Ժամանակավոր կացարաններում բնակվող ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց թիվը կտրուկ նվազել է․փոխնախարարը մանրամասներ է ներկայացրել

Այսօրվա դրությամբ հյուրանոցներում, հյուրատներում և համայնքային շենքերում բնակվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 1143 անձ։

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում նոյեմբերի 17-ին  կայացած ասուլիսում տեղեկացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ նշելով, որ հոկտեմբերի 5-ի դրությամբ այդ թիվը 10 հազար էր, որի էականորեն կրճատումը նրա դիտարկմամբ պայմանավորված է ֆինանսական աջակցությամբ։

«Սա նշանակում է, որ մարդիկ արձագանքել են այդ հնարավորությանը և փորձում են վարձակալել բնակարաններ, տներ իրենց նախընտրած կամ հնարավոր ավելի հարմար միջավայրում։Անպայման պետք է շեշտադրել, որ մենք դեռևս ունենք ներքին տեղաշարժեր, որովհետև ընտանիքները տեղավորվում էին ըստ հնարավորության և ըստ մեր ուղղորդման, հիմա կա արդեն այդ հնարավորությունը, երբ իրենք են ընտրում իրենց բնակավայրերն ու միավորվում են իրենց հարազատների բարեկամների հետ»,-հավելել է Տերտերյանը։

Նրա խոսքով՝ մոտ ապագայում այդ առումով որոշակի հավասարակշիռ վիճակ կստեղծվի և համայնքային մակարդակում հնարավորություն կլինի գնահատել, թե համայնքային ենթակառուցվածքների ինչպիսի լրացուցիչ կարիքներ են ձևավորվում՝ դրանք գույքագրելու և լուծելու համար։

«Կառավարությունն այսօրվա դրությամբ մարզպետարաններին հատկացրել է շուրջ 3,4 միլիարդ դրամ։ դրանից զատ Սյունիքի մարզպետարանին հատկացվել է 579 միլիոն դրամ։ Այս գումարները նախանշված են մեր հայրենակիցների կեցավայրերի, սննդի, առաջին անհրաժեշտության որոշակի օժանդակությունների իրականացման համար»,-նշել է փոխնախարարը՝ ավելացնելով, որ 83,2 տոկոսով այդ գումարներն արդեն փաստացի ծախսվել են։

«Մենք կշարունակենք հետևել այս գործընթացին և, եթե անհրաժեշտ լինի լրացուցիչ գումարներ, թերևս, կհատկացվեն՝ ըստ հիմնավորվածության ու նպատակահարմարության»,-ասել է Տերտերյանը՝ ընդգծելով, որ համայնքներում շարունակում են ուշադրության կենտրոնում պահել ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքները և համապատասխանորեն դրանք ապահովել։