«Բանակում սպայական կազմի ողնաշարը ցանկացած երկրում իդեալիստներն են». Արմեն Հովհաննիսյան

2023 թվականի Հայաստանի պետական բյուջեով պաշտպանական ոլորտին ուղղվող ծախսերը 35 տոկոսով ավելանալու են: Այսօր Ազգային ժողովում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ֆինանսների նախարարը հայտարարել է, որ պաշտպանական ոլորտի ծախսերը կազմելու են 506 մլրդ դրամ: Նրա խոսքով՝ դրանք 35 տոկոսով ավելի են լինելու 2022 թվականի ցուցանիշներից և հասնելու են ՀՆԱ-ի 5 տոկոսին:

Բացի այդ, նա նաև տեղեկացրել է, որ 2023-ին պետական կապիտալ ծախսերի ¾-ն ուղղվելու է պաշտպանության ու անվտանգային ենթակառուցվածքների ֆինանսավորմանը։

Քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանն ասում է՝ ստեղծված իրավիճակում անհրաժեշտություն է պաշտպանության ոլորտի ֆինանսավորման աճը, անվտանգությանն ուղղված կապիտալ ծախսերի աճը: Սակայն այդ ու շատ ծրագրեր մասնավոր լուծումներ են, եթե չկա հայեցակարգ՝ ինչպիսին են իշխանությունները պատկերացնում Հայաստանի անվտանգությունը, բանակը, շփման գիծը:

«Վերջապես պետք է ունենալ օրինակելի բանակ, իսկ մեզ նման երկիրը չի կարող օրինակելի բանակ չունենալ. ո՞ր բանակն ենք օրինակելի համարում կամ տեսնում: Վստահ եմ՝ պարոն Պապիկյանը այդ հարցի պատասխան չի կարող տալ: Օրինակ՝ այդքան չարչրկված ելակի թեման, արդյոք դա գլոբալ հարց լուծեց: Հատվածական հարցի լուծում մեզ այսօր պետք չէ: Շատ պարզունակ և մարդկանց հասկանալի լեզվով եթե ասեմ, ապա մեզ անհրաժեշտ է բանակ, որից կվախենա թշնամին: Հարձակվելուց առաջ նա պետք է մտածի՝ արժի՞ արդյոք, թե՞ ոչ»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է Հովհաննիսյանը:

Հարցին, թե ավելացվող գումարով՝ 506 մլրդ դրամ, հնարավո՞ր է նման բանակ ստեղծել, որից կվախենա թշնամին, Հովհաննիսյանն արձագանքում է. «Նման բանակ հնարավոր չէ ստեղծել նույնիսկ դրա հարյուրապատիկ գումարով: Այդ դեպքում պետության ամբողջ հնարավորությունը պետք է ուղղված լինի դաշնակիցներ, այլ հնարավորություններ ու ֆինանսական աղբյուրներ գտնելուն»:

Հովհաննիսյանի խոսքով՝ երկրի անվտանգության ապահովումը գործող կառավարության առաջնային պարտավորությունն է, իսկ դրա համար պետք է հայեցակարգ:

Դիտարկմանը, թե գործող կառավարության տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակի, բազմիցս հայտարարել են, թե այլ բանակ են ստեղծելու սահմանապահներով, պայմանագրային զինծառայողներով, որոնք կստանան բարձր աշխատավարձ, Արմեն Հովհաննիսյանն արձագանքում է.

«Դա կարող է լինել այն դեպքում, երբ Ադրբեջանի ու Հայաստանի միջև հաշտություն կնքվի, երկու կողմի զորքերը հետ քաշվեն: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ մեր իրականությունից դա որքան հեռու է: Ինչպե՞ս կարելի է հարցը քաղաքական, դիվանագիտական հարթակներում դեռ չլուծած՝ խոսել նման հեռանկարի մասին, որը կարող է աշխատել բացառապես հաշտության կնքումից հետո: Օրինակ՝ մեր դիրքերի բետոնապատումը առաջնային խնդիր է, չէ՞, որովհետև մեր իրողությունն այդպիսին է, իսկ այն, ինչ ասում են իրենք, ապագայի լուծելիք հարց է: Իրենց ասածը հայեցակարգ չէ, այլ երազանք՝ լուսավոր ապագայի մասին»:

Խաղաղություն, քաղաքագետի խոսքով, կարող ենք ունենալ միայն այն դեպքում, երբ Հայաստանը վերացնի Ադրբեջանի մոտ ունեցած պատրանքը, թե մեզ կարող է ուժով որևէ բան ստիպել: Այս պարագայում, ըստ Հովհաննիսյանի, հայկական կողմը պետք է այնպես դիրքավորվի, որ Ադրբեջանը հասկանա՝ ուժ գործադրելու սպառնալիքների դիմաց «կկոտրվի նրա ծնոտը»:

Նրա համար ցավալի է՝ Հայաստանի իշխանության բարձր էշելոններում մարդիկ են, որոնք չեն հասկացել այդ ամենը ու դրա պատճառահետևանքային կապը: Չհասկանալու պատճառը պարզ է՝ «Չունեն գիտելիք, չունեն աշխարհայացք»:

«ՔՊ-ի միջին վիճակագրական անդամին բերեն խոշտանգեն, մատների տակ ասեղ մտցնեն, շիկացած երկաթով վառեն, չի կարող բացատրել՝ ինչպիսին են իրենք տեսնում Հայաստանը վաղը: Որովհետև չգիտի, պարզապես չգիտի: ՔՊ-ն հենց այդպիսի ուժ է ստեղծվել, և դա համարել են իրենց առավելությունը: Ըստ նրանց՝ մենք կաղապարված ենք, սահմանափակ ենք, ունենք կարմիր գծեր, բայց իրենք դրանցից ազատ են, դրա համար կարիք չունեն դա իմանալ: Նրանք ամեն օր արթնանում են, ապրում են իրենց 24 ժամով: Դա իրենց աշխարհայացքն է, ու հիմա մեզ կառավարում են այդ սկզբունքներով»,- ասում է Հովհաննիսյանը:

Անդրադառնալով Կառավարության նիստում հոկտեմբերի 27-ին ընդունված «Պաշտպան հայրենյաց» ծրագրին՝ քաղաքագետն ասում է՝ դա նույնպես հատվածական նախաձեռնություն է:

«Բանակը պետք է լինի գրավիչ ոչ միայն այն մարդկանց համար, որոնք աշխատանք չունեն, այլև իդեալիստների համար: Սպայական կազմի ողնաշարը ցանկացած երկրում իդեալիստներն են, որոնք պատկերացում ունեն հայրենիքի, անվտանգության մասին, գիտեն իրենց դերը այս երկրում, հպարտանում են, որ սպա են: Հիմա այս ծրագիրը վախեցնել է նշանակում՝ եթե պայմանագիր ես կնքում, գումար կտանք ու արտոնություններ, եթե փորձես խախտել այմանագիրը, կկտրենք քեզ այդ գումարից: Այսինքն՝ այնպես են անում, որ այնտեղ գան մարդիկ, որոնք ծառայում են ճարահատյալ, քանի որ այլ սոցիալական ելք չունեն: Այդպիսի բանակը ունի ցածր մոտիվացիա, իսկ ցածր մոտիվացիա ունեցող բանակին ոչինչ չի փրկում, ոչ մի տեխնիկա»,- ընդգծում է Արմեն Հովհաննիսյանը:

Իսկ կա՞ն իդեալիստներ հարցին նա արձագանքում է. «Ես ինքս մարդիկ գիտեմ, որ 44-օրյա պատերազմից հետո գիտակցաբար պայմանագիր են կնքել ու բանակ են մտել: Գիտակցաբար, հասկանալով, որ հայրենիքը շատ վատ վիճակում է»:

Նկատենք, որ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պարտադիր ժամկետային ծառայության մեկնած զինծառայողները վեց ամիս ծառայելուց հետո կարող են պայմանագիր կնքել ու 5 տարի ժամկետով անցնել պայմանագրային ծառայության։ Նրանք այդ տարիների ընթացքում պայմանագրային զինծառայողի աշխատավարձ կստանան, հնարավորություն կունենան անցնել ատեստավորում և ստանալ հավելավճարներ։

Հինգ տարին լրանալուց հետո պետությունը նրանց 5 մլն դրամ պատվովճար կտրամադրի, անկախ նրանից՝ պայմանագրային զինծառայողները ցանկանո՞ւմ են շարունակել ծառայությունը, թե՞ ոչ։ «Պաշտպան հայրենյաց» ծրագրից ծառայության որևէ փուլում հրաժարվելու դեպքում զինծառայողները կուղարկվեն 24-ամսյա անվճար ծառայության, այսինքն՝ ամբողջ ծառայությունը զրոյացվում է, և նրանք պարտավոր են օրենքով սահմանված կարգով անցնել երկու տարվա ծառայությունը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am