«Հետաքրքիր է՝ ի՞նչ պիտի գրեն դիմումի մեջ, այս պարտությունը չի բավարարում, ուզում են ՍԴ-ո՞ւմ էլ պարտվել»․ Էդուարդ Զորիկյանը՝ Քոչարյանի դաշինքի մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է երգիչ, երգահան Էդուարդ Զորիկյանը 

– Պարո՛ն Զորիկյան, ընտրության նման արդյունքները սպասելի՞ էին, թե՞ անակնկալ ձեզ համար։

– «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակը տեսանելի էր, ոչ մի կասկած չէր առաջացնում։ Ես ներքին ցանկություն ունեի, որ ԱԺ անցնեին նաև եվրոպամետ ուժեր։ Բայց շատ ուրախ եմ, որ վարչապետը դիմել է հանդիպումներ անցկացնելու և ապագա անելիքներն ի մի բերելու կոչով, և մի շարք կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպել է։ Սա շատ դրական է։

Իսկ Քոչարյանն իրեն չի պատկերացնում Ազգային ժողովում, պատգամավոր ընտրվելով՝ ներկայացնում ես ժողովրդին, ասում է՝ ես ինձ չեմ տեսնում խորհրդարանում, այսինքն՝ չեմ կարող ներկայացնել ժողովրդին։ 

Ասում ա՝ ես ինձ տեսնում եմ վերևներում, որտեղ կարող եմ ինչ-որ գործեր անել։ Էս ամեն ինչի հետ մեկտեղ ասում է՝ Նիկոլը չի հաղթել, ոչ թե ընտրել են Նիկոլին, այլ մերժել են անցյալը, պարադոքսալ է։ 

Մարդիկ, որոնք պարտվել են, ասում են՝ մեզ մերժել են ընտրել, բայց մենք շարունակելու ենք պայքարը և ցունամի ենք անելու ԱԺ-ում և փողոցում։ 

Հուսով եմ՝ էս աբսուրդի թատրոնը կավարտվի, ի վերջո, բոլոր էն ուժերը, որոնք պատրաստ են աշխատելու հանուն Հայաստանի Հանրապետության, կլծվեն գործի։  

– Իսկ նոր խորհրդարանի աշխատանքն ինչպե՞ս եք պատկերացնում։ Որքանո՞վ արդյունավետ կլինի երեք հակընդդեմ ուժերի համատեղ աշխատանքը ներքին և արտաքին մարտահրավերներին դիմակայելու հարցում։

– Ես չգիտեմ, նրանք դեռ հայտարարություն էլ չեն արել մանդատ վերցնելու հետ կապված, իրենք էլ չգիտեն, շշկռված են։

– Պատերազմում պարտություն կրելուց, այդքան զոհերից ու երկրի առջև ծառացած անվտանգության խնդիրներից հետո, միևնույն է՝ մարդիկ հավատացին ընթացիկ իշխանություններին, և մեծ տոկոսով կրկին հաղթեց իշխող ուժը։  Ի՞նչը պայմանավորեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ձայների մեծամասնություն հավաքեց։

– Ընտրություն անել՝ նշանակում է ընտրել մի մարդու, որին վստահում ես։ Բոլորս էլ հասկանում ենք՝ Հայաստանի նման փոքր երկրում, ով էլ իշխանություն կազմի, նույն հարցերը պիտի լուծի՝ անվտանգության, առողջապահության, կրթության։ 

Բայց պետք է ընտրես, ում վստահում ես։ Օրինակ՝ մեկ միլիոն հատկացված է այս դպրոցը կառուցելու համար, ժողովուրդն ասում ա մնացած ուժերին՝ ես չեմ վստահում, դուք էդ դպրոցը չեք կառուցի, կմսխեք, Նիկոլին ասում ա՝ ես վստահում եմ, փողը չես գողանա ու չես թողնի՝ ոչ մեկը գողանա, նույնը՝ ճանապարհները ու մնացած հարցերը։

Շատերն են ուզում իրենց ձեռքը հասնի բյուջեին։ Ովքեր ներկուսակցական հնարավորություններ ունեն, մեծ առումով ժողովրդին կարող են ավելի մատչելի ապացուցել, որ ազնիվ են, լավն են. ո՞նց: Կարող են փոքր տարածքում, օրինակ՝ Աբովյանում, բոլոր ծրագրերը, որ հանրապետական մասշտաբով են բարձրաձայնվում, ստեղծեն այնտեղ, որ երևանցին երազի ապրել Աբովյանում։

Դա ապացուցեն, ժողովուրդը ձեռքերի վրա կբերի կդնի վարչապետի աթոռին։ Եթե այս բանը չի արվում, նշանակում է՝ ուզում են բյուջե ասված դրամի պարկին մոտ լինել, ժողովուրդը վաղուց հասկացել է։
 

– Մինչև ընտրությունները մտավորականները «Հայաստան» դաշինքին սատարելու կոչով հանդես եկան։ Սա ինչպե՞ս կմեկնաբանեք։

– Ընտրությունները նրա համար են, որ մարդիկ հավաքվում են ինչ-որ անձի շուրջ, փաստն այն է, որ մարդիկ ինչ-որ քայլ արեցին, ինչքան ճիգ գործադրեցին և պարտվեցին, ուրիշ բան չունեմ ասելու։

– «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները մտադիր են ՍԴ դիմել, նշում են՝ եղել են զանգվածային խախտումներ, ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունը։

– Ինձ հետաքրքիր է՝ ի՞նչ պիտի գրեն դիմումի մեջ։ Այս պարտությունը իրենց չի բավարարում, ուզում են ՍԴ-ո՞ւմ էլ պարտվել։ Վարչապետը բոլոր հնարավորությունները տվեց, ասեց՝ եթե կարող եք, որ ժողովուրդը ձեզ  ընտրի, ես կգնամ, չէ՞ որ ամբողջ հանրապետությունում իրենց պաստառներն էին, բայց պարտվեցին։

– Ընտրություններից հետո ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստանի ապագան։ Ի՞նչ առաջնային քայլեր պետք է իրականացնեն իշխող ուժը և ընդդիմադիրները։

– Բոլոր ընտրություններից հետո իմ միակ ցանկությունը եղել է այն, որ տրված խոստումները կատարվեն։ Ի դեպ, հետագայում վերընտրվելու միակ գրավականը հենց դա է, սա ժողովուրդ-իշխանություն փոխշահավետ գործողություն է, երբ դու խոստում ես տալիս, ժողովուրդը վստահության քվե է տալիս, դու քո խոստումը կատարում ես։

Իսկ եթե քո խնդիրը՝ ձեռքը մեկնել դրամի պարկին, հետո ամեն ինչ վերածել դղյակների, սեփականության տարբեր տիպի, դառնալ Հայաստանի տնտեսության բանկերի, ռեստորանների տերը և այլն, ժողովուրդն ասում է՝ դու պետության գլուխ չես կարող լինել, ժողովուրդը բացահայտ ասեց՝ ում է վստահում։

Ես ցանկանում եմ՝ այն ինքնիշխանությունը, այն վստահության քվեն, որ ժողովուրդը տվել ա, իշխանությունը մինչև վերջ կարողանա օգտագործել։ Եթե դու այդ վստահությունը կիսով չափ օգտագործես, ուրեմն հաջորդ ընտրություններին կհայտնվես պարտվածի դիրքում, վստահությունը պիտի մոտեցնես 100 տոկոսի։

Արփինե Արզումանյան

MediaLab.am