Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը փորձում է իր լայնածավալ սադրանքի համար մեղադրել հայկական կողմին․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի զինված ուժերը, նոյեմբերի 16-ին նախաձեռնած հարձակումն ուղեկցում են լայնածավալ ապատեղեկատվական արշավով։ Մասնավորապես՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր, կեսօրին, մինչև բուն հարձակումն սկսելը, տարածել էր հաղորդագրություն, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները, նոյեմբերի 15-ին և 16-ին հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի ուղղություններով գնդակոծել են ադրբեջանական դիրքերը։

Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը նաև պնդում է, թե ՀՀ զինված ուժերը գործողություններ են իրականացնում Տավուշի ուղղությամբ։ Նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը փորձում է իր լայնածավալ սադրանքի համար մեղադրել հայկական կողմին, այդուհանդերձ, առավել քան ակնհայտ է, որ հենց Ադրբեջանն է նախահարձակ եղել՝ գրոհելով հայկական դիրքերը՝ հրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ։