ԱԱԾ հաղորդագրությունը՝ Հրայր Թովմասյանի նկատմամբ գործողությունների վերաբերյալ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, նպատակ ունենալով առավելագույնս ապահովելու դատավորի և դատական իշխանության հեղինակությունն ու անկախության նկատմամբ հարգանքը, ինչպես նաև՝ մինչ դատական վարույթի գաղտնիությունը, ձեռնպահ է մնացել Սահմանադրական դատարանի գործող նախագահի և նրա ընտանիքի անդամներին առնչվող գործողությունների վերաբերյալ տեղեկություններ հրապարակելուց:

Սակայն, հաշվի առնելով, որ մամուլում արդեն իսկ բազմաթիվ հրապարակումներ են եղել ՍԴ նախագահի ընտանիքի անդամների մասնակցությամբ ՀՀ ԱԱԾ իրականացրած գործողությունների վերաբերյալ, բացի այդ, նպատակ ունենալով խուսափել անհարկի շահարկումներից և թյուր տեղեկատվության տարածումից, հայտնում ենք հետևյալը.     

2012-2014 թթ. ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնված Երևան քաղաքի Զաքյան փողոցի համար 2 հասցով շենքի՝ շուրջ 855 մլն դրամ արժեքով վերակառուցման շինարարական աշխատանքների իրականացման, ինչպես նաև Աբովյան ՔԿՀ և Սարի թաղում գտնվող միջնակարգ դպրոցի շուրջ 15 մլն դրամ արժեքով վերանորոգման ընթացքում թույլ տրված առերևույթ յուրացումների և չկատարված աշխատանքները պաշտոնատար անձանց կողմից ընդունելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նախապատրաստվող նյութերի շրջանակներում տվյալներ են ստացվել նշված շինարարական աշխատանքները իրականացրած ընկերության ներկայացուցչի կողմից պաշտոնատար անձին անհատույց շինանյութ հատկացնելու և շինարարական աշխատանքներ կատարելու վերաբերյալ, որի հետ կապված նաև բացատրություն է ստացվել ՍԴ նախագահի հորից՝ Վարդան Թովմասյանից:  Բացի այդ, վերջինիս առաջարկվել է նյութերով նշանակված դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննության շրջանակներում փորձագետներին թույլատրել հետազոտել իրենց պատկանող առանձնատան տանիքը, ինչը սակայն, նրա կողմից մերժվել է:

Ընդ որում, ընդառաջելով Վ. Թովմասյանի ցանկությանը՝ նրան առաջարկվել է բացատրությունը տալ իր իսկ տանը, այդ նպատակով Վ․Թովմասյանի առանձնատուն է  այցելել ՀՀ ԱԱԾ աշխատակից, սակայն նա, փոխելով դիրքորոշումը, նախընտրել է բացատրություն տալ ՀՀ ԱԱԾ վարչական շենքում՝ իր իսկ կողմից հրավիրված փաստաբանների ներկայությամբ:

Նախապատրաստվող նյութերով միջոցներ են ձեռնարկվում պետությանը պատճառված հնարավոր վնասի չափը ճշգրտելու, ինչպես նաև իրականում չկատարված աշխատանքները ընդունած պաշտոնատար անձանց պարզելու ուղղությամբ:

Միաժամանակ, ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներից բացատրություն վերցնելու անհրաժեշտությունը պայմանավորված է եղել պաշտոնատար անձին կամ նրա ընտանիքի անդամներին առերևույթ պատկանող գույքը սահմանված կարգով չհայտարարագրելու վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված տվյալները ստուգելու անհրաժեշտությամբ։

Նշված դատավարական գործողությունները կատարվել են հիշյալ անձանց կողմից ընտրված փաստաբանների մասնակցությամբ, իրավունքների պաշտպանության քրեադատավարական երաշխիքների պահպանմամբ։

Նյութերի նախապատրաստման արդյունքում օրենքով սահմանված կարգով կկայացվեն համապատասխան դատավարական որոշումներ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Այս մասին տեղեկացնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից: