Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը արձանագրել է, որ Լիլի Մկրյանի նկատմամբ ընտրված ամենախիստ խափանման միջոց՝ կալանքը եղել է ոչ իրավաչափ. փաստաբան

Վերաքննիչ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր՝ Արմեն Հովհաննիսյանը քննարկելով «Սիներջի» ընկերության աշխատակից՝ Լիլի Մկրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց՝ կալանքի իրավաչափության հարցը, արձանագրել է՝ իրավունքի խախտում։

Այս մասին հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Մասնավորապես՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը արձանագրել է, որ իսկզբանե Լիլի Մկրյանի նկատմամբ ընտրված ամենախիստ խափանման միջոց՝ կալանքը եղել է ոչ իրավաչափ և ստորադաս ատյանը հաշվի չի առել բազմաթիվ հակակշռող գործոններ, որոնց թվում հատուկ դեր ունի՝ Լիլի Մկրյանի ընտանեկան կարգավիճակը, այն է՝ մայրական կաթով սնվող երկու տարեկան երեխայի հանգամանքը։ Ուստի արձանագրել է, որ կիրառված կալանքը չի եղել համաչափ»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ դատախազը 2024 թվականի փետրվարի 12-ին սեփական նախաձեռնությամբ փոխել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող մեղադրյալներ՝ առևտրային կազմակերպության աշխատակիցներ Ա.Գ.-ի և Լ.Մ.-ի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը: Հաշվի առնելով, որ վերոնշյալ մեղադրյալները ցուցմունքներ են տվել քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, նրանց մասնակցությամբ կատարվել են առերեսումներ, որպիսի պայմաններում վարույթի տվյալ փուլում էականորեն նվազել է մեղադրյալներ Ա.Գ.-ի և Լ.Մ.-ի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու, ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու հավանականությունը՝ դատախազը վարույթն իրականացնող մարմնին հանձնարարել է մեղադրյալներ Ա.Գ.-ի և Լ.Մ.-ի նկատմամբ կիրառել համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն:

Հիշեցնենք, որ դատախազը 2024 թվականի հունվարի 31-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձանց նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), իսկ առևտրային կազմակերպության ղեկավարի և աշխատակիցների նկատմամբ՝ նույն արարքին հանցակցելու (Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ):