Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 30-ին ընդունել է «Save Armenia» հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է Գրիգորյանն՝ ֆեյսբուքյան պաշտոնական գրառմամբ:
«Ողջունել եմ պատվիրակության այցը Հայաստան և այն կարևորել ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների հետագա զարգացման տեսանկյունից՝ մատնանշելով հնարավոր համագործակցության ուղիները՝ սկսած առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումից ու էներգետիկ ոլորտի բազմազանեցումից մինչև պաշտպանական ոլորտում հնարավոր համագործակցություն:
Հանդիպմանը ներկայացրել եմ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները և վերահաստատել Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ամրապնդմանն ուղղված ՀՀ կառավարության հանձնառությունն ու ջանքերը:
Հարց ու պատասխանի ընթացքում ներկայացրել եմ ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և ընդգծել դրա կարևորությունը՝ որպես տարածաշրջանային կայունությանն ու տնտեսական զարգացմանը նպաստող գործոն»,-տեղեկացնում է նա:



















