Ում պետք է նշանակել դեսպան․ արդյոք կադրային դիվանագետը ավելի լա՞վ կպաշտպանի ՀՀ շահը

Վահրամ Թոքմաջյան

ԱԳՆ-ից կազմակերպված արտահոսքի պատճառով հանրությունը սկսեց քննարկել դեսպանների նշանակումը գործընթացի այն փուլում, երբ դա չի արվում աշխարհի որևէ երկրում։ Հայաստանը, փաստորեն, միակ երկիրն է, որտեղ կարելի է առանց որևէ հետևանքի նման գաղտնի տեղեկություն հրապարակել և մնալ անպատիժ։

Այդ տեղեկությունները տարածողը շատ լավ գիտի, որ վնասում է դեսպանի թեկնածուների բարի համբավը, հարված է հասցնում տվյալ դեսպանընկալ պետությունների հետ երկկողմ հարաբերություններին, այնուամենայնիվ, ոգևորված անպատժելիության մթնոլորտով՝ անում է իր սև գործը։

Այդ չարամիտ պաշտոնյան շատ լավ գիտի, որ հանրությունը, քաջատեղյակ չլինելով գործընթացի մանրամասներից ու չիմանալով, որ գործ ունի պետական գաղտնիք հանդիսացող տեղեկատվության միտումնավոր կազմակերպված արտահոսքի հետ, կենտրոնանալու է ոչ թե սկանդալային այդ գործողության, արտահոսքը կազմակերպած հանցագործության վրա, այլ դեսպանի թեկնածուի։

Փորձենք հասկանալ տեղի ունեցածը կամ, տվյալ դեպքում՝ դեսպանի թեկնածուի/ների ընտրման մեխանիզմը։ Երկրի քաղաքական ղեկավարությունը կարևորագույն պետություններից մեկի մայրաքաղաք որպես դեսպան մտադիր է գործուղել քաղաքական թիմի ամենաառանցքային ներկայացուցիչներից մեկին։

Դրանից ավելի բնական իրավիճակ դժվար է պատկերացնել՝ բոլոր պետությունները կուզենան իրենց երկրում հյուրընկալել քաղաքական ծանրակշիռ դեսպանի։

Դրանով այդ երկրները ստանում են հստակ ուղերձ, թե որքան են կարևորվում երկկողմ հարաբերությունները տվյալ պետության հետ, երբ կադրային դիվանագետի փոխարեն դեսպան է նշանակվում քաղաքական թիմի անդամը։

Նման դեսպանի համար էլ շատ ավելի դյուրին է իրականացնել արդյունավետ դիվանագիտական գործունեություն՝ հաշվի առնելով իր կշիռը սեփական երկրում, դերակատարությունը իշխող թիմում։

Ո՞րն է դրա այլընտրանքը, ինչի՞ մասին են ասում-խոսում ա՛յս՝ ամենատրամաբանական և ճիշտ քայլը «դատապարտողները»։ Ի՞նչ է նրանց ուզածը։ Մեզ մոտ կան փայլուն կադրային դիվանագետներ, որոնք կարող են աշխատել ամենաբարդ տեղերում։

Սակայն չպետք է անտեսել տեղի ունեցածը․ ԱԳՆ-ն կատարելապես ձախողվել է՝ խաղաղ գործընթացը բերել հասցնելով արյունալի պատերազմի։ ԱԳ նախարարը պարծենում էր, որ բանակցային սեղանին փաստաթուղթ չկա, 2․5 տարվա ընթացքում երկկողմ այց չիրականացրեց մեզ համար դաշնակից ՀԱՊԿ պետություններ (բացի ՌԴ-ից), չկարողացավ նույնիսկ կազմակերպել մեր որևէ հարևան պետության ԱԳ նախարարի այց Հայաստան։

Պատերազմից առաջ ընկնող ամիսներին նա իրականացրեց միայն մեկ այց՝ Եգիպտոս, այնինչ պետք է աներ հնարավորը՝ կանխելու վերահաս աղետը։

Նա չկարողացավ պատերազմի ընթացքում հասնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ընդունմանը, քանի որ չուներ հեղինակություն անգամ ՄԱԿ-ում, որտեղ մի քանի տարի աշխատել էր։

Մինչ այդ չկարողացավ դիմագրավել ադրբեջանական նախաձեռնությունները միջազգային մի շարք հեղինակավոր կազմակերպություններում, այդ թվում՝ տասնյակ բարեկամ երկրների մասնակցությամբ Չմիավորված ազգերի կազմակերպությունում, որտեղ ընդունվեցին ԼՂ հակամարտության վերաբերյալ ադրբեջանանպաստ փաստաթղթեր։

Փաստ է, որ պատերազմի ընթացքում մենք չունեինք բարեկամ երկիր, մնացել ենք միայնակ։ Սա արդյունք է, որի համար պատասխանատու է արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Սա միայն մի քանիսն է այն ճակատագրական, կասենք նաև՝ ողբերգական սխալների, որ արել էր ԱԳ նախկին նախարարը։

Հիմա ի՞նչ՝ թիմը դրա հետ կապ չունե՞ր։ Եթե չուներ, ապա ինչո՞վ է բացատրվում այն փաստը, որ նախարարի բոլոր տեղակալները, ԼՂ բանակցություններում ներգրավված խորհրդականը (որը նույնիսկ այս խայտառակ դիվանագիտական պարտությունից հետո էլ շարունակում է զբաղվել ԼՂ հակամարտության կարգավորման հարցով), խոսնակը հրաժարականի դիմում գրեցին։ Գրեցին ու․․․․ մնացին։

Հասարակությունը պետք է իմանա․ ՀՀ ԱԳ նախարարության ղեկավարության կազմում այսօր պաշտոնավարում են դիմում գրած և հետ վերցրած մարդիկ։ Քննադատները իսկապե՞ս մտածում են, որ այդ կարգի կադրային դիվանագետները ավելի լավ կպաշտպանեն Հայաստանի պետական շահերը առանցքային մայրաքաղաքներում։

Վարչապետի խոստման համաձայն՝ նշանակումների առյուծի բաժինը իրականացվում է հենց կադրային դիվանագետների կազմից։ Այնուամենայնիվ անհրաժեշտ է հաշվի առնել, որ մեր դեպքում այս հարցում կա յուրահատուկ մի իրավիճակ՝ ինչպես բազմիցս նշել են մեր պետական այրերը, վերջին 20 տարում Հայաստանում իշխել է մի վարչակարգ, որը թաթախված է եղել կոռուպցիայի և հովանավորչության մեջ։

Այդ գործընթացը չէր կարող շրջանցել մի ոլորտ, որը ամենահրապուրիչներից է եղել անկախությունից ի վեր. դեսպաններն ու դիվանագետները դրսում ունեն սոցիալական ամենաբարձր կարգավիճակ, ստանում են բարձր (հայաստանյան չափանիշներով) աշխատավարձ, աշխատանքն էլ հասարակության աչքից հեռու է, հաշվետվողականությունը՝ ցածր։

Կարելի է պատկերացնել, թե ի՛նչ կարգի մրցույթներ ու ապօրինություններ են եղել վերջին 20 տարում դիվանագետների՝ աշխատանքի ընդունման և առաջխաղացման հարցում։

Հեղափոխությունից հետո այդ ոլորտը մնաց անփոփոխ․ ոչ մի կոռուպցիոն գործարք չի բացահայտվել, ոչ մի վեթինգի մասին խոսք չի գնացել, մեկն անգամ նախատինք չի ստացել, Սերժ Սարգսյանի բոլոր կադրերը ավելի բարձր պաշտոնների ու դիրքերի են արժանացել։

Ս․ Սարգսյանի նշանակած շատ դեսպաններ մնացին իրենց պաշտոններում, չնայած ահազանգերի, որ նրանք չեն ծառայում պետության շահերին․ այսպես՝ մի քանիսը չվերադարձան հայրենիք՝ հեղափոխությունից հետո երկու տարի պաշտոնավարելուց հետո անգամ։

Վերադարձածներից մի քանիսն էլ հանդես եկան վարչապետի հրաժարականի պահանջով։ Այսօր էլ մենք ունենք դեսպաններ, որ մեկ էջանոց դպրոցական թելադրության մեջ տասնյակ տառասխալներ կանեն, դեսպաններ, որոնք կեղծել են ընտրությունները ու հարստացել՝ տիրանալով պետական սեփականությանը հովանավորչական սխեմաների միջոցով։

Դեսպաններ, որ բացի ռուսերենից չգիտեն այլ օտար լեզու, դեսպաններ, որոնց փաստորեն նշանակել են ոչ թե երկրի նախագահը, այլ ըստ օդում կախված լուրերի՝ օլիգարխներ Գ․ Բեգլարյանն ու Մ․Մինասյանը։

2008 թ․ Ռ․ Քոչարյանի հրամանով ազատված 11 դիվանագետներին աշխատանքի անմիջապես և անվերապահ չվերականգնելու նախկին ԱԳ նախարարի հիմնական փաստարկը՝ համակարգի ամբողջականության պահպանումն էր (զավեշտ է, բայց hիմա էլ են այդ գերատեսչությունում դրա մասին խոսում ու կրկին ընդդիմանում քաղաքական ղեկավարությանը՝ արտահոսքերը դրա վկայությունն են)։

Կյանքը ցույց տվեց այդ թեզի ծայրից ծայր արհեստական լինելը։ ՀՀ նախկին ԱԳ նախարարի այդ հիմնավորումը միայն մեկ բանի համար էր պետք՝ որպեսզի որևէ նոր՝ «դրսից» մարդ չմտնի համակարգ՝ խախտելու 22,5 տարվա հաստատված ու արմատավորված բարքերը։

Նշանակվելիք դեսպանների, ԱԳՆ-ում, իբր, դժգոհության մասին տարածվող տեղեկությունները դրանց զուտ մի մասն են։

ԱԳՆ-ում իրավիճակի բարելավմանը կնպաստի իշխող քաղաքական թիմի ներկայացուցիչների գործուղումը ԱԳՆ։ Հարկավոր է նաև վեր հանել հաշվետվություններն ու զեկուցագրերը՝ հասկանալու համար, թե ի՛նչ աշխատանք է տարվել ԱԳՆ-ում՝ աղետալի պատերազմը կանխելու համար։

Ի՛նչ հանդիպումներ են պատերազմի ժամանակ ունեցել մեր դիվանագետները՝ միջազգային հարթակներում համապատասխան կարծիք ձևավորելու համար։ Այդ աշխատանքը, կարծում ենք, հնարավորություն կտա հասկանալու, թե ո՛ր դեսպանները կարող են շարունակել պաշտոնավարումը։

Իսկ իշխանությունը պետք է կարողանա խոհեմություն դրսևորել ու չընկրկել պլանավորված աղմուկի առաջ։ Հակառակ պարագայում կունենանք նույնը, ինչ մյուս ոլորտներում է, իսկ ԱԳՆ աշխատանքը կշարունակի լինեն մութ անտառ, որտեղ նույնիսկ լապտերները չեն օգնում։

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am