Բակո Սահակյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

Արցախի նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 15-ին հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ տարած Արայիկ Հարությունյանի հետ:

Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկացնում են, որ Բակո Սահակյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Արցախի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ մաղթել հաջող ու արդյունավետ աշխատանք:

Նախագահ Սահակյանը վստահություն է հայտնել, որ Արայիկ Հարությունյանի փորձը, գիտելիքներն ու մարդկային որակներն ըստ ամենայնի կծառայեն մեր երկրի հետագա զարգացմանն ու զորացմանը, անվտանգության ամրապնդմանը, ժողովրդի բարեկեցության մակարդակի բարձրացմանը: