Հայկական կողմին փոխանցված 106 զինծառայողների մարմիններն անճանաչելի են. ԱԻՊԾ

Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում Ադրբեջանը հայկական կողմին էր փոխանցել ռազմագործողությունների ընթացքում զոհված զինծառայողների ևս 106 աճյուն:

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ Արցախի փրկարարներն ԱԻ պետական ծառայության տնօրեն, գնդապետ Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ, մարմինները վերադարձրել են Ստեփանակերտ: Բոլորն անճանաչելի են: Ենթադրվում է, որ տղաները նախապես հուղարկավորված են եղել և դիերը արտաշիրիմումից հետո փոխանցվել են Վարանդայի (Ֆիզուլի), Հադրութի և Ջրականի (Ջեբրայիլ) շրջաններից:

Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության բյուրոյում է եղել ԱՀ Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը: Նախարարը հավաստիացրել է, որ զոհված կամ անհետ կորած զինծառայողների որոնումների ուղղությամբ ձեռնարկվում է հնարավոր ամեն քայլ՝ նշելով, որ բանակցություններն առաջիկայում ևս կշարունակվեն:

Նա նաև ցավակցություն է հայտնել զոհված զինծառայողների ծնողներին, մաղթել ուժ և համբերություն՝ համազգային ցավին դիմակայելու համար:

Նշվում է, որ հրադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված դիերի ընդհանուր թիվը 1485 է: