Կամավոր ատեստավորմամբ ուսուցիչները հնարավորություն կունենան ստանալ հավելավճար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ուսուցիչների համար իրականացվող կամավոր ատեստավորման գործընթացը կնպաստի վարձատրության վերանայմանը: Առայժմ գործընթացը վերաբերում է 7-12-րդ դասարաններում «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայ գրականություն», «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Հայոց պատմություն» առարկաները դասավանդող ուսուցիչներին:

«Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնակատար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ մայիսի 3-ից արդեն սկսել են դիմումների ընդունման գործընթացը: Ուսուցիչները մինչև մայիսի 31-ը կարող են անձամբ դիմումը ներկայացնել նախարարություն կամ ուղարկել էլեկտրոնային տարբերակով:

«Կամավոր ատեստավորումն իրենից ենթադրում է գիտելիքների ստուգման գործընթաց, որի արդյունքում ստեղծվում է աշխատավարձի հավելավճարի սահմանում՝ կախված այն արդյունքից, որը կունենա ուսուցիչը: Նախատեսվում է, որ սեպտեմբերին կիրականացվի գիտելիքների ստուգման բուն գործընթացը: Այն ուսուցիչները, որոնք կունենան 80-90 տոկոս արդյունք, կստանան աշխատավարձի 30 տոկոս հավելավճար, այն ուսուցիչները, որոնք կցուցաբերեն 90 և ավելի տոկոս արդյունք, կստանան աշխատավարձի 50 տոկոս հավելավճար»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:

Կախված դիմումների թվից՝ Գնահատման և թեստավորման կենտրոնի միջոցով պլանավորվելու է գիտելիքների ստուգման գործընթացի կազմակերպումը: Մինչև օգոստոսի 20-ը կհրապարակվի գիտելիքների ստուգման ժամանակացույցը: Կախված դիմումների թվից՝ կհստակեցվի Երևանում ու մարզերում քննական կենտրոններ ձևավորելու հարցը: Ժաննա Անդրեասյանի խոսքով, նախնական գնահատականներով ակնկալում են 2000-ից ավելի դիմում, և 1500-ից ավելի ուսուցիչների դեպքում սպասվում է, որ կունենան հավելավճարներ ստանալու հնարավորություն:

Ուսուցիչներին շատ է հետաքրքում այն, թե արդյոք լինելո՞ւ է ուղղորդում կամ ձևանմուշ: Ժաննա Անդրեասյանը նշեց, որ այս շաբաթվա ընթացքում ԳԹԿ-ի կողմից կհրապարակվեն գրականության ցանկերը և կլինեն որոշակի ուղեցույցներ:

Ինչ վերաբերում է պարտադիր ատեստավորման գործընթացին, ապա նախարարի տեղակալի պաշտոնակատարը նշեց, որ «Հանրակրության մասին» օրենքով սահմանված է պահանջ, որ յուրաքանչյուր ուսուցիչ 5 տարին մեկ պետք է անցնի պարտադիր ատեսստավորման գործընթաց, որը գիտելքիների ստուգում չի ենթադրում, այլ դա արվում է փաստաթղթային եղանակով:

«Մենք ունեցել ենք մի իրավիճակ, երբ այս պարտադիր ատեստավորման գործընթացը չի իրականացվել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Կրթության ազգային ինստիտուտը, որն այս գործընթացի հիմնական պատասխանատու մարմինն էր, լուծարվել էր: Հիմա վերսկսում ենք գործընթացը, և այստեղ կարևոր բաղադրիչ է ուսուցիչների վերապատրաստումը, որի համար տրամադրվում են անհրաժեշտ միջոցները»,- ասաց նա:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձավ ևս մեկ կարևոր փոփոխության: Ի տարբերություն նախկին պահանջների, երբ վերապատարստումն իրականացնում էր Կրթության ազգային ինստիտուտի կողմից, այժմ լինելու է բաց և մրցակցային դաշտ, երբ այլ երաշխավորված կազմակերպություններ կկարողանան վերապատրաստել ուսուցիչներին: Վերջիններս էլ ընտրելու են, թե որ կազմակերպության վերապատրաստմանը կցանկանան մասնակցել: Ուսուցիչները հնարավորություն են ստացել ինքնուրույն կուտակել կրեդիտներ դասընթացների միջոցով, որոնք նույնպես երաշխավորվելու են: Այն ուսուցիչները, որոնք ակտիվ ու նախաձեռնող են և ատեստավորման համար կհավաքեն առնվազն 9 կրեդիտ, ապա կկարողանան ավտոմատ կերպով ատեստավորվել:

Թյուրըմբռնում չլինելու համար, Ժաննա Անդրեասյանն ընդգծեց, որ պարտադիր ատեստավորումն օրենքի պահանջ է, իսկ կամավորն, ըստ ցանկության է, հետևաբար մեկը մյուսին չի խանգարում: