AstraZeneca Plc դեղագործական ընկերությունը Եվրոպային կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 400 մլն դոզա կմատակարարի. «Ռոյթերզ»

ԵՄ երկրները կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ գնելու գործարք են կնքել:

AstraZeneca Plc դեղագործական ընկերությունը համաձայնել է Եվրոպային մատակարարել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 400 մլն դոզա։

Այս մասին հայտնում է «Ռոյթերզ» գործակալությունը։ AstraZeneca Plc-ը եվրոպական կառավարությունների հետ պայմանագիր է կնքել՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ մատակարարելու վերաբերյալ։ 

Պատվաստանյութը մշակվել է Օքսֆորդի համալսարանի կողմից, և ներկայումս թեստավորման փուլում է։ Պատվաստանյութի արդյունավետությունը պարզ կլինի միայն ամառվա վերջին, և հաջողության դեպքում այն մասսայական կիրառման կուղարկվի տարեվերջին։ 

Գործարքը առաջին եվրոպական պայմանագիրն է, որը ստորագրվել է Եվրոպայի Inclusive Vaccines Alliance (IVA) – ի կողմից, որը ձևավորվել է Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Նիդեռլանդների կողմից: Պատվաստանյութը նախատեսված Է ԵՄ անդամ բոլոր երկրների համար:

Գործարքը կնքած չորս պետությունները վճարելու են ընդհանուր գումարը, որի չափը չի հանրայնացվել, սակայն գործարքը թույլ է տալիս, որ մյուս երկրները միանան նույն պայմաններով, ասել է Իտալիայի առողջապահության նախարարության աղբյուրը:

AstraZeneca Plc դեղագործական ընկերության գործադիր տնօրեն Պասկալ Սորիոն հայտնել է, որ Ռուսաստանը, Չինաստանը, Ճապոնիան և Բրազիլիան ևս հետաքրքրություն են հայտնել։

MediaLab.am