Քաղաքացիների բռնի տեղահանումը կարժանանա խիստ արձագանքի. Բորել

Լեռնային Ղարաբաղից քաղաքացիական բնակչության բռնի տեղահանումը՝ ռազմական կամ այլ միջոցներով, կարժանանա Եվրամիության խիստ արձագանքին, ԵՄ-ն պատրաստ է դիմել համապատասխան գործողությունների` իրավիճակի հետագա վատթարացման դեպքում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին շեշտել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ ԼՂ-ում զարգացումների թեմայով իր հայտարարությունում: 

«Եվրոպական միությունւը դատապարտում է Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ և ափսոսանք  հայտնում այս էսկալացիայի հետևանքով առաջացած զոհերի և մարդկային կորուստների համար»,-ասված է հայտարարությունում:

ԵՄ-ն ի գիտություն է ընդունել հրադադարի պայմանավորվածության հայտարարությունը: ԵՄ-ն ակնկալում է ռազմական գործողությունների անհապաղ և ամբողջական դադարեցում և հրադադարի պահպանում:

«ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին անհապաղ և անարգել հումանիտար մուտք թույլ տալ կարիքավոր բնակչությանը, այդ թվում՝ Լաչինի միջանցքի ամբողջական վերաբացման միջոցով՝ համաձայն Արդրադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի և հուլիսի որոշումների: Մարդասիրական դերակատարները պետք է կարողանան ազատորեն գործել: ԵՄ-ն և նրա անդամ պետությունները պատրաստ են հրատապ մարդասիրական օգնություն ցուցաբերել։ ԵՄ-ն կոչ է անում Բաքվին և Ղարաբաղի հայերին անհապաղ ներգրավվել համապարփակ և թափանցիկ երկխոսության մեջ»,-նշել է Բորելը:

ԵՄ-ն շեշտել է, որ Ադրբեջանը պատասխանատվություն է կրումէ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը, այդ թվում՝ առանց վախեցնելու, ահաբեկելու և խտրականության իրենց տներում ապրելու իրավունքը։ 

«Քաղաքացիական բնակչության բռնի տեղահանումը՝ ռազմական կամ այլ միջոցներով, կարժանանա ԵՄ-ի խիստ արձագանքին։ ԵՄ-ն պատրաստ է դիմել համապատասխան գործողությունների` իրավիճակի հետագա վատթարացման դեպքում»,-ասված է հայտարարությունում:

ԵՄ-ն վերահաստատել է նաև իր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։