Նախատեսվում է կանոնակարգել կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերին ներկայացվող պահանջները` սահմանելով գունային տարանջատում

Օրենքի նախագծով առաջարկվող   փոփոխությունները միտված են  կանխելու սպառողներին մոլորության  մեջ գցող գործողությունները, ինչպես նաև պաշտպանելու մարդու կյանքն ու առողջությունը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 6-ին առաջին ընթերցմամբ քննարկել է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը: Նախաձեռնությունը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Նախաձեռնությամբ նախատեսվում է կանոնակարգել կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերին ներկայացվող պահանջները՝ սահմանելով գունային տարանջատում: Առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) կաթնամթերքի վաճառքի դեպքում տարանջատված դարակաշարը պետք է ապահովված լինի կանաչ գույնով, իսկ կաթնային յուղի  փոխարինիչի դեպքում` նարնջագույնով, ինչը միտված է կանխելու սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունները, ինչպես նաև սահմանել կամավոր հիմունքով գունային ինքնակպչուն պիտակների վերաբերյալ դրույթը, առևտրի օբյեկտներում և առևտրի վայրերում սպառողի կողմից տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի և հումքի նույնականացման հետ կապված հարաբերությունները: Ըստ այդմ՝ սպանդանոցային ծագման տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի և հումքի N 5 ձևի անասնաբուժական վկայականը կամ պիտակը պետք է փակցվի սպառողներին տեսանելի տեղում, ինչը  սպառողին հնարավորություն կտա նույնականացնել  մթերքի կամ հումքի ծագումը:

Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ: Քանի որ  առաջարկվող կարգավորումների հետ որոշ տարակարծություններ կային, հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի առաջարկով նախագծի վերաբերյալ քվեարկությունը լրացուցիչ քննարկելու  նպատակով հետաձգվել է: Աշխատանքային քննարկմանը կհրավիրվեն նաև մասնագետներ:

Առաջարկն ընդունվել է, հարցի քվեարկությունը տեղի կունենա  հանձնաժողովի հաջորդ նիստում:

Մինչև երկու ամիս ժամկետով հետաձգվել է «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» և կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթի քննարկումը: