Վերիշեն գյուղում կատարված սպանության փորձը բացահայտվել է

Ապրիլի 7-ին, ժամը 02.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Վերիշեն գյուղի 36-ամյա մի բնակիչ։ Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չի եղել բացատրությաւն տալու:

Նույն օրը Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի (Սպանության փորձը) 1-ին մասի հատկանիշներով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Սյունիքի մարզային վարչության, Գորիսի բաժնի և Գորիսի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն գյուղի 30-ամյա բնակիչը ապրիլի 7-ին, ժամը 00.15-ի սահմաններում, տուժածի տան ննջասենյակում սուր-կտրող-ծակող գործիքով խփել է նրա կրծքավանդակին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածք։

30-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ՁՊՎ:
Կատարվում է նախաքննություն:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։