

– Պարո՛ն Սուրենյանց, եթե չհաջողվի այդ դիվանագիտությունը վարել, ինչի՞ սպասել։

– Այսօր պատերազմի կամ խաղաղության հարցն այնքան է սրված, որ եթե խաղաղության օրակարգը տապալվի, շատ մեծ է հավանականությունը, որ ականատես կլինենք նոր պատերազմի, ճիշտ այնպես, ինչպես, օրինակ՝ ֆուտբոլային դիվանագիտության տապալումը հետո բերեց 2016-ի ու 2020-ի պատերազմներին։

– Այսինքն՝ հավանական համարո՞ւմ եք նոր պատերազմի սկսումը մեր տարածաշրջանում։

– Իհարկե, եթե քաղաքական կարգավորում չլինի, վաղ թե ուշ խնդիրները կկարգավորվեն ռազմական ճանապարհով։ Շատ լուրջ մտահոգվելու կարիք ունենք, որովհետև այսօր մեր երկիրը նոր պատերազմի ռեսուրսներ չունի։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am