«Կանչեք, քննեք Արա Այվազյանին». փաստաբանը նախկին արտգործնախարարի հայտարարության հետքերով դիմում է իրավապահներին

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանի հրաժարականի հետքերով պատրաստվում է հաղորդում ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

Հովհաննիսյանը նախկին պաշտոնյայի հրաժարականից հետո մայիսի 31-ին գլխավոր դատախազին ուղղված հաղորդումը ներկայացրել էր հանրային՝ իր ֆեյսբուքյան էջում:

Փաստաբանի համար մտահոգության առիթը Արա Այվազյանի հրաժարականի տեքստի հետևյալ հատվածն է եղել. «…Իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահերի դեմ են եղել»։

Ըստ Հովհաննիսյանի՝ Արա Այվազյանի այս տեքստից ենթադրելի է, որ «պաշտոնավարման ընթացքում նա առնչվել է պաշտոնատար անձանց կողմից իրականացվող այնպիսի անօրինական գործընթացների, որոնք սպառնում են մեր պետականությանը, ազգային և պետական շահերին»։

Փաստաբանի հանրային հաղորդումը իրավապահ մարմինները անուշադրության են մատնել: Գլխավոր դատախազությունից «Մեդիալաբին» ասացին, որ Վահան Հովհաննիսյանի կողմից անձամբ հանցագործության մասին հաղորդում չեն ստացել:

«Իմ հանրային հայտարարությունը չընդունեցին որպես հաղորդում հանցագործության մասին, առաջիկայում պատրաստվում եմ անձամբ հաղորդում ներկայացնել դատախազություն»,- «Մեդիալաբին» ասաց Հովհաննիսյանը:

Նրա պնդմամբ՝ արտաքին գործերի նախարարի նախկին պաշտոնակատար Արա Այվազյանի հրաժարականի տեքստից նույնիսկ իրավաբանական կրթություն չունեցող անձինք կարող են հասկանալ՝ տեղի է ունեցել հանցագործություն:

«Տեղի են ունեցել այնպիսի անօրինական գործողություններ, որոնք անմիջականորեն սպառնացել են մեր պետականությանն ու ազգային շահին, ու այդ գործընթացին չմասնակցելու համար է արտգործնախարարը հրաժարական տվել: Այսինքն՝ ինքն իր հայտարարությամբ փաստում է, որ իշխանության վերին էշելոնները կատարում են այնպիսի քայլեր, դիտավորյալ գործողություններ, որոնք վտանգում են մեր ազգային շահը: Հետևաբար ես ասում եմ՝ քննե՛ք այդ անձին և պարզե՛ք՝ արդյոք ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում հիմա մեր պետականության դեմ»,- նկատեց Վահան Հովհաննիսյանը:

Դիտարկմանը, թե վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակը իր հերթին հայտարարել էր, որ թող Արա Այվազյանը հրապարակային պարզաբանի «այդ ո՞վ, ե՞րբ, որտե՞ղ և ինչպե՞ս էր պատրաստվում ինչ-որ քայլ անել կամ որոշում կայացնել, որ հակասում է մեր երկրի պետական և ազգային շահին», փաստաբանն արձագանքեց.

«Միգուցե Արա Այվազյանը հայտնի տեղեկություններ, որոնք պետական գաղտնիք են պարունակում, ինչի՞ց է Մանե Գևորգյանը ենթադրում, որ Արա Այվազյանը պետք է իրեն հրապարակայնորեն պատասխանի և հայտնի պետական, ռազմական գաղտնիք: Իսկ տեսականորեն ենթադրվում է, չէ՞, որ կարող են այդպիսի տեղեկություններ պարունակվել, հետևաբար, դա կարող էր բացվել միայն նախաքննության ընթացքում, եթե քրեական գործ հարուցվի»:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab