ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Խուդոյանների գործով ներկայացված դիմումը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Խուդոյանների գործով ներկայացված դիմումը
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Խուդոյանների գործով ներկայացված դիմումը

2014 թ. հուլիսի 16-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, նախագահող դատավոր Ե. Դարբինյանի, վերսկսվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի և Հեղինե Մակարյանի՝ ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 03.06.2014 թ. որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը:

Վերաքննիչ բողոքի քննությանը մասնակցում էին Հեղինե Մակարյանի ներկայացուցիչ Աշոտ Խուդոյանը և Տաթևիկ Սիրադեղյանը, ով միաժամանակ հանդիսանում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցը և սույն գործով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի ներկայացուցիչը:

Վերաքննիչ բողոքի քննությանը մասնակցում էր նաև նախաքննության նկատմամբ վերահսկողություն իրականացրած դատախազ Արմեն Շահբազյանը: Բողոքաբերների ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը մեկ անգամ ևս պնդեց ներկայացված վերաքննիչ բողոքը՝ նշելով, որ կատարվել է ոչ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, որն ապացուցվում է վերաքննիչ բողոքում ներկայացված հիմքերով, իսկ վարույթն իրականացնող մարմնի և ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցչի կողմից չեն ներկայացվել համոզիչ փաստարկներ, որոնք կհիմնավորեն ոստիկանության աշխատակիցների գործողություններում հանցակազմի բացակայությունը:

Տ.Սիրադեղյանը խնդրեց բավարարել վերաքննիչ բողոքը և բեկանել ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 03.06.2014 թվականի՝ բողոքը մերժելու մասին որոշումը, ընդունել նոր դատական ակտ, և վերացնել քրեական գործի հարուցումը մերժելու մասին 03.03.2014 թվականի ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչի պաշտոնակատար Հ. Ռ. Հարությունյանի որոշումը:

Ա. Շահբազյանը պնդեց, որ վարույթն իրականացնող մարմինն արագ արձագանքել է Հ. Մակարյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդմանը, բացատրություններ է վերցրել ոչ միայն ոստիկանության աշխատակիցներից, այլ նաև Հ. Մակարյանի և Ա. Խուդոյանի մատնանշած անձանցից և խնդրեց մերժել դիմումատուների վերաքննիչ բողոքը: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը հրապարակվեց կարճ ժամանակ անց:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, քննարկելով ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 03.06.2014 թվականի՝ բողոքը մերժելու մասին որոշման հիմնավորվածության հարցը, այն թողեց օրինական ուժի մեջ և մերժեց վերաքննիչ բողոքը: Դատարանի որոշումը կներկայացվի այն ստանալուց հետո:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ