Շաքարից լիովին հրաժարվելը կարող է վնասել առողջությանը. ինչ է պարզել նոր հետազոտությունը

The Independent-ը գրում է, որ թեև շատերը համոզված են, որ շաքարից ամբողջությամբ հրաժարվելը լավագույն ընտրությունն է առողջության համար, նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ դա կարող է նաև բացասական հետևանքներ ունենալ։

Հետազոտությունը ներկայացվել է ԱՄՆ-ում անցկացվող Էնդոկրինոլոգների ընկերության (ENDO 2026) տարեկան համաժողովում։ Գիտնականները պարզել են, որ սննդակարգից սախարոզի (սովորական սեղանի շաքարի) լիակատար բացառումը կարող է խաթարել աղիքային միկրոբիոմի հավասարակշռությունը և վատացնել նյութափոխանակության որոշ ցուցանիշներ։

Փորձի ընթացքում գիտնականները 16 շաբաթ հետևել են մկների երկու խմբի։ Երկուսն էլ ստացել են ցածր յուղայնությամբ սննդակարգ, սակայն առաջին խմբի սննդում եղել է սախարոզ, իսկ երկրորդինը՝ ամբողջությամբ զերծ է եղել դրանից։

Արդյունքները ցույց են տվել, որ շաքար չստացած մկների մոտ զարգացել են արյան գլյուկոզի վերահսկման խանգարումներ, ինսուլինային դիմադրություն, աղիքային միկրոբիոմի անհավասարակշռություն, բորբոքային գործընթացներ և լյարդի ճարպակալման վաղ նշաններ։

Հետազոտության գլխավոր հեղինակ դոկտոր Ռաշիդ Ահմեդի խոսքով՝ «Ցածր յուղայնությամբ սննդակարգից սախարոզի ամբողջական բացառումը կարող է անսպասելիորեն խաթարել աղիքների առողջությունը, նպաստել բորբոքմանը և նյութափոխանակության խանգարումներին»։

Նա հավելել է, որ «այս արդյունքները ցույց են տալիս, որ առողջ սննդակարգում ավելի կարևոր է հավասարակշռությունը, քան պարզապես շաքարի լիակատար բացառումը»։

Միևնույն ժամանակ մասնագետները շեշտում են, որ հետազոտությունն իրականացվել է կենդանիների վրա, ուստի դրա արդյունքները դեռ պետք է հաստատվեն մարդկանց մասնակցությամբ հետագա ուսումնասիրություններով։ Նրանք նաև հիշեցնում են, որ խոսքը ավելացված շաքարի լիակատար բացառման մասին է, այլ ոչ թե մրգերում, կաթնամթերքում և այլ բնական մթերքներում պարունակվող բնական շաքարների։