«Դա խոսքի ազատություն չի, լկտիություն է, որի համար պետք է պատասխան տալ, եթե նրանք դա անում են փողի համար, այո՛, փողը լռեցնելու է». Ալեն Սիմոնյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը

– Պարո՛ն Սիմոնյան, ձեր ներկայացրած նախագիծը, որով առաջարկում եք վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափը հնգապատկել, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն։ 

Արդյոք սա այն գումարի չա՞փն է, որը հետ է պահելու տարբեր խմբերի, որոնց նպատակը հենց զրպարտությունն ու սուտը, մանիպուլյացիա տարածելն է։ Որքանո՞վ է այն առհասարակ զսպաշապիկ լինելու։

– Կարծում եմ՝ բավականին ազդեցիկ կլինի։ Մարդիկ, անհատներ քաղաքական որոշ շրջանակների հետ աշխատում են աշխատավարձային տրամաբանության մեջ և վարկաբեկում են իշխանական ներկայացուցիչներին, հասարակ ընթերցողներին են մոլորության մեջ գցում։ 

Եվ այդ հարաբերությունների մեջ իրենք որևիցե տեղ պատասխանատվություն չեն կրում իրենց արածի համար։ Եվ իրենց համար շատ դժվար է լինելու պոտենցիալ պատվիրատուին երկու անգամ գնալ ասել՝ գիտես ինչ, այս գումարի հետ կապված երկու հայց են ներկայացրել իմ դեմ, և դատարանը բավարարել է այդ հայցը։ 

Եվ դա բավականին թանկ հաճույք կլինի պատվերների պարագայում, իսկ մենք գիտենք, որ այսօր, այնուամենայնիվ, պատվերներ և քաղաքական շահ հետապնդող նման գործողություններ, որոնք պարունակում են թե՛ վիրավորանք, թե՛ զրպարտություն, շատ ու շատ են։

Արդեն իսկ հնչում են տեսակետներ, որ եթե մարդու նպատակը հենց մանիպուլյացիա, զրպարտություն տարածելն է, ապա ինքը որևէ խնդրի առաջ չի կանգնի, և այս նախագիծը որևէ կերպ մեծ ազդեցություն և զսպաշապիկ չի կարող լինել։ Համամի՞տ եք։

– Եթե ազդեցություն չի ունենա, ապա ինչո՞ւ ենք մենք արդեն երկու օր դրա մասին խոսում։ Ես այս պահին ունեմ տարբեր անհատների և ձևական ԶԼՄ-ների դեմ ներկայացրած առնվազն 6 հայտ, որոնք շատ դժվար է եղել իրականացնել, որովհետև մի տեղ նույնիսկ իրավաբանական անձ չկա, պատասխանող է շատ դժվար գտնել։ 

Բայց եթե կարողանում ես, այսպես ասած, գտնել այդ հասցեատիրոջը, այն մարդուն, ով այդ վիրավորանքը կամ զրպարտությունը տարածում է, դա բավականին ազդեցիկ գործիք է լինելու։ 

Այսօր նման շատ գործիչներ, որոնք հայտնի են ոչ թե քաղաքական վերլուծություններով, քաղաքական անցած ճանապարհով, այլ, օրինակ՝ ուղիղ եթերում սեռական բնույթի հայհոյանք հնչեցնելով, սպառնալիք հնչեցնելով, զրպարտություն տարածելով, արդեն իրենց շատերին այսօրվա գործող չափը արդեն իսկ հետ է պահում։ 

Իսկ մեծացնելով՝ ես կարծում եմ, որ, այնուամենայնիվ, ազդեցություն կունենա։ Եվ, ի վերջո, մի կարևոր բան. այս դիսկուրսը, որ հիմա մենք ծավալել ենք օրենքը դեռ չընդունած, արդեն իսկ դրական է, որովհետև մենք, բոլորը տեսնում են, որ խնդիրը կա։ 

Հիմա քննարկում են՝ արդյոք դա բավարա՞ր կլինի, զսպաշապի՞կ կլինի, չի՞ լինի։ Խնդիրը կա, և սա աշխարհով հայտնի մեխանիզմներից մեկն է։ Սա նոր բան չէ ո՛չ հայկական իրականության մեջ, ո՛չ որևիցե երկրի իրականության մեջ։

– Կարծում եք՝ հանուն այդ փողի լռելո՞ւ են։ Այսինքն՝ փողը լռեցնող գործի՞ք է լինելու այստեղ։

– Եթե նրանք դա անում են փողի համար, այո՛, փողը լռեցնելու է, որովհետև նրանք ստանում են պայմանական 100 հազար, 500 հազար դրամ, բայց եթե անցնում են թույլատրելիի սահմանը, այն է՝զրպարտում են, վիրավորանք են հասցնում, իհարկե լինելու է, որտեղի՞ց են այդ գումարը տալու։ 

Եվ, այո՛, հավատացեք, որ դա ազդեցություն ունենալու է և բավականին մեծ ազդեցություն է ունենալու։ Հանձնաժողովում անգամ խոսվում էր այն մասին, որ վիրավորանքը ապաքրեականացնելը ժամանակավրեպ էր։

Այսինքն՝ հնարավոր է նաև այս մասո՞վ փոփոխություն։

– Համենայնդեպս, կարծում եմ, որ այդ մասով այն, ինչ կա այսօր, բավարար է: Օրինակ՝ վիրավորանքը հանրային վայրում հնչեցնելը նաև խուլիգանության տարրեր է պարունակում: 

Հիմա խոսում են խոսքի իրավունքի, լրագրողների, լրատվամիջոցների ազատության մասին: Բայց որևէ մեկը չի խոսում քաղաքական գործիչների, հայտնի մարդկանց, երգիչ-երգչուհիների պաշտպանվածության մասին: Հիմա երբ ինձ կամ որևէ հայտնի մարդու վիրավորում են, մենք փաստացի կանգնած ենք մի իրավիճակի առջև, որ որևէ բան անել չի լինում: 

Եթե ի պատասխան դու էլ ես վիրավորում, դու հայտնի մարդ ես, խուլիգան ես դառնում: Ֆիզիկական բռնության դիմել չի կարելի, դա անընդունելի է: 

Այդ առումով քաղաքացին անպաշտպան է, և դրանից այսօր օգտվում են շատ ու շատ մարդիկ, ու դա լկտիության է վերածվել: Երկրի ղեկավարի հասցեին, երկրի հոգևոր առաջնորդի հասցեին, հանրային կշիռ ունեցող մարդկանց, մշակույթի գործիչների հասցեին, ով ում պատահի, ինչպես ուզում, վիրավորում է: Ով ում մասին ինչ ուզում՝ ասում է: Երբ ասում ես՝ չի կարելի, դու դրա համար պատժվելու ես և պետք է փոխհատուցես, սկսում են ասել՝ ո՞նց կլինի, դա խոսքի ազատության սահմանափակում է: Դա խոսքի ազատություն չէ, դա լկտիություն է, որի համար պետք է պատասխան տաս:

– Շատերը նշում են, որ ոչ թե պետք է տուգանքները մեծացնել, այլ շատ ավելի կարևոր է մեդիադաշտը կարգավորել, որպեսզի ամեն մեկը չկարողանա իրեն մեդիա հռչակել և ինչ ասես գրել։ Ինչպե՞ս եք գնահատում նման մոտեցումը:

– Ես համաձայն եմ, բայց համացանցը իրավիճակ է փոխել: Օրինակ՝ իմ Ֆեյսբուքի էջը ինքնին մի ամբողջական մեդիա է: Ես կարող եմ մեդիա չգրանցել, բայց իմ հետևորդների թվով կարող եմ ցանկացած նյութ տարածել, դա ամբողջ աշխարհը չի կարողանում կարգավորել: 

Նույնիսկ գոյություն ունեն ֆեյքեր, որոնք ինչ-որ պահի հայտնվում, անհետանում են, իսկ նրանց գրածները լայն տարածում են գտնում: Նույնիսկ գոյություն ունի մեդիա, որը կեղծանուններով էջեր է բացում և գրում, որ Ալեն Սիմոնյանը 1 մլն դոլարով շուն է գնել, և մյուս լրատվամիջոցները իբր արտատպում են, որ էսինչը սենց բան է գրել:

Ու հենց մտնում ես որ կարգավորես, ավելի են շատանում խոսակցությունները, թե գրաքննություն է սահմանվում, խոսքի ազատությունն է սահմանափակվում և այլն: 

Իսկ եթե լրագրողական շրջանակները, խմբագիրները նմանատիպ առաջարկ են անում, ես փոխադարձ առաջարկ եմ անում. թող, ասենք, առնվազն 3-4 լրագրողով, խմբագրով հավաքվեն և մի առաջարկ ներկայացնեն: 

Ինչու եմ սա ասում, որովհետև վստահ եմ, որ նրանք դա չեն կարողանալու անել: Այսօր մեդիա դաշտում այն գումարները, որոնք նախկին քաղաքական շրջանակները առաջ են մղում իրենց քաղաքական շահերի համար, անձնական անվտանգությունը սպասարկելու համար, փչացնում են ոչ միայն ընդդիմության դաշտը՝ այն լցնելով մոլախոտով, այլև լրատվական դաշտը: 

Հեղափոխությունից հետո բավականին մեծ հետևորդներ ունեցող կայքեր սեփականատեր փոխեցին: Դա տեղի ունեցավ, որպեսզի լրատվամիջոցը սպասարկի նոր սեփականատերերի քաղաքական շահը: Ես դեմ չեմ, կարող է այդպես լինել, այդտեղ օրենքի խախտում չկա, բայց պետք չէ օրվա մեջ լինել լրատվամիջոց՝ լրագրող բարձր կոչումով, իսկ երեկոյան դառնալ վարձու քիլլեր մեդիա դաշտում: Այս ամենի մասին պետք է բաց խոսել:

– «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մեջ էլ կան մարդիկ, որոնք նշում են, որ զրպարտության և վիրավորանքի դեպքում փոխհատուցման չափը զսպաշապիկ չի կարող լինել, լրատվական դաշտում առկա խնդիրները չի կարող լուծել: Այս մասով ի՞նչ կասեք:

– Դրա համար մենք գալու ենք քննարկման ԱԺ լիագումար նիստերին, կլսենք կարծիքները, կքննարկենք դրանք: Բայց նույն տրամաբանությամբ կարելի է ասել, որ, օրինակ՝ մարդուն սպանության կամ գողության համար ազատազրկելը չի կարող զսպաշապիկ լինել, որովհետև այդ ազատազրկումը միշտ էլ կա, բայց սպանությունն ու գողությունը տեղի են ունենում: 

Դա ոչ միայն պատիժ է, այլ նաև փոխհատուցում է: Օրինակ՝ մի հայտնի անձի վարկաբեկել են, ինքն այդ փոխհատուցման գումարը ծախսի իր հետ կապված այդ սուտը մարդկանց ուղեղներից, թեմաներից դուրս բերելու համար: Օրինակ՝ տեսահոլովակ նկարի ու բացատրի, որ դա այդպես չէ, քարոզարշավ անցկացնի: 

Ենթադրենք իմ մասին՝ որպես քաղաքական գործչի ամեն օր մի սուտ կամ վիրավորանք են գրում: Ընտրություններից առաջ ինձ գումար է պետք լինելու նաև այդ ստերը հերքելու, դրանց արձագանքելու համար: Ես այդ գումարը, օրինակ՝ կարող եմ ուղղել երեք հոլովակ նկարելուն, որտեղ կպատմեմ, որ իմ մասին տարածված լուրերը սուտ են:

– Օրինակ՝ Լևոն Բարսեղյանը ևս անդրադարձել է այս նախագծին՝ասելով՝ դատարանները կարգի բերեք, դատավորներին զտեք, և փոխհատուցման գումարն էական չի լինի:

– Նույնիսկ այն երկրներում, որտեղ դատավորները Լևոն Բարսեղյանի նշած զտված, ազնիվ չափանիշներով դատավորներ են, այս օրենքները գոյություն ունեն: Չի կարելի, օրինակ՝ սուտ ասել որևէ քաղաքական կամ հանրային գործչի մասին: Ի՞նչ է նշանակում, որ ինչ գործ բռնում ես, գալիս ասում են՝ բա էս մի գործը խի՞ չեք անում: 

Իսկ ո՞վ է ասում, թե ո՛րն է առաջինը, ո՞վ է ասում, որ դատարանների զտման գործի մեջ զրպարտությունը տեղ չունի: Քի՞չ դեպքեր կարող են լինել, որ դատավորին զրպարտում են, ինքն իրականում լավ դատավոր է, բայց նրան զրպարտում են: 

Բա այդ դեպքում ի՞նչ ենք անելու: Սիրողական, ակտիվիստական այդ մոտեցումը, ես ընդունում եմ, որ կարող է գոյություն ունենալ, բայց դրան պատասխան կա: Կարծում եմ՝ պետք է մշտապես լավ ինֆորմացված լինել հայտարարություններ անելուց առաջ: 

– Այս նախագիծը ոչ միայն պաշտոնյաների, այլև բոլորի համա՞ր է:

– Դե, օրենքը բոլորի համար է, ինձ էլ է վերաբերելու: Եթե, օրինակ՝ ես անարդարացի ինչ-որ մեկի մասին ինչ-որ տեղեկություն տամ, կարող են դիմել դատարան և ինձնից 5 մլն դրամ պահանջել, եթե այս օրենքն ընդունվի:

Մենք նույնիսկ խորհրդարանում իրար մեղադրում ենք, ասում ենք՝ դու էսինչ մարդու հետ ես համագործակցում: Ես ինքս եմ մեր տարբեր գործընկերներին տարբեր բաների մեջ մեղադրել: Կարելի է և այդ ձևով ինձ դատի տալ: Օրենքը բոլորի համար է, և բոլորը հավասար են: 

Մանե Հարությունյան

MediaLab.am