«Շանթ և ազատություն» բարեգործական հիմնադրամը կաջակցի քաղաքական հայացքների համար հետապնդվողների ընտանիքներին

«Շանթ և ազատություն» բարեգործական հիմնադրամը կաջակցի քաղաքական հայացքների համար հետապնդվողների ընտանիքներին
«Շանթ և ազատություն» բարեգործական հիմնադրամը կաջակցի քաղաքական հայացքների համար հետապնդվողների ընտանիքներին

«Շանթ և ազատություն» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է աջակցելու Հայաստանում քաղաքական հայացքների համար հետապնդվողների ընտանիքներին:

«Հայաստանում կա 15 քաղբանտարկյալ. Շանթն ու իր ընկերները և ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը: Նրանք ընտանիքներ ունեն, անչափահաս երեխաներ, ովքեր բարոյական և նյութական աջակցության կարիք ունեն»,-նշեց հիմնադրամի հիմնադիր Ֆելիքս Հայարապետյանն այսօր՝ «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած ասուլիսին:

Հիմնադրամի նպատակն է իրավական աջակցություն ցուցաբերել հետապնդվողներին և սոցիալական, առողջապահական, ֆինանսական ծրագրեր իրականացնել նրանց ընտանիքների համար: Հիմնադրամի գործունեությունը կանոնակարգելու է հոգաբարձուների խորհուրդը:

«Առաջիկա խնդիրն ամենայն հավանականությամբ գումարների մուտքագրումը կլինի: Իսկ հետո մեր ունեցած հնարավորություններով համամասնորեն, ըստ անհրաժեշտության, նյութական աջակցություն ցույց տալ և ձերբակալվածներին, և ձերբակալվածների ընտանիքներին, ինչպես նաև լոբբիստական աշխատանքներ կատարել նրանց ազատությունն ապահովելու համար»,-նշեց հիմնադրամի հոգաբարձու Միքայել Հայրապետյանը:

«Որոշումը հետևյալն է. օգնել այն մարդկանց ընտանիքներին, ովքեր այսօր պայքարում են մեր բոլորիս ազատության համար, Հանրապետության լիակատար անկախության համար,- հավելեց հիմնադրամի հոգաբարձու Էդուարդ Զորիկյանը,-գիտեմ՝ շատերը հայտարարել են փաստաբանական օգնության մասին, բայց միշտ մոռանում ենք, որ ամեն մի ձերբակալվածի ետևում մի ամբողջ ընտանիք է: Այդ ընտանիքում կան մեծեր, կանայք, երեխաներ, իսկ ձերբակալվածները հենց կերակրող ձեռքն են՝ ընտանիքի հայրերը»:

Բարեգործական հիմնադրամին աջակցել ցանկացողները կարող են փոխանցումներ կատարել առցանց կամ այցելելով բանկեր: Հիմնադրամի մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այցելելով՝www.shantfoundation.org :

«Մեդիա կենտրոն»