«Փուչիկների գործով» դատապարտվածի կնոջ հարցազրույցը, ըստ իրավապաշտպանների, փոխում է գործի ընթացքը. «Պետք է նոր քննություն իրականացնել»

«Փուչիկների գործով» դատապարտվածի կնոջ հարցազրույցը, ըստ իրավապաշտպանների, փոխում է գործի ընթացքը. «Պետք է նոր քննություն իրականացնել»
«Փուչիկների գործով» դատապարտվածի կնոջ հարցազրույցը, ըստ իրավապաշտպանների, փոխում է գործի ընթացքը. «Պետք է նոր քննություն իրականացնել»

«Փուչիկների գործով» միակ մեղավորի` մեկ տարի ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանի կնոջ հարցազրույցը, ըստ իրավապաշտպաների, փոխում է գործի ընթացքը:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշում է, որ հարցազրույցը, ուր կինը նոր մանրամասներ է հաղորդում տեղի ունեցածի մասին, դատախազության համար բավարար հիմք է դատարան միջնորդագիր ներկայացնելու և գործի նոր քննություն իրականացնելու:
«Բոզոյանի կնոջ հայտարարությունը միջնորդագիր ներկայացնելու բավարար հիմք է, այս հարցը պետք է բազմակողմանի և օբյեկտիվ ուսումնասիրվի: Պատվիրատուն նույնպես պետք է պատասխանատվություն կրի, քանի որ ակնհայտ տեղեկացված է եղել»,- «Մեդիալաբին» ասում է Սաքունցը:
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին ԱԺ ընտրություններին ՀՀԿ եզրափակիչ նախընտրական հանրահավաքի ժամանակ այրվել և պայթել էին երիտասարդների ձեռքում գտնվող հազարավոր փուչիկներ, որոնք լիցքավորված են եղել ոչ թե հելիումով, այլ մեթանով:
Պաշտոնական տվյալներով` առնվազն 155 մարդ տարբեր այրվածքներով տեղափոխվել էր Երևանի բուժհաստատություններ:

Դեպքի առնչությամբ մեղադրանք էր առաջադրվել միայն փուչիկները լիցքավորողին` Սերոբ Բոզոյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը) 2-րդ մասով (նույն արարքը, որն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը): Եվ երկու անչափահաս երեխայի հայր Սերոբ Բոզոյանը, ով քաղցկեղով հիվանդ է, ազատազրկվել է 1 տարի ժամկետով:

«168 ժամ»-ին տված հարցազրույցում Բոզոյանի կինը՝ Մարինե Բոզոյանը, նշել է, որ ամուսնու 10 տարվա աշխատանքի ընթացքում նման դեպք երբեք չի եղել: Սակայն այդ օրը Կարեն անունով մեկը (ենթադրաբար` երիտասարդներին` մեթանով լիցքավորված 7000 փուչիկներով հրապարակ ուղեկցող ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանը, որի հետ էլ շատերը կապում են դժբախտ պատահարը) «ստիպել» է, որ փուչիկները մեթանով լիցքավորեն, քանի որ հելիումը թանկ է:

«Ինքը (ամուսինը.- խմբ.) սկզբից ասել ա, որ էս գազով` հելիումով պիտի փչվի, պիտի 2 մետր բարձրություն ունենա, որ վթար չլինի»,- ասել է Բոզոյանի կինը: Իսկ լրագրողի այն հարցին, թե պատվիրատուն ցանկացե՞լ է, որ Ս.Բոզոյանը մեթանով լիցքավորի փուչիկները, Մ. Բոզոյանը պատասխանել է. «Այո, որպեսզի գումարը քիչ լինի, որովհետև հելիումովը թանկ է»:

Հիշեցնենք, որ Սերոբ Բոզոյանին հոկտեմբերի 17-ին ազատազրկման դատապարտելուց հետո «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում կատարելով` Կարեն Ավագյանը նշել է, որ ինքը կապ չունի տեղի ունեցածի հետ:

«Ես ընդհանրապես կապ չեմ ունեցել այդ միջոցառման կազմակերպչական աշխատանքների և փուչիկների պատվիրման ու ձեռքբերման գործընթացի հետ։ Թե ինչի համար են իրենք կապ փնտրում, թողնենք իրենց խղճին»,- գրել է նա։

«Մեդիալաբի» հարցին ի պատասխան, թե ինչպես է մեկնաբանում Բոզոյանի կնոջ խոսքերը, Կարեն Ավագյանը հայտարարել է, որ «Փուչիկների» հետ կապված ոչ մի հարցի չի ցանկանում պատասխանել, քանի որ «բոլոր հարցերի պատասխանը պարզ է»:

Սակայն, ի տարբերություն ՀՀԿ-ական պատգամավորի, իրավապաշտպանները պնդում են, որ շատ հարցեր անպատասխան են մնացել:

Ըստ իրավապաշտպանների` միայն մեկ մարդու` Բոզոյանի վրա տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը բարդելն ուղղակի հանցագործությունը կոծկել է, հատկապես այն դեպքում, երբ խոսքը հարյուրից ավելի մարդկանց առողջությանը հասցված վնասի մասին է:

«Եթե պատվիրատուն նույնպես տեղյակ էր, որ փուչիկները լցված են եղել մեթանով, ապա ինչո՞ւ պետք է միայն պատվեր կատարողը պատժվի: Եվ մյուս մեղավորներին չպատժելու համար է, որ նման մեղմ պատժամիջոց է սահմանվել միայն փուչիկները լիցքավորող անձի համար: Այդքան երիտասարդների դժբախտությունից հետո պետք է խիստ պատժվեին և պատվիրատուն, և պատվերը կատարողը»,- «Մեդիալաբին» օրեր առաջ ասել էր Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Սակայն, Արթուր Սաքունցի համոզմամբ` այս դեպքում քննչական մարմինը մի շարք հանգամանքներ կանխամտածված անտեսել է:

«Իմ խորին համոզմամբ` քննչական մարմինը չի անդրադարձել անգամ, թե ով է եղել պատվիրատուն, ով է վճարել, չի անդրադարձել նաև կուսակցության կողմից ֆինանսական միջոցների օգտագործման օրինականությանը և կանխամտածված լռության է մատնել այն բոլոր հանգամանքները, որոնք ուղղակիորեն կապված են իշխող կուսակցության հետ»,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը:

 

© Medialab.am