«Տագնապ տվեցին՝ մտեք տուն, երեխեքը բոլորը զալի պոլերի վրա պառկեցին, երեխեքի ղժժոցը հլը ականջներիս մեջ ա»․ Անժիկ Գևորգյանի ընտանիքը՝ Հադրութից Մասիս

Մեր կյանքը մի վայրկյանում փոխվեց՝ ասում է 60-ամյա Անժիկ Գևորգյանը, որն Արցախյան պատերազմի օրերին ընտանիքի մի մասի և հարևանների հետ տեղահանվել և անօդաչու սարքերի, ռմբակոծության ներքո Արցախից հասել է Հայաստան։

Անժիկ Գևորգյանը հուզմունքով վերհիշում է, թե ինչպես քնից վեր թռան պատերազմ սկսվելու օրը՝ իմանալով, որ տան մոտակայքում հակառակորդը «Սմերչով» հարվածներ է հասցնում: «Տղաս զինվորական է, Ջաբրայիլում տուն էին տվել, համ էնտեղ տուն ունեինք, համ Սարալանջ գյուղում, մենք Ջաբրայիլում ենք եղել պատերազմը սկսվելու օրը:

Մեր տունը զորանոցի մոտ էր, սեպտեմբերի 27-ին՝ առավոտ շուտ 7։10 րոպե, «Սմերչը», որ խփեց, մեր տան մոտակայքում ընկավ: Սխալ էին նշան բռնել, զորանոցին էին ուզեցել խփել, էդ դղրդյունից միանգամից քնած տեղներիցս վեր թռանք»,- այնուհետև հիշում է, որ ամուսինն ու տղան իրեն, հարսին ու երեխային տարել են Հադրութի շրջանի Սարալանջ գյուղում գտնվող իրենց մյուս տունը։

«Գյուղը մի քիչ հեռու էր սահմանից, ու իրենք գնացին ծառայության: Մեր հետևից մեր շենքի բոլոր բնակիչները եկան մեր տուն։ Էդ տունը մեծ էր՝ ամեն ինչով հարուստ, ամեն տեսակ բան ունեինք, նռան այգիներ, 6 հա վարելահողեր, վարձակալած 20 հա հող ունեինք, ամեն տեսակ ծառեր։ Համարյա 60 հոգի եկան՝ կանայք, երեխաներ:

Մեկը կոշիկ էր հագել, մեկը լաթ էր հագել, որը՝ վախից սարսափահար, լցվեցին մեր հայաթ: Ջաբրայիլի կամանդիրը զանգեց, ասեց՝ ավտո դուրսը չթողեք, անօդաչու սարքերը լրիվ ռմբակոծում են։

Մեկ էլ տագնապ տվեցին՝ մտեք տուն, դուրս չգաք, որ մեր տեղը չիմանային, ըտենց երեխեքը բոլորը զալի պոլերի վրա պառկեցին: Ահավոր վիճակ էր, երեխեքի ղժժոցը հլը ականջներիս մեջ ա, հլը չեմ մոռացել։

Ես էլ մի տարեկան թոռնիկ ունեմ, հարսս էլ հղի էր էդ վիճակին։ Ջաբրայիլի կամանդիրը մեքենաներ ուղարկեց, ինչքան ժողովուրդ կար, լցվեցինք մեքենաների մեջ ու ժամը 3-4-ի մոտերն էր, կամանդիրը հրաման տվեց, ասեց՝ քանի շուտ ա՝ գնացեք Հայաստան»,- պատմում է Անժիկ Գևորգյանը։

Գևորգյանի խոսքով՝ որևէ բան չեն հասցրել տնից վերցնել, միայն որոշ փաստաթղթեր, ամեն ինչ թողել են ու դուրս եկել: Ամբողջ ճանապարհն անցել են վախի ու սարսափի մեջ․

«Ճանապարհին մենք չգիտեինք՝ սա՞ղ կմնանք, թե՞ կզոհվենք, հույսներս կտրել էինք, էդ անօդաչուների, ռմբակոծության ձայները, որ լսում էինք, ասում էինք՝ հեսա ուր որ ա՝ մեզ էլ են խփելու։ Խնձորեսկի կողմով էինք գալիս, տեսանք՝ համատարած ռմբակոծել են՝ փոշի, դուման»,- հուզմունքը զսպելով պատմում է Գևորգյանը։

Հասնելով Հայաստան՝ Գևորգյանը հարսի ու թոռնիկի հետ ապաստանում է Մասիսում գտնվող կիսակառույց տանը։ Իսկ Երևանում գտնվող տղան մեկնում է Արցախ՝ միանալու եղբայրներին ու հորը հայրենիքի պաշտպանության համար։

«Տղաս մեզ դիմավորեց, Լաչինի պոստից բերեց տուն ու ասեց՝ մամա, ես պիտի անպայման գնամ, չեմ կարա չգնամ: Լացեցի՝ ախպերներդ էնտեղ են, դո՞ւ ինչի ես գնում, բա մեզ ո՞վ տիրություն անի, բայց չլսեց, գնաց։

Տղես բուժակ էր հոսպիտալում։ Ջաբրայիլի կռիվներին էր մասնակցել, տղաս վիրավորվել էր, տանկ էր խփել և 4 թուրքի, հետևից սնարյադը խփել էր ու խեղճ երեխուս միանգամից խփել էր գետնովը: 15 հատ բեկորային վնասվածք ունի, առաջին աստիճանի ուղեղի ցնցում է ստացել:

Մի զինվոր մի հատ մեծ խաչ էր տվել իրեն, ասել էր՝ բժիշկ ջան, դու որ մեզ օգնում ես, էս խաչն էլ թող քեզ օգնի: Տղես ծոցագրպանն էր դրել էդ խաչը, ասկոլկեն որ եկել էր, սրտին կպներ, էդ խաչը դեմը պահել էր: Հիմա էդ խաչը մեր տանը պահում ենք։ Տղայիս վիրավոր բերեցին Ստեփանակերտ, հետո՝ հանրապետական հիվանդանոց:

Էդտեղից էլ կիսաբուժված՝ վիրահատության կարիք ունի, էդ ասկոլկեքը, բեկորների վնասվածքները ոսկորներին կպած են, չեն վիրահատել, էդպես էլի գնաց կռիվ: Ձեռնափայտով էր, չէր էլ կարողանում քայլել՝ բա ես պիտի գնամ, հայրենիքը ինձ կանչում ա, չեմ կարող մնալ։ Հարյուրավոր զինվորի կյանք ա փրկել իմ տղան, բայց էսօր ո՛չ տեղը գիտեն, ո՛չ պարգևատրում տվեցին»,- ասում է Գևորգյանը։

Գևորգյանն ասում է, որ Աստծուց անչափ շնորհակալ է, որ տղաներն ու ամուսինը ողջ են մնացել ահասարսուռ պատերազմում, միայն մի տղան է վիրավորվել։ Սակայն մինչև պատերազմն ունեցած խինդն ու ուրախությունն այլևս չկան։ Չկան 22 տարվա ընթացքում ստեղծած տունն ու ապրուստը՝ երկու տունը, այգիները, հողամասերը: Գևորգյանի խոսքով՝ մնացել են կոտրած տաշտակի առաջ՝ ապագայի անորոշ պատկերացմամբ։

Անժիկ Գևորգյանը` ամուսնու, տղայի, տղայի կնոջ և թոռնիկի հետ

«Մենք 2000-ին էինք Մասիսից գնացել Արցախ, «Ղարաբաղ» կոմիտեն ամուսնուս ուղեգիր էր տվել, որ գնանք էնտեղ, էդ տարածքները ծաղկացնենք, որ ժողովրդին էլ մեր հետ տանենք, որ էդ վայրերը բնակեցվեն։ Էստեղի մեր տունը կիսակառույց թողեցինք ու գնացինք Արցախ։

Դատարկ հող էին մեզ տվել, մենք ծաղկացրինք, 22 տարի էնտեղ էինք, մեր տարիքի ծառեր ունեինք, մարդու լաց ա գալիս, լավ էինք ապրում, գոհ էինք, ուրախ էինք: Չորս տղա եմ մեծացրել, երեխեքս համալսարան են ավարտել։ Չորս տղուս ամեն ինչի հասցրել ենք մեր քրտինքով։ Ամեն տեսակի հարմարություն ունեինք, տվեցինք թուրքին, եկանք։

Ասում էին՝ հայկական տարածք ա, ձեզանից ոչ ոք չի վերցնի, ծաղկացրեք, ամեն ինչ արեք, հիմա 300 հազար փող են տալիս: Վարկեր ունեինք, վերցրել, տուն էինք կահավորել, ամեն հարմարություն ստեղծել էինք, ծառ էինք տնկել, այգի գցել: Էդ գումարն էլ տարանք, վարկերը մուծեցինք, ասեցին՝ չմուծեք, տոկոս կգումարվի, իրանց տված փողը տվեցինք վարկերին, հիմա մնացել ենք դափ-դատարկ տան մեջ, ոչ մի բան չկա»,- ասում է Գևորգյանը։

Նրա խոսքով՝ Մասիսում գտնվող կիսակառույց տունը հարմարություններ չունի՝ գազ, ջուր, տանը ցուրտ է, էլեկտրաէներգիայի գումարն էլ 60 հազարը հատել է, որոշ իրեր հարազատներն ու հարևաններ են տվել: «Ջուրը հարևանիցս ենք խնդրել, տվել ա, գարունը կբացվի, նոր կքաշենք։ Էս պահին ոչ աման-չաման, ոչ պահարան, ոչ կարգին շոր կա, հարևանս երկու մահճակալ ա տվել, տեգորս աղջիկն էլ երկու մահճակալ ա տվել։

Էս դափ-դատարկ տան մեջ ո՞նց կլինի, մեր հարազատությունից մի բան տվել են, սուտի ապրում ենք: Հարսս հղի վիճակում էդ սետկայով մահճակալի վրա չի էլ կարողանում պառկի, հարմարվի, երեխուն օրորոց չկար, երկրորդն էլ պիտի ծնվի, չգիտեմ ոնց կլինի։ Սնունդն էլ որ տալիս են, չի հերիքում, վեց շունչ ենք, մեկն էլ շուտով կծնվի։ Էս հարսիս ոչ նորմալ սնունդ կա, ոչ միրգ կա, հղիի համար ոչ մի բան չենք ստացել»,- հուզմունքով ասում է Գևորգյանը։

Դեռ չի պատկերացնում, թե ապագան ինչպիսին կլինի, Արցախ վերադառնալ վախենում է․ «Ես թուրքի հետ չեմ կարա ապրեմ, էն ահ ու սարսափը, որ տեսա ճամփեքին, էն թուրքի գազանությունները, ես իմ երեխեքի կյանքի հետ չեմ խաղա, իմ թոռներին ո՞նց տանեմ: Էն ժամանակ հայերի մեջ էինք, սահման կար, զինվորը կար, արխային էինք, համոզված էինք, որ մեր բանակը մեզ պահում ա, արխային էինք, հիմա թուրքի մեջ ո՞նց ապրես»։

Ասում է, որ ամեն ինչ կորցրել են, բայց ստեղծարար մարդիկ են, եթե Հայաստանում որոշակի օգնություն ստանան, կորցրածի դիմաց որոշակի փոխհատուցում ունենան, նորից կկառուցեն, կապրեն: 

«Եթե գործով ապահովեն, երեխեքին աշխատանք տան, էդքան կորցրել ենք, տուն-տեղ թողել ենք, գոնե մի քիչ փոխհատուցում տան, էլի ոտի կկանգնենք: Որ պետությունը աջակցի, կստեղծենք, մենք ստեղծող ժողովուրդ ենք»,- նշում է Գևորգյանը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am