Ես իշխանությունը փոխանցել եմ Կարեն Կարապետյանին, իսկ «կապիտուլյանտը» չէր կարող լինել իմ պրոյեկտը. Սերժ Սարգսյան

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմնյուզին» տված հարցազրույցում հայտարարել է, որ ինքը 2018-ին հրաժարական է տվել և իշխանությունը փոխանցել է ՀՀ նախկին առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանին:

Անդրադառնալով իր հրաժարականի հայտնի տեքստին, Սարգսյանն ասել է, որ այն խմբագրել է երեք անգամ ու հավելել.

«Ես հրաժարականի տեքստը հրապարակելուց առաջ հրավիրել եմ Կարեն Կարապետյանին, որն այն ժամանակ առաջին փոխվարչապետն էր, ասել եմ՝ Կարեն ջան, հանգուցալուծումը կարող է դրվել իմ հեռանալով, պատրա՞ստ ես արդյոք այս ծանր իրավիճակում պատասխանատվությունը վերցնել քեզ վրա: Նա անմիջապես ասեց՝ այո, ինչը ես գնահատում եմ: Ես նրան նաև ասել եմ, որ կարող ես գնալ մեկուսարան, ասել նրանց, որ ես այսօր հրաժարական եմ տալու, թող նրանք իրավիճակը լիցքաթափեն, քանի որ հաջորդ օրը ապրիլի 24-ն էր: Պայմանավորվեցինք», -նեշլ է Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ այդ ժամանակ խոսքը չի եղել Փաշինյանին իշխանությունը փոխանցելու մասին:

Հարցին, թե հնարավո՞ր է Կարեն Կարապետյանը նրանց այլ բան է ասել, նախկին բարձրաստի-ճան պաշտոնյան բացասական պատասխան է տվել. «Ոչ, ես չեմ կարծում Կարեն Կարապետյանը նրանց այլ բան է ասել: կարապետյանը նրանց ընդամենը ասել է, որ ես հրաժարական եմ տալու»:

Նախկին նախագահը նաև հավելել է.

«Մեզ ասում են՝ ինչու կոշտ միջոցներ չձեռնարկեցիք, երբ ռադիոտունը գրավեցին: Բայց նաև ուզում եմ, որ մարդիկ ինձ հասկանան՝ որևէ նախադրյալ չկար, որ 2018-ի ապրիլին այդ շարժումը կարող էր նման թափ ստանալ»:

Դիտարկմանը, թե կա տարածված տեսակետ, որ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի պրոյեկտն է, նախկին նախագահը ի պատասխան նկատել է, որ «կապիտուլյանտին» (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին-խմբ.) իր կյանքում տեսել է ընդամենը երեք անգամ: «Ֆիզիկապես այդ մարդուն ես տեսել եմ երեք անգամ, միջնորդավորված խոսակցություն էլ չի եղել: Զավեշտ է, որ նա իմ նախագիծն է, ես նման նախագիծ չէի ցանկանա իմ թշնամուն: Կապիտուլյանտը իմ նախագիծը չէ», -ընդգծել է նա: