Դիմորդներին երկու անգամ քննություն հանձնելու հնարավորություն տալը անարդար է ու անհավասար պայմաններ է ստեղծում. Ատոմ Մխիթարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը

– Պարո՛ն Մխիթարյան, ԿԳՄՍ նախարարի հավաստմամբ՝ դիմորդներին երկու անգամ քննություն հանձնելու հնարավորություն տալը դրական դինամիկա է ցույց տվել։ Այդ դրական արդյունքը դուք և՞ս նկատում եք, ընդհանուր առմամբ, այս հնարավորությունն ինչպե՞ս եք գնահատում։

– Հիմա արդեն կարելի է ասել, որ սա ուղղակի անհավասարություն է ստեղծում դիմորդների միջև․ կան դիմորդներ, որ հնարավորություն ունեն երկու անգամ քննությունը հանձնելու, իսկ կան դիմորդներ, որ չունեն այդ հնարավորությունը, մասնավորապես՝ այն դիմորդները, որոնք բանակից են զորացրվում, չէին կարող հունվարին հանձնել այդ քննությունը, այն դիմորդները, որոնք Հայաստանի քաղաքացի են, բայց Հայաստանի դպրոցները չեն ավարտում ու դիմում են մեր բուհեր, նրանք ևս, ըստ էության զրկված են երկու քննություն հանձնելու հնարավորությունից։ Այս հանգամանքն արդեն իսկ անընդունելի է, որովհետև անարդար է ու հավասար պայմաններ չի ստեղծում։ 

Երկրորդ նկատառումը, որի մասին կցանկանամ խոսել․ ըստ էության, ստացվում է, որ բոլոր այն դիմորդները, որ հունվարին հանձնել են իրենց քննությունները, հիմա էլ կրկնում են, այսինքն՝ մենք սա անում էինք նրա համար, որ այն դիմորդները, որոնք պետք է «բավարարված» լինեին իրենց գնահատականով, չմասնակցեին ամռանն անցկացվող  քննություններին, բայց մենք ստացանք այն պատկերը, որ բոլորը կամ գրեթե բոլորը քննություն հանձնեցին մի անգամ հունվարին, մի անգամ էլ՝ հիմա: Իսկ սա խոսում է այն մասին, որ ուղղակի փոշիացվում են ռեսուրսները․ մարդիկ ենք ներգրավում, որ կազմակերպվեն այդ քննությունները, ռեսուրսներ ենք ներդնում, ու դա արվում է երկու անգամ, արդյոք արժի՞ դա անել։

– Երկրորդ անգամ քննություն հանձնելու հնարավորությունը որքանո՞վ է նպաստում, որ դիմորդի գիտելիքների մակարդակն ավելի բարձր լինի այն դիմորդի գիտելիքների մակարդակից, որն ընդունելության քննություն էր հանձնում մեկ անգամ։

– Դե, նրանք անընդհատ պարապում են, հունվարին, կարելի է ասել, փորձ արեցին, հետո էլի շարունակեցին պարապել, սա նպաստում է շարունակական պարապելուն, դրանում որևէ վատ բան չկա։ Բայց սրա կարիքը չկա, որովհետև մենք անում ենք ինչ-որ բան, որը կիսատ է, սա ուղղակի կիսատ քայլ է։ 

Սրա իդեալական տարբերակն այն է, ինչն արդեն բազմաթիվ տարիներ արվում է տարբեր երկրներում․ դիմորդը հնարավորություն ունի տվյալ ժամանակահատվածում իր ցանկությամբ անընդհատ տալ քննություն ու ստանալ գնահատական, իսկ թեստավորման կենտրոնին համարժեք կառույցները, որ արտասահմանյան երկրներում կան, գործում են մշտապես։ 

Ցանկացած դիմորդ ու աշակերտ հնարավորություն ունեն անընդհատ մոտենալ ու իրենց գիտելիքները ստուգել և ստանալ իրենց հավաստագիրը, այսինքն՝ տարվա ընթացքում ցանկացած ժամանակ։ 

Երկրորդ փուլն այն է, երբ բուհերը հայտարարում են ընդունելություն, որի ժամանակ դիմորդները մոտենում են իրենց ստացած հավաստագրերով, իսկ բուհերը հայտարարում են, թե նվազագույնը քանի՛ միավոր հավաքած դիմորդը կարող է ընդունվել տվյալ բուհ։ 

Այսպիսով, ամեն ինչ արդար ու հասկանալի է բոլորի համար, իսկ մեր պարագայում ամեն ինչ խճճված է, ու լրացուցիչ դժվարություններ կան և՛ դիմորդների, և՛ ծնողների, և՛ դասախոսների, և՛ բուհերի համար, որոնք իրենք չեն ընտրում իրենց ուսանողներին։ 

– Պարո՛ն Մխիթարյան, նախարար Անդրեասյանը նշել էր նաև, որ ցածր ցուցանիշների պատճառը դպրոցական դասագրքերն են, որոնք վերջին տասը տարում չեն թարմացվել, ու այդ ուղղությամբ պետք է աշխատանքներ տարվեն։ Արդյոք պատճառը միայն դասագրքե՞րն են, թե՞ պատճառներն ավելի համակարգային բնույթ են կրում։

– Բնականաբար խնդիրն ավելի համակարգային է, իսկ դասագրքերի վերաբերյալ հարցին ամենալավը պատասխանել է Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրենը, որը վերջերս հայտարարությամբ հանդես եկավ ու ասաց, որ արդեն տարիներ շարունակ «Հայոց պատմության» դպրոցական դասագրքերի մշակման գործում իրենց կարծիքը որևէ մեկը հաշվի չի առնում։ 

Սա խոսում է այն մասին, որ մենք իրապես մասնագետներին չենք ներգրավում դասագրքերի կազմման գործընթացում, ու հետևանքը լինում է այն, որ կա՛մ հին դասագրքերն են օգտագործվում, կա՛մ անորակ մասնագետների գրած անորակ դասագրքերը: Պարզ է, որ դրանցով մենք չենք կարող առաջ շարժվել, որովհետև հասարակական պահանջներն անընդհատ փոխվում են, կյանքն առաջ է գնում, իսկ եթե մենք չունենանք ժամանակին համահունչ պատշաճ դասագրքեր՝ պարզ է, որ չենք ունենա նաև այդպիսի քաղաքացիներ։ 

– Համալսարանի ու դպրոցների միջև խզումն այսօր մե՞ծ է, նկատի ունեմ այն գիտելիքը, որը տրվում է աշակերտին, ու այն, որը պահանջվում է նրանից՝ որպես դիմորդ։

– Շատ մեծ է այդ խզումը, իսկապես շատ մեծ է, և՛ դասավանդման մեթոդներն են շատ տարբեր, և՛ մոտեցումները։ Դպրոցները շատ հետ են մնացել, բուհերը մի քիչ առաջ են շարժվում։ Պահանջներն իսկապես շատ տարբեր են, ու դրա համար այդ կամուրջը՝ դպրոցից բուհ, մեզ մոտ անդունդի է նմանվում, կամուրջ չէ։ Այսինքն՝ չի կարելի մի ինչ-որ դրվագ փոխել ու սպասել արդյունքի, պետք է համակարգային փոփոխություններ անել ոլորտում։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am