Կառավարությունը մտադիր է կարանտին հայտարարել արտակարգ դրության ավարտից հետո

Հ կառավարությունը մտադիր է Հայաստանում առկա արտակարգ դրության իրավական ռեժիմի ավարտից հետո հայտարարել կարանտին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի սեպտեմբերի 4-ի արտահերթ նիստում ասաց Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը՝ ներկայացնելով արտակարգ դրությունն այլևս չերկարաձգելու հնարավորություն տվող օրենսդրական փաթեթը:

«Օրենսդրական փաթեթը նախաձեռնելու նպատակն այնպիսի գործիքակազմ ապահովելն է, որով, առանց արտակարգ դրության իրավական ռեժիմի, հնարավոր է պայքարել համավարակի դեմ: Եթե օրենսդրական փաթեթն ընդունվի և ուժի մեջ մտնի մինչև սեպտեմբերի 11-ը, ապա կառավարությունն, այո՝ մտադիր է կարանտին հայտարարել և պայքարը շարունակել համաճարակի դեմ, քանի որ այն ավարտված չէ»,- ասաց Գրիգորյանը: