«Գլորիա»-ի աշխատակիցներին ուղղորդել, ավտոբուսներով արտադրամաս է տեղափոխել տնօրենը․ Լոռու մարզպետ

Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցները ապրիլի 21-ին փորձել են մուտք գործել արտադրամասեր, աշխատել, սակայն ոստիկանությունը թույլ չի տվել։ Կատարվածի մասին «Մեդիալաբը» զրուցել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ

– Պարո՛ն Ղուկասյան, Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի ավելի քան 2000 աշխատակիցներ երեկ փորձել են մտնել ֆաբրիկա, սկսել աշխատել։ Այսօր կարծես լռություն է։ Ի՞նչ փոխվեց։ 

– Մինչ  այժմ ՀՀ պարետի որոշում չկա, և բացառությունների մեջ չի ներառվել տեքստիլ արդյունաբերության ճյուղի աշխատանքների մեկնարկը, և «Գլորիա» կարի ֆաբրիկան այժմ գործունեություն ծավալելու իրավունք չունի։

Այդ պատճառով այսօր չի ծավալել։ Երբ կլինի այդ բացառությունը, ֆաբրիկան կսկսի աշխատել։

Ֆաբրիկայի տնօրենն ասաց, որ իրենք դիմել են էկոնոմիկայի նախարարություն, որպեսզի իրենց աշխատելու հնարավորությունը դիտարկվի։ Եվ չի բացառվում, որ պարետատունը նպատակահարմար գտնի, ու թույլ տրվի աշխատել։ Բայց քանի որ առայժմ չկա թույլտվություն, նրանք չեն աշխատի։

– Երեկ ֆաբրիկայի աշխատողները մեծ խմբով հավաքվել էին և պահանջում էին բացել, աշխատեն։ Տեսակետ կար, որ այդ մարդիկ բերվել էին նման պահանջ ներկայացնելու համար։ Ի՞նչ կասեք այդ մասին։

– Այո՛, այդ ակցիան կազմակերպել էր տնօրենը, ուղղորդվել էր նրա կողմից, և տնօրենն էր իր ավտոբուսներով աշխատակիցներին բերել՝ ֆաբրիկան բացելու պահանջ ներկայացնելու համար։ Թյուր կարծիք էր փորձ արվում ձևավորել, թե աշխատողներն են ուզում գալ, ինքը մեղք չունի։ Նման բան չկա, տնօրենն ինքն էր կազմակերպել այդ ակցիան։ 

– Դուք խոսե՞լ եք տնօրենի հետ, փորձե՞լ եք հասկանալ՝ ինչու է նման բան արվել։

– Այո, խոսել եմ նրա հետ և ասել, որ քանի դեռ չկա այդ թույլտվությունը, նրանք իրավունք չունեն աշխատելու։ Ըստ էության, նա ընկալել է այդ ամենը, և որևէ գործողություն չեն ձեռնարկել։

– Պարոն Ղուկասյան, մարդիկ հայտարարում էին, թե վարչապետը, պարետատունը հայտարարել են, որ ապրիլի 20-ից արդյունաբերության առանձին ճյուղեր, նաև՝ տեքստիլ արդյունաբերությունը սկսելու է աշխատել։ Չե՞ք կարծում, որ նաև այդ հայտարարությունների արձագանքն էր այդ ակցիան։

– Շատ լավ, բայց հայտարարություններ կարող են լինել և դրանից հետո իրավիճակներ փոխվեն։

Մենք հայտարարություններով չենք կարող առաջնորդվել, մենք պարետատան, պարետի որոշումներով ենք առաջնորդվում։ Երբ կլինի, իրենք կսկսեն աշխատել՝ իհարկե բոլոր պահանջվող ցուցումները պահպանելով։

Չի բացառվում՝ այսօր լինի։ Եթե ֆաբրիկան աշխատի, մենք վերահսկելու ենք, որ բոլոր պահանջվող պահանջները պահպանվեն՝ ախտահանումներ իրականացվեն։

Տնտեսավարողի շահերից է բխում, որ պահպանվեն այդ պայմանները, որովհետև եթե որևէ վարակակիր լինի այդ կոլեկտիվի մեջ, բնականաբար, դրա հետագա աշխատանքը հարցականի տակ կլինի։ Ցանկացած գործարար ինքը պետք է շահագրգռված լինի պահպանել այդ կանոնները։

– Ֆաբրիկայի աշխատողները հայտարարել էին, որ տնօրենն ասել է, թե չի վճարելու իրենց մարտի աշխատավարձը։ Դուք միջամտելո՞ւ եք այդ հարցի լուծմանը։

– Ցանկացած տնօրեն պարտավոր է առաջնորդվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, որն ասում է, որ պարտադիր պարապուրդի դեպքում աշխատողները պետք է վարձատրվեն աշխատավարձի 2/3-րդի չափով։ 

– Դուք հետևելո՞ւ եք այդ գործընթացին։

– Իհարկե հետևելու եմ։

– Այսօր ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ԱԺ-ում կոչ արեց, որ երեկվա ակցիայի ժամանակ քաղաքացիների նկատմամբ տուգանքները անվավեր ճանաչվեն։ Դա հնարավո՞ր է։

– Դա ոստիկանության գործառույթն է։ Ես չեմ կարող զգացական որևէ բան ասել, հայտարարություն անել։ Ոստիկանությունը ունի ցուցումներ, գործիքակազմ և առաջնորդվում է օրենքներով, և եթե տուգանել են, ապա իրականացրել են իրենց գործառույթը։ 

– Եթե պարտադրաբար են եկել ցույցի, նրանք կտուգանվե՞ն։

– Իմ ունեցած տվյալներով՝ աշխատակիցները չեն տուգանվել։ Տուգանվել են տնօրենը և ֆաբրիկայի այլ պաշտոնատար անձ։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am

«Գլորիայի» աշխատակիցները, չենթարկվելով ոստիկաններին, այսօր սկսեցին աշխատանքը

«Գլորիայի» աշխատակիցները, չենթարկվելով ոստիկաններին, այսօր սկսեցին աշխատանքըԱյսօր ոստիկաններին չհաջողվեց տուն ուղարկել Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի ավելի քան 2000 աշխատակիցներին, որոնք մեկ ամսվա հարկադիր պարապուրդից հետո աշխատանքի էին եկել առանց պարետի թույլտվության.- «Մենք էլ ուզում ենք աշխատել, ոչ մի ծրագիր էլ մեզ չի հասնում… Մենք տուն չենք գնալու»,- ասում էին նրանք:

Gepostet von Ազատություն ռադիոկայան am Dienstag, 21. April 2020