«Ամսի 5-ի հանրահավաքը շատ ավելի գոյաբանական է, իհարկե «Պատիվ ունեմ»-ը կմասնակցի»․ Հայկ Մամիջանյան

Լուսանկարը՝ Ազգային ժողովի

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը

Պարո՛ն Մամիջանյան, նոյեմբերի 5-ին «Դիմադրություն» շարժումը Ֆրանսիայի հրապարակում հրավիրում է համահայկական հանրահավաք՝ ի պաշտպանություն հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաքի ժամանակ հնչած հայտարարություններին։ Ինչպե՞ս եք գնահատում նախաձեռնությունը, ու ձեր խմբակցությունը մասնակցելո՞ւ է հանրահավաքին։

– Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որը պատասխանատվություն է կրում «Պատիվ ունեմ» խմբակցության համար, բազմիցս հայտարարել է, ու ես ևս մեկ անգամ վերահաստատում եմ, որ ցանկացած իրական ընդդիմադիր գործընթաց մենք ողջունում ենք և ուժերի ներածին չափ աջակցում։ Նոյեմբերի 5-ի հանրահավաքին, իհարկե, մասնակցելու ենք։

Դուք ընդգծեցիք «իրական ընդդիմադիր գործընթաց» լինելու հանգամանքը, բայց որոշ շրջանակներ, հասարակության մի մասը ևս նշում են, որ այնքան էլ իրական ընդդիմադիր գործընթացներ չեն, հակառակ դեպքում շոշափելի արդյունքը տեսանելի կլիներ։

– Հետաքրքիր նկատառում եք անում։ Թույլ տվեք այսպես պատասխանել․ ամսի 5-ի հանրահավաքը քաղաքական որակելը շատ բարդ է, այն շատ ավելի գոյաբանական է։ Արցախի ժողովուրդն անցյալ կիրակի հստակ արտահայտեց իր մոտեցումները բազմահազարանոց հանրահավաքով, ու ես կարծում եմ, որ Մայր Հայաստանը պետք է սատար կանգնի, եթե իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից, ապա մեր ժողովուրդը իր կամարտահայտությամբ շաբաթ օրվա հանրահավաքին պետք է հակառակը ցույց տա։ Որևէ պաշտոնյա իր ճղճիմ աթոռի պահպանման նպատակներով չի կարող անգամ համեմատվել Արցախի գոյության նվիրական խնդրի հետ։

Ինչ վերաբերում է ձեր նշածներին, ես երբեք չեմ թիրախավորել մեր հասարակության որևէ շրջանակի՝ անկախ նրանց գնահատականներից ընդդիմադիր այս կամ այն գործողության վերաբերյալ, կարող եմ ասել հետևյալը․ այն ամենը, ինչ հնարավոր է ու դրանից էլ մի փոքր ավելի, մենք պետք է անենք Արցախը պահպանելու ու Արցախի հայության ինքնորոշման իրավունքի առնվազն հույս պահպանելու համար։ Իհարկե եղել են սխալներ, բայց չեն սխալվում միայն նրանք, ովքեր ոչինչ չեն անում։

– Իսկ այդ սխալներից դասեր քաղվե՞լ են։

– Այդ սխալներից ընդդիմությունը հետևություններ արել է։ Բնականաբար, այդ սխալների մասին բարձրաձայն չեմ խոսում ոչ թե այն պատճառով, որ դա խնդիր է, այլ որ դրանք աշխատանքային թերացումներ են, ու փորձում ենք շտկել։

 – Լիահո՞ւյս եք, որ Հայաստանի Հանրապետության բնակիչները կհավաքվեն Ֆրանսիայի հրապարակում՝ հաջակցություն Արցախում ապրող իրենց հայրենակիցների, պարո՛ն Մամիջանյան։

– Նույնիսկ Հայաստանի Հանրապետության գոյությունը կասկածի տակ կդրվի այն օրը, երբ Արցախի պաշտպանության համար Երևանի կենտրոնում հոծ բազմություն չհավաքվի։

Իսկ այդ հանրահավաքները, ձեր ասած հոծ բազմության առկայությունը որքանո՞վ են ազդում գործող իշխանության որոշումների, դիրքորոշումների վրա, եթե իշխանությունը որոշել է հրաժարվել Արցախից, հանրահավաքները նրանց կզսպե՞ն։

– Ես կարծում եմ, որ երբ նպատակն արդար է, ու դու սրտանց հավատում ես քո նպատակին, ապա պարտավոր ես բոլոր գործիքներն օգտագործել, անկախ նրանից, թե իշխանություններն ինչ են մտածում, ինչ մասշտաբի են սարսռում հայ ժողովրդի արդար ընդվզումից, ինչ ոստիկանապետության նոր նորմեր են մշակում։ Եթե նպատակդ արդար է, պարտավոր ես կիրառել խորհրդարանական գործիքակազմից մինչև փողոցային պայքարի գործիքակազմը։

– Հավատո՞ւմ եք, որ այս իշխանությանը փողոցային պայքարով դեռ հնարավոր է հեռացնել, որովհետև նախորդ անգամ չստացվեց։

– Նույնիսկ եթե հարյուր հազար անգամ փորձենք ու չստացվի, հարյուր հազարմեկերորդ անգամ էլ ենք փորձելու, որովհետև նպատակը, ինչպես արդեն ասացի, արդար է։

Պարո՛ն Մամիջանյան, երրորդ նախագահը կմասնակցի՞ հանրահավաքին։

– Այդ հարցը պետք է տաք նախագահի գրասենյակին։

– Դուք տեղեկություն չունե՞ք։

– Ես չասացի՝ տեղեկություն չունեմ, ասացի՝ հարցը տվեք նախագահի գրասենյակին, դրանք տարբեր բաներ են։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am