Արցախում կհիմնվի անտառային տնկարանային տնտեսություն, «Արցախանտառ»-ին կնվիրաբերվի 100.000 տնկի

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով գտնվում է Արցախի Հանրապետությունում։

ՀՀ շրջակա միջավայրի  նախարարությունից, այցի շրջանակում նախարարը հանդիպել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի հետ։

Հանդիպման ընթացքում նախարար Հայկ Խանումյանի և Արցախի գործընկերների հետ քննարկվել են միջգերատեսչական համագործակցության շրջանակի ընդլայնման ու խորացման, փորձի փոխանակման և գործընկերային հարաբերությունների ամրապնդմանն ուղղված հարցեր։

Անդրադարձ է կատարվել հետպատերազմյան շրջանում երկրում ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղիներին, կենսագործունեության լիարժեք վերականգնմանը և շրջակա միջավայրի կառավարման համակարգի անխափան աշխատանքին վերաբերող հարցերի:

Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գործուն աջակցությամբ Արցախում կհիմնվի 1 հա տնկարանային տնտեսություն, ինչպես նաև՝ «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության տակ գործող «Արցախանտառ» ՊՈԱԿ-ին կնվիրաբերվի 100.000 տնկի՝ շուրջ 30 հա անտառտնկման և անտառվերականգնման համար։

Քննարկվել է գերատեսչության տեխնիկական հզորությունների օգտագործման միջոցով Արցախի Հանրապետության անտառների մոնիթորինգի հնարավոր կազմակերպումը։ Ըստ աղբյուրի, կողմերն անդրադարձել են նաև ջրային ոլորտի և ջրային ռեսուրսների կենսական կարևորության խնդրին։ Առկա խնդիրների կարգավորման նպատակով մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել։

Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել են նախարարի խորհրդական Հ․ Մարտիրոսյանը, Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի ժ/պ Ա․ Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Պ․ Ցուգունյանը, Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վ․ Սաֆարյանը, «Արցախանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա․ Ներսեսյանը, անտառների կայուն կառավարման և անտառաշինական ծրագրերի իրականացման բաժնի պետ Վ․ Ահարոնյանը և «Ջրամատակարարում» ՓԲԸ-ի տնօրեն Գ․ Հայրապետյանը։