«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը
– Պարո՛ն Բադալյան, տրանսպորտի սակագնի բարձրացման հետ կապված քաղաքապետ Տիգրան Ավինյանը հունվարի 27-ին հայտարարեց, որ հետնահանջ չի լինելու, բայց նախօրեին ասաց, որ այս տարվա համար ուղեվարձը կազմելու է 150 դրամ: Քաղաքային իշխանության այս հետնահանջն ինչո՞վ է պայմանավորված, վախեր ունե՞ն հնարավոր բողոքի ակցիաներից:
– Չէ՛, իրենք ուղղակի չէին հաշվարկել, որ հասարակությունը Արցախի համար կարող է ոտքի չկանգնել, բայց 100 դրամի համար հենց իրենց ընտրազանգվածն է դժգոհելու, կարող է փողոց դուրս չգալ, բայց չի վճարելու:
Դրա համար էլ իրենք հետնահանջ արեցին, հատկապես որ հունվարի 31-ին Նիկոլ Փաշինյանը ասուլիս է տալու, եթե նա նահանջ չաներ, ապա ամբողջ լրագրողների հարցն ուղղված էր լինելու տրանսպորտի սակագնի թանկացմանը, ու, փաստորեն, Նիկոլ Փաշինյանը դառնալու էր քաղաքապետի փաստաբանը, ու ստացվելու էր այնպես, որ ամբողջ ասուլիսը նվիրելու էր քաղաքապետին պաշտպանելուն:
Հիմա նա կարող է հանդես գալ որպես բարեգործ, ասել՝ տեսեք, ժողովրդին լսեցինք, 300 դրամը դարձրինք 150 և այլն, առանց հաշվի առնելու այն, որ այդ սարքերը, որոնցից պետք է կտրոնը գնես, 150 դրամ չեն վերցնում, այսինքն՝ ասում են 150 դրամ, բայց դու պետք է 300 դրամ վճարես, որ երկու հատ գնես, այսինքն՝ այստեղ էլ խաբեցին: Բայց հասարակությունը չի վճարելու, տասնամյակներով մի զգալի մասի սովորեցրել են, որ ընտրությունների ժամանակ 10 հազար դրամ էին բաժանում, որ գումարը սրբություն է, դրա համար էլ մեր հանրության զգալի մասի համար ինչ ուզում ես արա, միայն իր գրպանին մի կպիր:
Տրանսպորտի սակագնի բարձրացումն ուղիղ հարվածում է իրենց ընտրազանգվածի գրպանին, իհարկե սա չի նշանակում, որ մյուսները դրանից գոհ են, մյուսները ևս դժգոհ են, հատկապես երբ կար դիմադրություն, իսկ դա բերում էր այդ դիմադրություն կազմակերպողների, մասնավորապես, նախկին քաղաքապետի ու
«Մայր Հայաստան» դաշինքի վարկանիշի աճին: Այս մի քանի հանգամանքները հաշվի առնելով՝ կտրուկ իջեցրին, որ ցույց տան, թե ինչ-որ զիջման են գնում, բայց էլի չի լինելու, 100 դրամից ավելի չեն վճարելու:
– Իշխանությունը ընդդիմության վարկանիշի բարձրացման վախից ելնելո՞վ էր նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի դեմ համացանցային արշավ սկսել:
– Բնականաբար, որովհետև նա բոյկոտի կազմակերպիչներից մեկն էր, ու նրա վարկանիշը բարձրանում էր, ու հենց իրենց ընտրազանգվածի մի մասը, քաղաքի մասշտաբով տատանվող հատվածը կարող էր գնալ նախկին քաղաքապետի մոտ:
– Կարո՞ղ ենք ասել, որ այս գործողություններով պայմանավորված՝ այս իշխանությունը խուճապի մեջ է, պարո՛ն Բադալյան:
– Չէ՛, խուճապի մեջ չէ, ուղղակի սխալ հաշվարկ էր արել, չէր հաշվարկել, որ հասարակությունը 100 դրամի համար պատրաստ է կոկորդ կրծելու: Ամենհարցում կարելի է զիջել, բայց ոչ գրպանի:
– Հաշվի առնելով այս ամենը, հարկային քաղաքականությունը, հայտարարագիր ներկայացնելը՝ հնարավոր բունտի նախադրյալներ տեսնո՞ւմ եք:
– Դա ևս դժգոհություն է առաջացնելու, 150 դրամն էլ չի լինելու, որովհետև մարդիկ ասում են, որ 100 դրամից ավելի չեն վճարելու, հետևաբար տրանսպորտի թանկացման հարցը չի ավարտվել:
Ինչ վերաբերում է բուն հարցին, նույն բողոքն էլ այդ դեպքում է լինելու, մարդիկ դարձյալ չեն վճարելու, որովհետև մարդկանց մոտ դժգոհություն կա՝ փոխանակ այս իշխանությունը նախկինների թալանածը հետ բերեր, իրենց բաժաներ, հակառակը՝ թալանածն իրենց է պահել, մի բան էլ ուզում է իրենց թալանել:
Նույն տրանսպորտի սակագնի մասով, հիմա մարդիկ ավելի են բորբոքվել, որովհետև եթե հիմա 150 դրամ են ասում, իսկ առաջ ասում էին 300-ից ցածր հնարավոր չէ, մարդիկ ասում են՝ փաստորեն ուզում էիք մեզանից 150-ը գողանալ, բա եթե կարելի էր 150-ով անել, ինչի՞ էիք 300 սահմանել:
– Եթե իշխանությունն այս հարցերում հետքայլ չանի՝ ընդվզում կլինի՞:
– Պասիվ ընդվզում, դուրս չեն գալու փողոց փակեն, ուղղակի չեն անի այդ գործողությունը, կնստեն տրանսպորտ, 100 դրամ կվճարեն կամ չեն էլ վճարի, եթե հետքայլ չլինի:
– Պարո՛ն Բադալյան, կարծում եք, որ սոցիալական հիմքի վրա հասարակությունը այս իշխանությունից ազատվելու փորձ չի՞ անի:
– Չէ՛, նայած ինչ կարգի թանկացում կլինի, եթե չափից շատ լինի՝ հնարավոր է, բայց տրանսպորտի հետ կապված՝ չէ, կլինի պասիվ պայքար, ուղղակի չեն վճարելու, հո բոլորին չեն տուգանելու: Իսկ դա բերելու է ընդհանուր տնտեսության անկման, դրա համար պետք է հետքայլի գնան:
– Փողոց դուրս չեն գալիս, որովհետև առաջնո՞րդ չեն տեսնում, թե՞ այլ խնդիր կա:
– Չէ՛, փողոց դուրս գալով ոչինչ չի լինի, որովհետև 2018-ին հո փողոցով չեղավ իշխանափոխությունը, նախօրոք պայմանավորված իշխանահանձնում էր, փողոցն ընդամենը թատերական դիզայնի դերակատարություն ունեցավ: Իսկ մարդիկ դա արդեն հասկացել են, երթեր, ցույցեր կանեն, բայց փողոց դուրս կգան այն ժամանակ, երբ վստահ լինեն, որ դա արդյունք կտա, երբ տեսնեն, որ իշխանությունն արդեն տապալվել է, բայց հիմա դուրս չեն գա:
MediaLab.am

















