«Բանակցություններն այս պահին էլ ընթանում են. մինչև շաբաթվա վերջ գազամատակարարումը կվերականգնվի Արցախում». Արամ Հարությունյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ հայրենիք» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը

Պարո՛ն Հարությունյան, մեկ շաբաթ է՝ Արցախը զրկված է բնական գազից, որովհետև ադրբեջանական կողմը խոչընդոտում է վնասված գազատարի վերանորոգման աշխատանքների սկսումը: Այս ուղղությամբ ընթանում էին բանակցություններ, ի՞նչ փուլում են դրանք այժմ:

– Բանակցություններն այս պահին էլ ընթանում են, և կան դրական ազդակներ՝ համաձայնության են եկել գնալ ու խնդիրը հասկանալ: Բանակցություններին մասնակցում են ինչպես Արցախի Հանրապետության իշխանության, այնպես էլ ռուս խաղաղապահ ուժերի ներկայացուցիչներ:

Ադրբեջանական կողմն ասում է, որ ինչ-որ բաներ անում են, խորհուրդ են տալիս համբերել, մինչև այս էլ ձգձգում էին, կտրուկ չէին մերժում, հիմա էլ նույն վիճակն է, բայց ոնց որ ավելի առարկայական է:

Կարծիքներ էին հնչում, որ ադրբեջանական կողմն այս քայլով փորձում է նոր պայմաններ առաջադրել և միայն դրանց կատարումից հետո է թույլ տալու վերանորոգել վնասված գազատարը: Համաձա՞յն եք այդ կարծիքներին:

– Չեմ կարծում, որ տարածքային կամ այլ պահանջներ դնի, կարծում եմ, որ այս իրավիճակն օգտագործում են որպես հոգեբանական ճնշման միջոց, որովհետև սրան զուգահեռ նաև տեղեկատվական դաշտում են շատ կազմակերպված գրոհ իրականացնում՝ սկսած Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջը կոտրելուց, տարբեր հայտարարություններ տարածելուց, թե 168 ժամ մնաց, հետո այդ բարձրախոսներով սահմանային գյուղերի բնակիչներին կոչով դիմելուց:

Վարելահողերի ուղղությամբ կրակոցներ են արձակում, իսկ այս ամենը հիմնականում խուճապ առաջացնելու և արտագաղթին ավելի շատ նպաստելու միտում ունեն:

Իսկ արցախահայությունը տրվո՞ւմ է թշնամու սադրանքներին, ընդհանուր ի՞նչ մթնոլորտ է Արցախում:

 – Անկեղծ ասած, մեր ժողովուրդն արդեն շատ բաների է հարմարվել, ու ինչքան էլ դժվար է, սակայն մարդիկ չեն ուզում իրենց հայրենի հողը լքել, իրենց տները թողնել: Նրանց մեջ ավելի շատ խուճապ է առաջանում, երբ որոշ քաղաքական գործիչներ հարմար առիթ են ստեղծում ձեռքերը տաքացնելու համար ու տարածում են խուճապային հայտարարություններ:

Օրինակ՝ հայտարարություններ հնչեցին, թե իբր պաշտոնյաներն Արցախից իրենց երեխաներին մասսայաբար դուրս են հանում, բայց որևէ մեկը չկարողացավ դա ապացուցել ու գոնե մեկի անունը տալ: Իհարկե, մենք հասկանում ենք, որ առանձին դեպքեր հնարավոր են, բայց դա մասսայական բնույթ չի կրում:

Նման հայտարարությունները հասարակությունը շատ զգայուն է ընդունում, և դա կարող է խուճապ առաջացնել: Կամ՝ ռազմական գործիչների կողմից հայտարարություն է հնչում, թե հստակ տեղեկություն ունեն, որ լայնամասշտաբ պատերազմ է սկսվում, բայց այդպես էլ չեն հիմնավորում, թե որտեղի՛ց այդ հստակ տեղեկությունները, կամ եթե այդ հստակ տեղեկությունները կան, հարցազրույցներ տալու և խուճապ առաջացնելու փոխարեն լավ կանեն համապատասխան գերատեսչություններին զեկուցեն իրենց ունեցած տեղեկատվությունը:

Պարո՛ն Հարությունյան, ձեր խորհրդարանական ընդդիմադիր գործընկերները նաև նշում են, որ Արցախում հումանիտար աղետ է, իսկ իշխանությունն այն վերացնելու ուղղությամբ համապատասխան քայլեր չի ձեռնարկում:

– Այդ նույն ընդդիմությունն այսօր խորհրդարանում է հայտնվել Վիտալի Բալասանյանի անձնական հեղինակության շնորհիվ, Բալասանյանն այսօր Անվտանգության խորհրդի քարտուղարն է ու գազատարի վերականգնման աշխատանքներում հիմնականում ներգրավված մարմիններից մեկը: Հիմա Վիտալի Բալասանյանը քայլեր չի՞ անում, որ իրենք նման հայտարարություններ են անում, թե՞ իշխանություն ասելով միայն իշխող ֆրակցիան նկատի ունեն:

Գազ չունենալը, բնականաբար, լուրջ դժվարություններ է առաջացնում, լույսի խափանում է լինում, որովհետև ցանցը գերծանրաբեռնվում է և երբեմն չի դիմանում լարմանը: Բայց մեր համապատասխան մարմինները 24-ժամյա ռեժիմով են աշխատում ու մեկ կամ կես ժամվա մեջ վերականգնում են էլեկտրաէներգիայի մատակարարումը:

Փառք Աստծո, ջրի ու սննդի խնդիր էլ չունենք այսօր, եթե գազ չունենալը հումանիտար աղետ է: Բնականաբար, դա լուրջ խնդիր է, նաև հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները, բայց մենք կդիմանանք: Եթե պետք է սրանով պայմանավորված լինի Արցախում մեր մնալ-չմնալը, միանշանակ, մենք մնալու ենք, որովհետև մեր հողին շատ ամուր ենք կառչած:

Արցախում պարենային ապրանքների պակաս կա՞, իսկ գազով պայմանավորված՝ ապրանքների կամ ծառայությունների գների բարձրացում կա՞:

– Գների բարձրացում Երևանում էլ կա՝ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմով պայմանավորված, գների որոշակի բարձրացում կա, շաքարավազի որոշակի դեֆիցիտ է նկատվում, բայց այդ հարցը պետք է որ արդեն լուծված լինի, որովհետև Հայաստանից վստահեցնում էին, որ մատակարարման որևէ խնդիր չկա:

Այսօր պարենային ապրանքների սուր խնդիր չկա, հնարավոր է՝ մի խանութում վերջացած լինի, բայց եթե Հայաստանում խնդիր չկա, Արցախում էլ չի լինի, որովհետև կապող ճանապարհն աշխատում է, եթե Հայաստանում կա որևէ տեսակի խնդիր՝ բնականաբար, Արցախում էլ է լինելու:

Ասացիք, որ գազամատակարարման վերականգնման ուղղությամբ տարվող բանակցություններում առաջընթաց կա, ակնկալո՞ւմ եք, որ առնվազն մինչև այս շաբաթվա վերջ գազամատակարարումն Արցախում կվերականգնվի:

– Կարծում եմ՝ այո՛, մեր Անվտանգության խորհուրդը երեկ հայտարարություն տարածեց, որ կան դրական ազդակներ, ու ես հակված եմ մտածելու, որ հարցն անպայման կլուծվի:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am